Քաղաքացիական հասարակությունը ՀՀ Ազգային Ժողովի ապագա պատգամավորներին կոչ է անում բնապահպանական խոստումները գործ դարձնել

Քաղաքացիական հասարակությունը ՀՀ Ազգային Ժողովի  ապագա պատգամավորներին կոչ է անում բնապահպանական խոստումները գործ դարձնել

ԷկոԼուր

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի` մարտի 21-ի նիստի մասնակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2017թ-ի ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները:
Ընտրություններին մասնակցում են` Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, «Ծառուկյան», «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Նիստի ընթացքում քննարկվեցին իշխանության ձգտող քաղաքական ուժերի մոտեցումները բնության պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման և կառավարման վերաբերյալ:

Խումբը ՀՀ Ազգային ժողովի ապագա պատգամավորներին կոչ արեց, որպեսզի քաղաքական ուժերի բնապահպանական խոստումները խոսքից գործ դառնան:

«Մենք մտահոգված ենք, որ Հայաստանը չդառնա հանքահումքային կցորդ, քանի որ երկար տարիներ գնում է այդ ուղղությամբ:

Մենք պնդում ենք, որ մեր երկրում բնական ռեսուրսները Հայաստանի ժողովրդի չօտարվող սեփականություն են, և դրանց կառավարումը պետության կողմից պետք է բխի ժողովրդի` որպես սեփականատիրոջ պատվերից:

Մենք պահանջում ենք, որ պետությունը պատասխանատու լինի իր յուրաքանչյուր գործողության համար, ու եթե ՀՀ քաղաքացին պարտավոր է, ըստ նոր ՀՀ Սահմանադրության, պահպանել շրջակա միջավայրը, ապա դա չի վերացնում պետության պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցում»,- հայտարարեցին 3-րդ խմբի մասնակիցները:

Նիստին մասնակցում էին 3-րդ աշխատանքային խմբի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Civil Voice» ՀԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Համբարձումյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը:

Քննարկման մանրամասները` հաջորդիվ:

15:33 Մարտ 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news