ՀՀ կառավարությունը ցանկանում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնել

ՀՀ կառավարությունը ցանկանում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից  հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնել

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ցանկանում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ մ3 ջուր վերցնել: «Բլեջան» ՀԿ-ն այս կապակցությամբ հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարարություն: Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են. «ՀՀ կառավարությունից ստացվել է հանձնարարական` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ գյուղատնտեսության նախարարների հետ համատեղ ներկայացնել Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1.0 մլրդ մ3) առաջիկա 3 տարվա ընթացքում տնտեսապես արդյունավետ օգտագործման լրացուցիչ ծախսերի ֆինանսական գնահատական՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները և առաջիկայում էներգետիկ ոլորտում կայունացման ֆոնդ ձևավորելու հանգամանքը»: ՀՀ բնապահպանության նախարարությունն այս կապակցությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը, որում ասված է.

«Սևանա լճի էկոլգիական հավասարակշռության վերականգնումը Հայաստանի Հանրապետության բնապահպանական առաջնահերթություններից առաջնահերթն է:

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-276) 5-րդ մասի 5.1 կետով նշված միջոցառումների` նախատեսվել է Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21.6 մ: Համալիր ծրագրով նախատեսված Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8.8 միլիարդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6,5մ բարձրացմանը: Նախատեսվել է նաև Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան տեղափոխել մինչև 165 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ մինչև 300 մլն մ3 ջուր:

Վերջին 15 տարիներին Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակները սահմանվել են` ելնելով հենց այս տեսանկյունից, որն էլ նախապայման է ստեղծել լճի ջրի մակարդակի կայուն բարձրացման համար:

Ստորև նրկայացված է վերջին 5 տարիներին Սևանա լճի մակարդակի, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործող ջրի տարեկան ծավալների, լճից տարեկան ջրառի վերաբերյալ աղյուսակը, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի վերաբերյալ գրաֆիկը:

2002թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1896.32մ: 2002-2017թթ. տարեսկզբի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4.14մ-ով, այդ թվում 2002-2011թթ-ին համապատասխանաբար` 3.81մ-ով:

2012-2016թթ. տարեվերջի դրությամբ լճի մակարդակը բարձրացել է 0.36մ-ով (միջին հաշվով տարեկան 7.2սմ), ինչը 0.72մ-ով պակաս է օրենքով նախատեսվածից (5 տարվա համար1.08մ, տարեկան 21.6սմ): Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 577.2 մլն մ3 ջուր, ինչը 922.8 մլն մ3-ով պակաս է նախատեսվածից` 1500.0 մլն մ3:

Նախկին տարիներին` 2002-2011թթ., մակարդակի բարձրացման չափը բավարարել է, նույնիսկ առանձին տարիներին բավականին գերազանցել է նշված պայմանը, որը բացատրվում է այդ տարիներին Սևանա լճի ավազանում թափված միջին տեղումների զգալի աճով, ինչը գերազանցել է ավազանի բազմամյա միջին նորմը:

Հարկ է նշել նաև, որ համաձայն Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության (2015թ.) տարբեր սցենարներով տրվել է ջրի ջերմաստիճանի կանխատեսում` 2030թ., 2050թ. և 2100թ. համար, ըստ որի Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40C-ով: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն մ3) 2030թ. կնվազի ավելի քան 50 մլն մ3-ով, 2070թ.` ավելի քան 110 մլն մ3-ով, և 2100թ.`մոտ 190 մլն մ3-ով, այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, մենք կունենանք 71 մլն մ3 ջրի կորուստ, իսկ տեղումների կրճատման դեպքում ևս 36 մլն մ3 ջրի կորուստ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Արփա-Սևան» N2 թունելը գտնվում է վերանորգման փուլում, և հայտնի չէ, թե երբ կավարտվեն այդ աշխատանքները, որպեսզի այն գործի իր ողջ հզորությամբ, իսկ Որոտան-Արփա հիդրոհանգույցն այս տարիներին երբեք չի շահագործվել:

