ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը կաջակցի արդվեցիներին Շեկաղբյուրի ծրագրի դեմ պայքարում

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը կաջակցի արդվեցիներին Շեկաղբյուրի ծրագրի դեմ պայքարում

ԷկոԼուր

«Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը արձագանքեց Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչների բաց նամակ դիմումին: Facebook-ի իր էջի միջոցով նա հայտարարեց, որ կաջակցի արդվեցիներին Շեկաղբյուրի ծրագրի դեմ պայքարում:

«Հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ ԱՋԱԿՑԵԼ Արդվի գյուղի բնակիչներին, ովքեր արդեն ամիսներ շարունակ ոտքի են ելել` պաշտպանելու արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքը՝ «առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը», վեր դասելով այս արժեքները անհեռատես անձնական կարճաժամկետ շահից:

Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ականջալուր լինել գյոուղացիների մտահոգությանը և սատարել նրանց՝ պահանջելով դադարեցնել այս տարածքում հանքերևակման գործողությունները և մեկընդմիշտ հրաժարվել Շեկաղբյուրը հանքի վերածելու անթույլատրելի գործընթացը»,- գրել է պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ լոռեցի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություն է ցանկանում իրականացնել «Միռամ» ՍՊԸ-ն: Ծրագրի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Օձունի համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:

11:20 Նոյեմբեր 23, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news