Ովքե՞ր են ՀԷՑ-ի գնորդները

Ովքե՞ր են  ՀԷՑ-ի գնորդները

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին» որոշում: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը  հայտ է ներկայացրել  ՀՀ կառավարություն, որով հայտնում է իր մտադրությունը  սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մասին: Գործադիրը այս որոշմամբ հանձնարարեց  շահագրգիռ մարմինների ղեկավարներին` Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն: Բացի այդ, շահագրգիռ  նախարարությունները պետք մշակեն պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները:

Մամուլի հրապարակումների համաձայն` ինչպես «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը, այնպես էլ նոր գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված են օվշորային գոտում:

«Հայկական ժամանակ» օրաթերթը անգամ նշում է գնորդների անունները. « Հայտնի է նույնիսկ, թե ով է դառնալու ՀԵՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԵՑ-ը գնելու է «Տաշիր Գրուպի» հիմնադիր, մոսկվաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է այդ հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաեւ «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:  Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքը ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը:

…«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, բնականաբար, օֆշորում` Կիպրոսի Լառնակա քաղաքում: Ու չնայած ընկերությունը արդեն 5 տարեկան է, սակայն այդ ընթացքում երբեք ոչ մի գործարք որեւէ այլ ընկերության հետ չի կատարել:

… Օրինակ, ՀԷՑ-ի պարագայում այս ընկերությունը հանդես է գալու ընդամենը միջանկյալ սեփականատեր: «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» իբր գնելու է ՀԷՑ-ը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից եւ որոշ ժամանակ անց վերավաճառի արդեն իրական սեփականատիրոջ: Այդ միջանկյալ շրջանում ՀԷՑ-ում որոշակի «լվացումներ» կիրականացվեն, մի քիչ պարտքեր դուրս կգրվեն, մի քիչ վարկեր «կմաքրվեն» եւ այլն, ու մի որոշ ժամանակ անց ի հայտ կգա նոր` իրական սեփականատերը..»,- գրում է թերթը:

Կառավարության անդամները նշում են, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի, եւ որ ՀԷՑ-ում աուդիտը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի կուտակած միլոնավոր պարտքերը թեթևացնելու համար մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը: Վերջին` մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի 6 դրամ 93 լումայով թանկացումից հետո էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41 դրամ 85 լումայի փոխարեն 2015թ-ի օգոստոսի 1-ից կազմեց  48 դրամ 78 լումա, գիշերային սակագինը 32 դրամ 85 լումայի փոխարեն` 38 դրամ 78 լումա:

Սակագնի բարձրացման դեմ հասարակության  բուռն բողոքի արդյունքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ` պարզելու սակագնի բարձրացման հիմնավորված լինելը: Եթե աուդիտի արդյունքում հիմնավորվի սակագնի բարձարցման արդարացված լինելը, ապա սպառողները կվճարեն նոր սակագնով, իսկ մինչ աուդիտի ավարտը ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում սակագնի վրա ավելացած  6 դրամ 93 լումայի վճարումը:

13:25 Սեպտեմբեր 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news