Բնապահպանական փորձաքննությունը չի տեսնում ծրագրի ազդեցության անմիջական գոտում գտնվող կարմիր գրքում գրանցված տեսակները

Բնապահպանական փորձաքննությունը չի տեսնում ծրագրի ազդեցության անմիջական գոտում գտնվող կարմիր գրքում գրանցված տեսակները

ԷկոԼուր

Հունիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցան  Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները։ Մինչ այդ հասարակական լսումներ են իրականացվել Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում՝ կապված  նախագծային փաստաթղթերի բնապահպանական մասի հետ:

Ծրագրով ամբողջությամբ փոխվելու է Հրազդանի ենթակայանից (Հայաստանի հյուսիս-արևելքում) դեպի Շինուհայրի ենթակայան (երկրի հարավում) տանող 230 կմ երկարությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը՝ բաձրավոլտ ցանցի հուսալիությունը մեծացնելու ու գծի թողունակությունը բարձրացնելու համար: Վերականգնվելու են  բարձրավոլտ ցանցի հինգ առանձին հատվածներ՝ Նորադուզ (45կմ), Լիճք (25 կմ), Վարդենիս (45 կմ), Վայք (70 կմ) և Որոտան 1 (40 կմ)։ Ծրագիրը ներառում է նոր հենասյուների մոնտաժում, ներառյալ հիմքերը, գոյություն ունեցող հաղորդիչների, մեկուսիչների և ենթակառուցվածքի ու սարքավորումների այլ կարևոր մասերի փոխարինում: 

Լսումներին ներկա էին ծրագրի խորհրդատու կազմակերպության՝ «Ի Էյ Էներջի Ընդվայզորի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, որոշ ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը:

 «Ի Էյ Էներջի Ընդվայզորի» ՍՊԸ-ի բնապահպանության և սոցիալական գծով փորձագետ Միքայել Թևոսյանը նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, սակայն չնշեց ծրագրի արժեքը: Իսկ նույն կազմակերպության իրավաբան Արսեն Հայրիյանը ասաց, որ իրենք իրավասու չեն պատասխանել ֆինանսականին վերաբերող հարցերին, և որ այդ հարցով պետք է  դիմել ծրագիրը իրականացնողին՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին: Նա միայն նշեց, որ Համաշխարհային բանկից Հայաստանի Հանրապետությունն է վարկ վերցրել և ենթավարկի համաձայնագրով տվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին: Նշենք, որ վերջինիս ներկայացուցիչներից և ոչ մեկը ներկա չէր լսումներին: 

Նոր գծի կառուցումը կապահովի հուսալիություն էլեկտրամատակարարման ասպարեզում: Ահա այսպես ներկայացրեց ծրագրի նպատակը Միքայել Թևոսյանը: «Ծրագրի նախապատրաստական փուլում հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների հետ՝ համապատասխանեցնելու համար բոլոր հարցերը և խնդիրները համայնքների զարգացման պլանի հետ: Կատարվել են նաև համապատասխան փոփոխություններ»,- ասաց Մ. Թևոսյանը:

«Հին գործող էլեկտրագիծը իր մեջ պարունակել է մոտավորապես 870 հենասյուներ, լարման գծի հզորությունը փոքր է եղել: Կառավարության առջև խնդիր է դրվել նոր էլեկտրաէներգիայի վաճառքի և  հզորացնելու նպատակով այս հին գիծը փոխել, քանի որ այն մաշված է և բարոյապես սպառել է իր ժամանակը,- ասաց Կարինե Մովսիսյանը,- նախատեսվում է ոչ թե վերակառուցել, այլ նրան զուգահեռ 50 մետր տարբերությամբ անցկացնել նոր էլեկտրալարերի գիծ: Այս դեպքում կրճատվում է հենասյուների քանակը՝ 870-ից դառնալով 720: Թռիչքի երկարությունը մոտ 300-400 մետրի սահմաններում է լինելու: Հաշվի են առնվել բոլոր համայնքների այն խնդրահարույց հարցերը, որոնք առկա են եղել հին գծի շրջանակներում: Հին գծի տարածքում եղել են կառուցապատման տարածքներ, եղել է, որ օտարման գոտին օգտագործվել է այլ նպատակներով, այսինքն, գոյություն ունեցող լարերի հետագա շահագործումը դարձել է անհնարին: Նախագծողների կողմից մշակվել է օպտիմալ տարբերակ՝ անել այնպիսի նախագիծ, որի ազդեցությունը կլինի մինիմալ: Այն տարածքների սեփականատերերի հետ, որտեղով պետք է անցնի էլեկտահաղորդման գիծը, տվյալ կազմակերպությունը կստորագրի պայմանագրեր և համաձայնագրեր, որից հետո կմտնի կառավարություն՝ համապատասխան հողի կատեգորիաների փոփոխության համար: Ըստ ինձ ներկայացված տվյալների՝ կոնստրուկցիաները պետք է բերվեն տարածք արդեն հավաքված և դա միանգամից կկանգնեցվի տարածքում, այսինքն, շին հրապարակում լրացուցիչ շինարարական աշխատանք, ըստ նախագծի, չի լինելու: Չեն լինելու նաև եռացման և պայթեցման աշխատանքներ»: 

