ԷկոԼուրի կարծիքը` Մելիք գյուղում պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ

ԷկոԼուրի կարծիքը` Մելիք գյուղում պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանությանն է ուղարկել կարծիք «Մեգո Գոլդ» ընկերության կողմից ներկայացված Մելիք գյուղում 3-րդ պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ: Կարծիքը հետեւյալն է ««Մեգո Գոլդ» ընկերության կողմից առաջարկված` Մելիք գյուղում պոչամբարի կառուցման նախագիծը հարկավոր է մերժել այն հիմնավորմամբ, որ նախագծում արտացոլված չեն իրական ռիսկերը եւ նախագիծը առանձնացված է արդյունահանման, արտադրության եւ արդյունբերական պոչերի պահման  վերաբերյալ մնացած հարցերից:

Մելիք գյուղի տարածքում այդ պոչամբարը լինելու է թվով երրորդը: Այստեղ պետք է հավաքվեն «Մեգո Գոլդ»-ի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայից առաջացած պոչերը: Ձեռնարկությունում վերամշակվում է Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարը: Նախագծում ներկայացված պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում հանքաքարի կազմին, տվյալներ չկան ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի մասին, որոնք մնում են ոսկու կորզումից հետո: Գործող երկու պոչամբարներից առաջացած ջրի եւ հողի ֆոնային աղտոտման մասին գնահատական չկա: Այս աղտոտվածության մասին անուղղակիորեն կարելի է դատել հանրությանը ներկայացված ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած վերլուծությունների արդյունքներից եւ Թուխմանուկի հանքավայրի հանքաքարի պարունակության մասին գիտական հոդվածներից:   Տվյալներ չկան բնակչության առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության մասին: Ինչպես երեւում է Առողջապահության նախարարության պատասխանից, նախարարության մասնագետները գյուղում հետազոտություններ չեն կատարել եւ հիմնվել են բացառապես նախագծային փաստաթղթերի վրա, որոնք իրական  իրավիճակը չեն արտացոլում:

Ինչ վերաբերում է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետների կարծիքին, ապա ապրիլի 19-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումների ժամանակ նրանք հաստատեցին, որ հիմնվում են ոչ թե իրավիճակի ուսումնասիրության վրա, որն արդեն կտրուկ բացասական ֆոն ունի, այլ գրականության տվյալների վրա: Այսինքն` նրանք չեն տիրապետում իրավիճակին: 27.11.2012թ. հասարակական լսումների արձանագրությունը չի համապատասխանում նրան, ինչ ասացին հասարակայնության ներկայացուցիչները եւ տեղի բնակիչները, ինչի մասին վկայում է հասարակական լսումների մասին պատմող ԷկոԼուրի տեսանյութը (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vUHfXQ8t2ho): 2013թ. ապրիլի 19-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Մեգո Գոլդ» ընկերության ղեկավար Աշոտ Պողոսյանը, պատասխանելով հարցերին, բազմիցս հայտարարեց, որ հասարակայնության կողմից առաջադրված ռիսկերի մասին հարցերի վերջնական պատասխանները կարող են տրվել այն ժամանակ, երբ կներկայացվի Թուխմանուկի հանքավայրի շահագործման նոր նախագիծը:

Առաջարկում ենք Թուխմանուկի հանքավայրի շահագործումից առաջացած արդյունաբերական պոչերի պահման հարցը դիտարկել ամբողջական փաստաթղթային փաթեթում, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն պոչամբարի նախագիծը, այլեւ հանքավայրի շահագործման եւ ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծերը»:

15:16 Ապրիլ 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news