Սևանա լճից հավելյալ (1.0 մլրդ մ3) ջուր վերցնելը կբերի լճի մակարդակի ավելի քան 80 սմ իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված Սևանա լճի փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը, և լիճը կենթարկվի Էվտրոֆացման: Լճի մակարդակի իջեցման հետևանքով կկրճատվի նաև հիպոլիմիոնի ծավալը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր, ինչը կհանգեցնի լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ցամաքի կվերածվեն հարյուրավոր հեկտարներ, ափամերձ տարածքների ջրազրկման հետևանքով կոչնչանա ջրի բարձրացման արդյունքում մասնակիորեն վերականգնված մակրոֆիտների պաշտպանական գոտին, որը սահմանափակում է ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Ավելին, դրան կգումարվի նախկին ջրածածկ տարածքներից քայքայվող օրգանական մնացորդների ներթափանցումը լիճ, ավելացնելով նրանց կոնցենտրացիան ջրում, իսկ հետագայում այդ տարածքների ջրածածկվելու դեպքում կընթանա նեխման պրոցեսը, և վտանգի կենթարկվեն ձկների նոր ձվադրավայրերը:

Ներկայումս հսկայական ներդրումներ են կատարվում լճի էնդեմիկ ձկնատեսակների արդյունագործական պաշարների վերականգնման ուղղությամբ, սակայն լճում սաղմոնազգի ձկնատեսակների կենսապայմանների վատացման դեպքում այս ծրագիրը ևս անհաջողության կդատապարտվի: Բացի այդ, անհրաժեշտ է տնտեսական լուրջ հիմնավորում, թե արդյոք այդ 1 մլրդ մ3 ջրի տնտեսական արժեքն ավելին է, քան ջրի բարձրացման հետևանքով տարիների ընթացքում իրականացված հսկայածավալ ու բարդ աշխատանքների վրա ծախսված գումարներն ու ջանքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրից ազատված տարածքները նորից կպատվեն բուսականությամբ` հատկապես մամուռով, կկառուցապատվեն և հետագա տարիների ընթացքում լճի բարձրացմանը զուգահեռ առաջ կգան նույն խնդիրները, որոնց լուծման նպատակով պետական բյուջեից ծախսվել են բավականաչափ մեծ գումարներ:

Համաձայն վերոնշյալ օրենքի (ՀՕ-276) 5.1 կետով նախատեսված պահանջների` այն է` ելնելով էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից լճի մակարդակի անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որը էներգետիկ և տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում` տարածաշրջանային պահանջների բավարարման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում դրսևորվել են լճային էկոհամակարգի բարելավման միտումներ, սակայն լիճը դեռևս գտնվում է անկայուն վիճակում և յուրաքանչյուր սխալ միջամտություն կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջինիս համար, ինչպես նաև այն փաստը, որ հարևան պետություններն ունեն ջրի լուրջ խնդիր, իսկ Թուրքիայում վերջին տարիներին կառուցվող հզոր ջրամբարները (ընդհանուր 1.8 մլրդ մ3 ծավալով), կնվազեցնեն անդրսահմանային ջրի հոսքը Հայաստան (մասնավորապես կնվազի Արաքս և Ախուրյան գետերի ջրի հոսքը, ինչի արդյունքում կունենանք շուրջ 45% ջրի դեֆիցիտ Շիրակի մարզում և Արմավիրի ու Թալինի տարածաշրջաններում), և խոցելիությունը` կախված կլիմայական պայմաններից, առաջարկում եմ Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1 մլրդ մ3) պաշարը թողնել անփոփոխ, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից Սևան-Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակը պահել մինչև 170 մլն մ3, ինչպես նախատեսված է (ՀՕ-276) 5.1 կետով:

Էկոհամաարգին հասցված վնասներին ֆինանսական գնահատական այս պահին տալը հնարավոր չէ, և մինչև Սևանա լճի 1 մլրդ մ3 ջրի հավելյալ բացթողումը անհրաժեշտ է գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն/` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»:


15:42 Ապրիլ 19, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news