Խորհրդատու կազմակերպության ծրագրերի համակարգող Գարիկ Արաբյանը ասաց, որ  հենասյուները տեղափոխվելու են սովորական բեռնատար մեքենաներով , բերվելու է 3 կտորից և արդեն տեղանքում հավաքվելու է: Ըստ Գարիկ Արաբյանի՝ հենասյան միջին բարձրությունը մոտ 33 մետր է լինելու՝ կախված տեղանքից: 

Լսումներին ներկա համայնքների բնակիչները բողոքեցին, որ կտուժեն իրենց ծառերը, որոնք ունեն 20-30 մետր երկարություն: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ անհանգստացնող հարցերը կփոխանցեն կազմակերպությանը, որը և կտա լիարժեք պատասխան: «Հողերը ճանաչվելու են գերակա շահ և հետագայում համայնքների հետ հանդիպման ժամանակ կնքնվի պայմանագիր համապատասխան փոխհատուցման համար»,- ասաց Կարինե Մովսիսյանը: 

Խորհրդատու կազմակերպության  իրավաբան Արսեն Հայրիյանը ներկաներին փոխանցեց, որ մինչև փոխհատուցումները չվճարվեն, ոչ մի աշխատանք չի կարող սկսվել: «Փոխհատուցման վերաբերյալ և սոցիալ-տնտեսական առումով յուրաքանչյուր համայնքում նախատեսում ենք առանձին հանդիպումներ այդ անձանց մասնակցությամբ»,- ասաց Ա. Հայրիյանը:

Ներկաների հարցին, թե ինչ է լինելու հին գծի հետ, Գարիկ Արաբյանը պատասխանեց. «Շինարարության ավարտից հետո հին գիծը ապամոնտաժվելու է, իսկ շինարարությունը նախատեսված է ավարտել 2016 թ-ի մարտին»: 

Ագարակաձորի համայնքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը հարց բարձրացրեց, որ այդ ծրագիրը կխանգարի իրենց համայնքի հետագա զարգացմանը: «Ձեր բարձրավոլտ հոսանքներն անցնում է մեր տարածքով: Դա որոշ ժամանակ անց կարող է խնդիր առաջացնել գյուղի զարգացման համար»,- ասաց Ս. Մարգարյանը:

«Մենք գրություն ունենք համայնքապետից, որ ձեր զարգացման պլանին դա չի խանգարելու: Այս փուլում գիծը նախագծվել է, և փոփոխություններ չենք կարող անել»,- պատասխանեց խորհրդատու կազմակերպության իրավաբանը: 

«Ինչի՞ ենք մենք այստեղ եկել, եթե արդեն իսկ հիմա ասում եք, որ հնարավոր չէ ոչինչ փոխել»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Խալաթյանը: 

«Ինչո՞ւ այն ժամանակ, երբ հանդիպել են ձեր հետ և ներկայացրել ուղեգիծը, չեք բարձրացրել այդ հարցը»,- արձագանքեց Կարինե Մովսիսյանը:

«Նոր եմ գլխի ընկել»,- պատասխանեց Սամվել Մարգարյանը:

Բանավեճից հետո Կարինե Մովսիսյանը ասաց, որ Ս. Մարգարյանի առաջարկը կփոխանցվի ծրագիրը իրականացնողներին: 

