Ակտիվիստ․ «Մեզ շպրտել էին գետնին և նստել մեզ վրա, հարվածում էին մեզ ոտքերով»

Ակտիվիստ․ «Մեզ շպրտել էին գետնին և նստել մեզ վրա, հարվածում էին մեզ ոտքերով»

ԷկոԼուր

Մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ հասցնելով հերթական ծանր հարվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանին: Հունիսի 23-ին ՀԾԿՀ-ի շենքի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ գործադրեց՝ ճնշելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների ձայնը։ Այս մասին հունիսի 25-ին  «ԷկոԼուր» մամուլի ակումբում լրագրողներին պատմեցին մամուլի ասուլիսի բանախոսները։

«Մեր բողոքի ցույցը ամբողջությամբ կրում էր խաղաղ բնույթ, և մենք պարզապես ցանկանում էինք արտահայտել մեր պահանջները: Ուզում էինք մոտենալ ՀԾԿՀ-ի շենքին: Ոստիկաններն արդեն ամբողջությամբ շղթայել էին փողոցը: Նույնիսկ տարածքում բնակվողներին չէին թողնում գնալ իրենց բնակարանները: Մեր ընկերները շրջանցելով կարողացան մոտենալ շենքին: Նրանց միանգամից ապօրինի կերպով բերման ենթարկեցին։ Երբ մեր ընկերներին տարան, մենք փորձեցինք նստացույց անել, ինչը տևեց մոտ 5 րոպե: Ոստիկանները շղթայական մոտեցան և սկսեցին բոլորին բերման ենթարկել: Մի 5-6 հոգով բռնեցին, ինձ և միանգամից տեղավորեցին մեքենան: Այդ օրը բռնի ուժով բերման ենթարկեցին 27 հոգու»,- ասաց ակցիայի մասնակից Սերգեյ Ղահրամանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը պատճառ է բերում ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, իսկ թե ո՞րն էր ոստիկանի օրինական պահանջը, մինչև այժմ պարզ չէ:

Ս. Ղահրամանյանը նաև նշեց, որ բոլոր բերման ենթարկվածներին ոստիկանությունում պահել են 3 ժամից ավելի, չնայած որ դրա իրավունքը չունեին. «Ոստիկանները «քաջաբար» կռվում էին իրենց իսկ հայրենակիցների դեմ, ուժ կիրառում տարեց կանանց նկատմամաբ, ոլորում երիտասարդ աղջիկների թևերը և սեղմում ոտքերը: Մեզ շպրտել էին գետնին և նստել մեզ վրա, հարվածում էին մեզ ոտքերով: Այդ օրը ոստիկանների բոլոր գործողությունները անօրինական էին»,- ասաց Ս. Ղահրամանյանը՝ զուգահեռներ անցկացնելով հունիսի 23-ի և դեկտեմբերի 2-ին միջև. «Դեկտեմբերի 2-ին մեզ մոտ էր եկել Պուտինը, իսկ հունվարի 23-ին՝ Լավրովը: Դա պատահականություն չէ: Դա միայն կարելի է կապել ամենավերևից եկող հրամանների հետ»:

«Մենք ցույցերին շատ ենք մասնակցել, նման բիրտ ձևով նրանք չէին փորձում ճնշել ցույցը: Այդ օրն իրենք բռնցքամարտիկի ուժեղ հարվածով նախ խփեցին կրծքավանդակիս Սարյանի վրաիմ կամքին հակառակ բռնի ուժով տարան և մտցրեցին ոստիակական մեքենա: Բայց մարդիկ ուղղակի արտահայտում են իրենց սոցիալական խնդիրը: Այսօրվա սոցիալական վիճակը այնպիսին է, որ ոչ մի սոցիալական բեռ պետք է չավելանա, դա պետք է լինի իշխանությունների քաղաքականությունը, բայց հիմա իրենք անում են ճիշտ հակառակը և արագացված տեմպերով»,- ասաց հունիսի 23-ին բերման ենթարկված Հայկ Ավետիսյանը։ Նա հորդորեց բոլոր քաղաքացիներին նման դեպքերում ոչ մի պարագայում չհարվածել ոստիկաններին. «Ընդունեք, որ դիմացը կանգնած է մսաղաց, շատ դաժան և ցանկացած միջոցի դիմել պատրաստվող ինչ-որ մեքենա: Պետք է որևէ կերպ խուսափել ոստիկաններին հարվածելուց և իրենց հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելուց: Իրենց ուզածը հենց նա է, որ իրենք հրահրեն, և քաղաքացիները սկսեն մտնել վիճաբանության մեջ, իսկ հետո բերման ենթարկեն»: 

