ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը

ԷկոԼուր

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը` 33.2 հոդվածը: Այս մասին տեղեկացնում է էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը: Ներկայանում ենք ՀՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ    /բնապահպանական մաս/ Նազելի Վարդանյանի առաջարկությունները և դիտողությունները:  

«Հաշվի առնելով, ՀՀ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է և բոլոր օրենսդրական և ենթաօրենսդրական նորմերը, ինչպես նաև ՀՀ- ում գործող միջազգային նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, ուստի մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջարկվող ՀՀ Սահմանադրության նախագծում /այսուհետ`  Նախագիծ/` շրջակա միջավայրի պահպանության, քաղաքացիների տեղեկատվություն ստանալու /այդ թվում` բնապահպանական/, էկոլոգիական իրավունքների պաշտպանության երաշխավորված լինելու նորմերի առկայությունը և շարադրանքը:

1. ՀՀ Սահմանադրության նախագծի11-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը. «Հոդված 11. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա…  2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»:

Հատկանաշական է, որ նախագծի համաձայն «Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն», իսկ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»:  Այս հոդվածից պարզ է, որ հանրային իշխանության պարտավորությունը` պահպանել և վերականգնել շրջակա միջավայրը, խիստ նվազեցված է, քանի որ «խթանել բառը պարտավորեցնող չէ, իրավական ծանրաբեռնվածություն գրեթե չի կրում, հետևաբար դրա կիրառմամբ էականորեն կնվազեցվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հանրային իշխանությունների` որպես երաշխավորի, ակտիվ գործունեության դերը: Այս հոդվածով արժեզրկվել է շրջակա միջավայրի պահպանության գաղափարը, ինչը արտացոլում է մեր պետության վերաբերմունքը շրջակա միջավայրի պահպանությանը: Նշված հոդվածում օգտագործվել է «կայուն զարգացման սկզբունք» եզրույթը, այն  դեպքում, երբ ոչ ՀՀ որևէ օրենսդրական ակտում, ոչ էլ Հայաստանի կողմից վավերացված որևէ միջազգային պայմանագրում չի տրված «կայուն զարգացում»  իրավական հասկացությունը, առավել ևս չեն սահմանված դրա սկզբունքները, հետևաբար, պարզ չէ, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվել` սույն սահմանադրական նորմը կիրառելիս: Բացի այդ, նշված հոդվածում նշված է. «հաշվի առնելով պատասխանատվությունը ապագա սերունդների հանդեպ» արտահայտությունը, որն ըստ էության որևէ պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ չկա համապատասխան օրենսդրական նորմ, և դրանով արժեզրկվում է այնպիսի կարևոր իրավական կատեգորիան, ինչպիսին պատասխանատվությունն է: Այսպիսի, ոչ հստակ ձևակերպումներ չեն կարող լինել Սահմանադրության մեջ, քանի որ իրավական տեսակետից սահմանադրական նորմերը պետք է լինեն հստակ ձևակերպված, չկրեն դեկլարատիվ բնույթ և տարբեր մեկնաբանությունների տեղիք չտան:

Երկրորդ բացահայտումը, որ կարելի է անել սույն հոդվածից, այն է, որ մեր երկրում հանրային իշխանությունները ունեն միայն իրավունքներ, իսկ քաղաքացիները միայն պարտականություններ: Ակնհայտ անհամաչափ են պետության և քաղաքացու վրա դրված իրավական ծանրաբեռնվածությունը` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Նման մոտեցումը միանգամայն անընդունելի է:

Նախագծում առաջարկվում է շարադրել 11-րդ հոդվածը հետևալ կերպ. «Հոդված  11. Շրջակա միջավայրի պահպանությունը

 Հանրային իշխանությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումն ի շահ ներկա և ապագա սերունդների»:

Առաջարկված նորմը իր բովանդակությամբ կրկնում է գործող Սահմանադրության 10-րդ հոդվածը` չնչին փոփոխություններով:

2. Նախագծի 50-րդ հոդվածը շարադրված է հետյալ կերպ.    «Հոդված 50. Տեղեկություններ ստանալու իրավունքը

Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը՝ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքերի մերժելու համար, սահմանվում են օրենքով»:                                                                                                                    Նշված հոդվածում կան անճշտություններ և բացթողումներ, մասնավորապես`

- օգտագործված է  «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին» արտահայտությունը, ինչը նեղացնում է տեղեկատվության բովանդակային ծավալը: Տվյալ դեպքում ճիշտ է օգտագործել «իրավասության ոլորտին վերաբերող տեղեկատվություն» եզրույթը:

- արտահայտությունն էականորեն նեղացնում է տեղեկատվության բովանդակային շրջանակը:

- օգտագործված է «տեղեկություններ» բառը, որն այս ենթատեքստում ավելի նեղ իմաստ է ստանում, քան «տեղեկատվություն» տերմինը;

3. բացակայում է նորմ, որն արգելում է էկոլոգիական և առողջապահական տեղեկատվությունը պետական կամ առևտրային գաղտնիք ճանաչելը: Այդպիսի նորմ անհրաժեշտ է նախատեսել` էկոլոգիական և առողջապահական անվտանգության տեսակետից:                                   

 Ելնելով վերը նշվածից առաջարկում եմ Նախագծի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «Հոդված  50. Տեղեկատվություն ստանալու իրավունքը

Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասության ոլորտին առնչվող տեղեկատվություն ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Էկոլոգիական և առողջապահական տեղեկատվությունը չի կարող պետական կամ առևտրային գաղտնիք ճանաչվել: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը՝ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքերի մերժելու համար, սահմանվում են օրենքով»:

4. Նախագծի «Մարդու իրավունքներ և ազատություններ» գլխում բացակայում է  յուրաքանչյուրի ` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը, ինչը հետընթաց է և շատ մտահոգիչ: Նշված իրավունքը ամրագրվել է 2005թ. ՀՀ Սահմանադրությունում /33.2-րդ հոդ./` բնապահպանական կազմակերպությունների երկարատև և համառ պայքարի արդյունքում: Այդ իրավունքի բացակայության պայմաններում մինչև Օրհուսի կոնվենցիայով սահմանված արդարադատության մատչելիության իրավունքից, քանի որ հնարավոր չէր դատարանում հիմնավորել, թե իրենց որ սահմանադրական իրավունքն է խախտվել և որպես դրա հետևանք ամենուր խախտվում էին  նաև կոնվենցիայով սահմանված մյուս իրավունքները: Նշված իրավունքը` հիմնարար իրավունք է և անհրաժեշտ է այն ամրագրել Նախագծում: Այդ կապակցությամբ, առաջարկում եմ Նախագծի «Մարդու իրավունքներ և ազատություններ» գլուխը լրացնել նոր հոդվածով` գործող Սահմանադրության 33.2 հոդվածի բովանդակությամբ»:

16:48 Հոկտեմբեր 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news