ԷկոԼուրի հարցին՝ որքանո՞վ է նախագիծը համապատասխանում «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, Մ. Թևոսյանը պատասխանեց. «Մասնագետները հետազոտություն են կատարել տեղանքում: Քանի որ Հայաստանում գոյություն չունի որևէ նորմավորված փաստաթուղթ, որով հնարավոր է գնահատել մագնիսական դաշտի ազդեցությունը բարձրավոլտ գծի՝ նման ազդեցություն հաշվի չի առնվում: Քանի որ մեզ մոտ չկան հաստատված միգրացիոն ուղիներ ՀՀ որևէ օրենսդրական ակտով, ապա հաշվի են առնվել մի քանի տարածքներ և բնապահպանական կառավարման պլանում ընդգրկվել են զգուշացման նշաններ և միջոցառումները: Ինչ վերաբերում է էնդեմիկ տեսակներին, նախատեսել ենք կենդանիների բնակավայրերի հնարավորինս շրջանցում»:

Նշենք, որ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի գ. կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  բ կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Նույն հարցին պատասխանեց Կ. Մովսիսյանը. «Փորձաքննության գործընթացը դեռ չի ավարտվել, և այդ գործընթացում հաշվի են առնվում նաև շահագրգիռ մարմինների կարծիքը, նախագծային փաստաթղթերը տրված է ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալությանը, և համապատասխան մասնագետները դրա մասին կարծիք կհայտնեն: Մի գուցե տարածաշրջանում կան էնդեմիկ տեսակներ, բայց իրենց տարածքով չեն անցնում, անմիջական ազդեցության չեն ենթարկվում»:
Ի պատասխան Կարինե Մովսիսյանի, ԷկոԼուրը նշեց, որ նախագծի կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ծրագրի անմիջական ազդեցության տակ գտնվող Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ։

Ի պատասխան ԷկոԼուրի արձագանքի` Մ. Թևոսյանը կրկին նշեց, որ հնարավորինս կշրջանցեն այդ բնակավայրերը: 

Ինչ վերաբերում է վերաբնակեցման խնդրին, Կ. Մովսիսյանը համոզված ասաց, որ բնակիչների վերաբնակեցման հարց չկա, նման պարագայում իրենք առաջինը դեմ կլինեին ծրագրին:

Նշենք, որ սույն թվականի հունիսի 12-ին գործադիրը որոշում ընդունեց 2 ամսում՝ մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը, ուսումնասիրել Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման ծրագրով նախատեվող օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին։ Վարկը տրամադրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 2011թ-ին Հայաստանի Հանրապետության հետ կնքելով վարկային պայմանագիր։

Իսկ ծրագրում հստակ գրված է. «Նախագծման փուլում շրջանցվել են բոլոր գյուղական տարածքները, և ընդամենը մեկ հատվածում (Կամո ենթակայանից դուրս եկող հատված) հնարավոր է առաջանա հարկադրաբար վերաբնակեցման խնդիր: Ինչ վերաբերում է հին գծի ուղեգծին, ապա մոտ 100 տներ գտնվում են օտարման շերտում, մինչդեռ ընթացիկ շրջանցման տարածքներում այդ թիվը կարող է իջնել մինչև զրո, իսկ զգուշավոր հաշվարկով` մոտ 10 տներ»:

Իսկ իրավաբան Արսեն Հայրիյանը նշեց, որ վերաբնակեցման դեպքում Համաշխարհային բանկի ընթացակարգը նախատեսում է մի քանի տարբերակ. «Կան փոխհատուցման որոշակի ձևեր, և անձը կարող է ընտրել: Կարող է փոխհատուցվի գումարով, և անձը գնա իր համար տուն և հող առնի, կարող է տրամադրվել շինություն»: 

Ծրագրում նաև նշված է, որ Կամո ենթակայանից դուրս եկող հատվածում (ք. Գավառ) հատվելու է 2760 հատ ծառ: «Մատղաշ ու բնական վերաճը ոչնչացվում է 3000 հատ»։ Ծառահատումների ընդհանուր մակերեսը  13800մ2 է։ Այս առումով Միքայել Թևոսյանն ասաց, որ պայմանագիր է կնքվելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ և փոխհատուցվելու է: Դեռ հաշվարկված չէ, թե մեկ հատված ծառի փոխարեն քանի ծառ է տնկվելու: 

Ըստ խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների,  Նախագծման մեջ հաշվի են առնված ամենավերջին տեխնոլոգիաները: Ծրագրի շինարարական աշխատանքները սկսվելու են Սյունիքի մարզից: Ծրագրի տևողությունը՝ 25 ամիս:

Նշենք, որ ծրագիրը էլեկտրաէներգիայի սակագնի վրա որևէ ազդեցություն չի ունենալու:



18:46 Հունիս 13, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news