Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը դիմավորեց վատ ցուցանիշներով

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը դիմավորեց վատ ցուցանիշներով

ԷկոԼուր

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը՝ փետրվարի 4-ը, Հայաստանը դիմավորեց անչափ մտահոգիչ տվյալներով: Պաշտոնապես վերջին 10 տարիների ընթացքում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ: Իսկ «World Life Ecpectancy» կազմակերպության  տվյալներով, որը հրապարակել է քաղցկեղից մահացության տվյալները, Առոջապահության համաշխարհային հիմնադրամին հղում անելով (http://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/all-cancers/by-country/), 172 երկրների շարքում քաղցկեղի տեսակների մեծ մասից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջատար է:

Մահացության ցուցանիշը հաշվարկվում է 100 000 բնակչի հաշվով: Այսպիսով, «Քաղցկեղի բոլոր տեսակները» սյունակում Հայաստանն առաջին տեղում է՝ 229.84 ցուցանիշով: Այնուհետև տրված են ցուցանիշներն ըստ երկրների և հիվանդությունների տարբեր տեսակների:

Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը քաղցկեղի տեսակների մահացության ցուցանիշով. միզապարկի քաղցկեղ՝ 7.92 ցուցանիշով, կրծքի քաղցկեղ՝ 39.96 ցուցանիշով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ՝ 13.88 ցուցանիշով, արգանդի քաղցկեղ՝ 10.00 ցուցանիշով: Այլ տեսակներում Հայաստանը մի փոքր զիջում է առաջատարի դիրքն այլ երկրներին: «Թոքերի քաղցկեղ» կատեգորիայում Հայաստանը երկրորդ տեղում է՝ 48.54 ցուցանիշով, Հունգարիայից հետո, որի ցուցանիշն է 54.26: Հայաստանը երկրորդ տեղում է նաև «Լեյկեմիա» կատեգորիայում՝ 6.67 ցուցանիշով, Իրաքից հետո: Այնուհետև գալիս է ստամոքսի քաղցկեղը: Այստեղ Հայաստանը 6-րդ տեղում է՝ 19.28 ցուցանիշով, ձվարանների քաղցկեղ՝ 8-րդ տեղը՝ 8.41 ցուցանիշով, լյարդի քաղցկեղ՝ 17-րդ տեղը՝ 4.34 ցուցանիշով, մաշկի քաղցկեղ՝ 56-րդ տեղը՝ 1.99 ցուցանիշով, շագանակագեղձի քաղցկեղ՝ 68-րդ տեղը՝ 18.81 ցուցանիշով, կոկորդի քաղցկեղ՝ 74-րդ տեղը՝ 3.46 ցուցանիշով, արգանդի վզիկի քաղցկեղ՝ 83-րդ տեղը՝ 8.01 ցուցանիշով, կերակրափողի քաղցկեղ՝ 107-րդ տեղը՝ 1.91 ցուցանիշով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանը քաղցկեղից մահացության ցուցանիշով 172 երկրների շարքում առաջինն է: Նախարարությունը չի ներկայացնում սեփական հաշվարկներ, թե այդ տխուր ցուցակում Հայաստանը որ տեղն է գրավում, սակայն հայտարարում է տարբեր ծրագրերի մասին եւ այն մասին, որ   բժիշկներին շուտ դիմելու դեպքում մահացությունը  կնվազի: Հասկանալի է, որ կանխարգելման բարձր մակարդակի և անվճար որակավորված հետազոտության դեպքում նման սարսափելի ցուցանիշներ պարզապես հնարավոր չէր ունենալ: Մեր կողմից մենք մեր առողջապահության ոլորտի չինովնկների ուշադրությունն ենք ուզում հրավիրել, որ իրենց հայտարարած քաղաքականությունը՝ օնկոլոգիական հիվանդությունների վաղօրոք հայտնաբերման եւ հետագա բուժման   վերաբերյալ, կառուցված է բժշկական ծառայությունների համար բարձր գների վրա: Պետական պատվերը չի հոգում  այն ծախսերի անգամ ամենափոքր մասը, որոնք պահանջվում են՝ սկսած ամենաառաջին հետազոտությունից:

Նաև հասկանալի է, որ 30 տոկոս աղքատության դեպքում ոչ ոք հետազոտվելու համար գումար չի ծախսի, որը գերազանցում է միջին աշխատավարձի չափը: Գումար ծախսում են միայն բուժվելու համար, ընդ որում այն ժամանակ, երբ վիճակն արդեն անմխիթար է: Հատկապես սարսափելի վիճակում են հայտնվում քաղցկեղով հիվանդները: Նրանք մահանում են՝ օրեր շարունակ գոռալով ցավից: Դա կարող է շարունակվել ամիսներ, բայց մի քանի հարյուր հիվանդներից թմրանյութեր ստանում են միայն մի քանիսը: Մնացածները ստանում են անալգին-դիմեդրոլ կամ տրամադոլ, որը մեկ շաբաթ ընդունելուց հետո անհնար է  խմել՝ փսխելու և ստամոքսի ցավերի պատճառով: Ահա՝ ինչ է թաքնված բերված ցուցանիշների հետևում: Առողջություն բոլորին:

17:59 Փետրվար 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news