Օտար ու թանկ ճամփեքի վրա

Օտար ու թանկ ճամփեքի վրա

www.armtimes.com

Հայաստանի հարավային սահմանը հյուսիսային սահմանի հետ կապող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության շուրջ տարօրինակ բաներ են կատարվում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչպես հաղորդում է «Սիվիլնեթը», հայտ է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկին` այդ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար վարկ ստանալու համար: Տարօրինակն այն չէ, որ մինչ այս այդ ավտոմայրուղու տարբեր հատվածների շինարարության համար վարկային միջոցները ներգրավվում էին, պատկերավոր ասած, Արեւմուտքի վերահսկողության տակ գտնվող Ասիական զարգացման բանկից, իսկ հիմա հայտ է ներկայացվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Եվրասիական զարգացման բանկին: Ուշագրավն այն է, որ 42 կիլոմետրանոց այդ հատվածի շինարարությունը ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թվականի հունիսին գնահատվում էր 100 միլիոն դոլար, իսկ Եվրասիական զարգացման բանկին ներկայացված հայտով Հայաստանը ակնկալում է 150 միլիոն դոլարի վարկ: Այսինքն, այդ հատվածի շինարարության ծրագիրը, փաստորեն, մեկ տարվա ընթացքում թանկացել է 1.5 անգամ: Դժվար է ասել, թե սա ինչով է պայմանավորված: Ամենահավանական պատճառն այն է, որ Ասիական զարգացման բանկը դժվարությամբ կհամաձայներ ֆինանսավորել մեկ տարում 1.5 անգամ թանկացած ծրագիրը` այդ թանկացման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր: Իսկ Եվրասիական զարգացման բանկի պաշտոնյաների հետ ավելի հեշտ է «լեզու գտնել»:

Եւ ընդհանրապես, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը գնալով ավելի ուշագրավ է դառնում: Ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ այդ մայրուղու շինարարությունը գնահատվում է 1-ից մինչեւ 1.5 միլիարդ դոլար եւ պետք է ավարտվի 2017-2018 թվականներին: Այդ գումարները ամբողջությամբ վարկային միջոցներ են եւ տարիներ անց դրանք պետք է վերադարձվեն տոկոսներով հանդերձ: Ինքը` մայրուղին, ուղղակի շահույթ չբերող կառույց է լինելու: Այսինքն, հաջորդ սերունդները չեն կարող այդ վարկը փակել մայրուղու շահագործումից ուղղակի ստացվող եկամուտներից: Ըստ այդ ծրագրի «գաղափարախոսության», մայրուղին պետք է ապահովվի ոչ ուղղակի եկամուտներ: Այսինքն, կլինի արագընթաց, բարձրորակ ճանապարհ, որը, որպես ենթակառուցվածք, կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, եւ դրա շնորհիվ կփակվի վարկը: Թե որքան կլինի այդ մայրուղու տնտեսական ոչ ուղղակի էֆեկտը, որեւէ կերպ չի հաշվարկվել: Ուստի ոչ ոք չի կարող ապացուցել, որ այդ մայրուղու շահագործումը զգալի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար: Խնդիրն այն է, որ Մեղրին Բավրայի հետ կապող այդ ճանապարհը լինելու է բարձրակարգ ու արագընթաց, սակայն ավտոճանապարհների ընդհանուր վիճակը Հայաստանում, մեղմ ասած, խիստ անմխիթարական է: Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականի դրությամբ մարզկենտրոնների հետ կապող համեմատաբար բարվոք ճանապարհ ունեին ՀՀ բնակավայրերի 30 տոկոսից պակասը: Իսկ սա նշանակում է, որ, ասենք, իր բերքը սպառողին հասցնելու համար շատ թե քիչ նորմալ ճանապարհներով կարող են անցնել գյուղացիների միայն 30 տոկոսը:

Մեկ այլ պաշտոնական վիճակագրություն: Ավտոճանապարհների պահպանմանը եւ նորոգմանը ՀՀ պետական բյուջեից տարեկան ուղղվում է ընդամենը մոտ 30 միլիարդ դրամ, կամ 80 միլիոն դոլար: Այդքան է մեր բյուջեի հնարավորությունը: Եւ ահա կառավարությունը որոշում է 1.5 միլիարդ դոլարի վարկ վերցնել ու կառուցել արագընթաց մի մայրուղի: Արագընթաց մայրուղի ունենալը, իհարկե, վատ չէ: Բայց որքանով է նպատակահարմար ՀՀ պետական բյուջեի հետ համեմատական մի կլորիկ վարկ վերցնել կասկածելի տնտեսական էֆեկտ ապահովող մի թանկարժեք մայրուղի կառուցելու համար այն դեպքում, երբ բնակավայրերի 70 տոկոսը տարրական բարեկարգությամբ ճանապարհներ չունեն: Գուցե ավելի ճիշտ կլիներ դրանից մի քանի անգամ ավելի քիչ վարկ վերցնել ու գյուղական ճանապարհները գոնե անցանելի դարձնել: Դրանից տնտեսական ոչ ուղղակի էֆեկտը անհամեմատ ավելի բարձր կլիներ, գյուղացիների չջարդված մեքենաների, լրացուցիչ չվառված վառելիքի, ավելի արագ տեղ հասցված բերքի տեսքով: Իսկ եթե, ասենք, Երեւան-Արտաշատ բարձրակարգ ու արագընթաց ճանապարհով սպորտային թանկարժեք մեքենաները կարողանան սլանալ ոչ թե 90 կմ.ժամ այլ 110 կմ. ժամ արագությամբ, դրանից մեր տնտեսությունը հազիվ թե մեծ օգուտներ ստանա:    

Եւ մեկ տարվա ընթացքում մայրուղու առանձին հատվածների շինարարության 1.5 անգամ թանկացումը կարող է բացատրել, թե որն է նման մայրուղի կառուցելու իրական նպատակը` տնտեսության զարգացո՞ւմը, թե մեծ փողերով մեծ շինարարություն անելը, այստեղից բխող հասկանալի շահագրգռվածություններով: Իհարկե, այդ հատվածները կբացվեն մեծ շուքով, ժապավեն կտրելով, երգուպարով, սիրուն-միրուն ռեպորտաժներով, եվրոպական չափանիշների մասին հայտնի արտահայտություններով-բանով, բայց իրականության մեջ կմնա միայն այն, որ մեր երեխաների ուսերին ենք թողնելու եւս 1.5 միլիարդ դոլարի վարկը տոկոսներով փակելու պարտավորությունը: Այն երեխաների, որոնք իրենց գյուղից մարզկենտրոն գնալու համար ստիպված են լինելու անցնել ջարդուխուրդ ճանապարհներով:

14:57 Մայիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news