ՀՀ ոստիկանության նախկին և ներկայիս գործողությունների և ընդհանուր իրավիճակի գնահատականը ներկայացրեց իրավապաշտպան Տիգրան Եգորյանը: «Դեռևս 2013 թ-ից սկսած ՀՀ-ի իրավագիտակից քաղաքացիները տարբեր տարիքի, տարբեր վայրերում, տարբեր կառույցների առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ իրացնելով հավաքների ազատության իրենց իրավունքը: Բոլոր դեպքերում այդ իրավունքը ոտնահարվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, ոտնահարվել է անհամաչափ ուժ կիրառելու միջոցով: Այն, որ ոստիկանության միակ նպատակը եղել է իրենց հավաքի իրավունքն իրացնող քաղաքացիներին ցրելը և այդ իրավունքը իրացնելուն խոչընդոտելը,  հստակ երևում է տարբեր գործերով ոստիկանության ներկայացուցիչների տված բացատրություններից: Օրինակ, Կոմիտաս 5-ի հայտնի բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած Երեմ Մովսիսյանի հաղորդման հիման վրա ներկայացված մեր նախապատրաստող գործերի շրջանակներում ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ իրենք փորձում էին բերման ենթարկել առավել ակտիվներին: Սա հստակ ցուցիչ է, որ ոստիկանությունը ուներ մեկ գերխնդիր. առավել ակտիվներին ճնշելով, վախեցնելով, բերման ենթարկելու միջոցով հյուծել հավաքը և ցրել այն: Մնացած բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք պատճառաբանվում են, մանավորապես բազմաթիվ չարչարանքների ենթարկված 182-րդ հոդվածը, ընդամենը ձևական քողարկումն է իրենց նպատակի: Այնուհետև բազմաթիվ հայցեր հարուցվեցին վարչական դատարան, ավելի քան 180 հայցադիմում ընդդեմ քաղաքացիների: Իրավաբանների խմբի կողմից քաղաքացիները իրավական օգնություն ստանալու արդյունքում սկսեցին հաղթահարել այդ հայցադիմումները և դատարաններում ոստիկանության ներկայացուցիչները ջախջախիչ պարտություններ կրեցին: Ոստիկանությունը, հասկանալով, որ անխուսափելի է այս ելքը, դեկտեմբերի 2-ի գործով՝ 110 և ավելի քաղաքացիների բերման ենթարկելուց հետո, ձեռնպահ մնաց վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելուց: Հիմա՝ 2014 թ-ին, մենք ականատես ենք լինում բողոքի դրսևորման անհամաչափ ճնշման և ոստիկանության անհամաչափ միջամտությանը, ինչը, կարծում եմ, որ ոստիականության կողմից վրեժխնդրություն է: Ամենայն հավանականությամբ, սա կոնկրետ հրաման է ՝ տրված ոստիկանության շարքային կատարողներին և կատարյալ արհամարհանք ժողովրդի, Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ: Այս կապակցությամբ ես ընդամենը կցանկանամ հիշեցնել բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ոստիկանությանը՝ ովքեր նման միջոցով փորձում են ծառայություններ մատուցել, կարող են արժանանալ, օրինակ, Տիգրան Սարգսյանի և համանման այն պաշտոնյաների ճակատագրին, որոնք, համապատասխան ժամանակաշրջանում օգտագործվելով, քավության նոխազի տեսքով դուրս են վտարվում մերձավոր շրջանակներից: Ամեն դեպքում քաղաքացիների և իրավաբանների այս կոնսոլիդացիան ակնհայտ է, որ անկասելի է դարձնելու քաղաքացիական հասարակության այս կայացումը և քաղաքացիական իրավունքների իրացումը: Հետևաբար, ոստիկանությունը պետք է վերանայի իր գործողությունները»,- ասաց Տիգրան Եգորյանը: Ըստ նրա՝ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իրացնելու հավաքների ազատության իր իրավունքը և որ բոլոր հավաքները եղել են խաղաղ ու համապատասխանել են հավաքների մասին օրենքին: 

Տնտեսագետ,  «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը հունիսի 23-ը համարում է աննախադեպ Հայաստանի ողջ պատմության մեջ: «Մոտ 20 օր առաջ մեր պետությունը՝ ի դեմս ՀԾԿՀ-ի, հայտարարում է, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Այդ հայտարարության տակ ինքը շատ հստակ գրում է, որ հանրությունը կարող է մասնակցել այդ աշխատանքներին և, եթե հանրությունը ունի առաջարկներ, բողոքներ, կարող է գալ այդ նույն հանձնաժողովի հասցեով և ներկայացնել իր բողոքները և առաջարկությունները: Դա պետությունն է ասում, ասում է՝ եկե՛ք, ձեր բողոքը արե՛ք, բայց մենք թույլ չենք։ Մինչև մարդկանց այնտեղ հավաքվելը ոստիկաններն այդ պատը կազմել էին: Տեսե՛ք, պետությունը հրավիրում է առաջարկություններ անելու և բողոք ներկայացնելու և միաժամանակ ցույց տալիս, որ ինքը իր ոստիկանների միջոցով թույլ չի տա, որ դուք ներկայացնեք բողոքը»,- ասաց Արամ Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ հունիսի 23-ը ՀՀ նոր կառավորության դեբյուտն է. «Ի՞նչ արեց նոր կառավարությունը: Եկավ, ժողովրդին հանեց փողոց ու ծեծեց: Կառավարության մեր տնտեսական ծրագրերում գնաճերին, սակագնային աճերին զուգընթաց որևէ եկամուտային բարձրացում նախատեսված չէ: Մեր երկիրը, տնտեսությունը և ժողովուրդը գնում են դեպի աղքատության խորացմանը իր համապատասխան հետևանքներով՝ արտագաղթ, սոցիալական խնդիրներ»:

Արամ Գրիգորյանը բասացական հետևանքների կողքին տեսնում է նաև դրական հետևանք՝ քաղաքացիական զարթոնքները:

Նշենք, որ շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, Մաշտոցի պուրակում, տեղի կունենա հանրային քննարկում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում հանրության հետագա քայլերի հետ:



17:37 Հունիս 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news