Հայաստանի Օրհուս կենտրոնները ՀՀ Նախագահին խնդրում են չստորագրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը

Հայաստանի Օրհուս կենտրոնները  ՀՀ Նախագահին խնդրում են չստորագրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը

ԷկոԼուր

Հայաստանի 15 Օրհուս կենտրոները նամակով դիմել են ՀՀ Նախագահին` խնդրելով չստորագրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը: Նամակում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետությունը 2001թ.-ին վավերացրել է Օրհուսի համաձայնագիրը, ըստ որի, Կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկիր երաշխավորում է շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքը։

Համաձայնագրի վավերացումից հետո մինչ օրս մեր երկիրում շարունակվող անիմաստ գործընթացները և նշված ոլորտում այսօր տիրող փաստացի իրավիճակը ապացուցում են, որ իրականում չեն արվել համաձայնագրի դրույթների կատարմանն ուղղված իրական քայլեր, իսկ կատարված աննշան փոփոխությունները չեն կարող բերել ցանկալի արդյունքների: Այդ են վկայում Օրհուսի համաձայնագրի համապատասխանության կոմիտեի կողմից վերջին տաս տարիների ընթացքում կայացված մի քանի որոշումները, որոնցում հստակ նշվում է, որ Հայաստանում գործող ոլորտային օրենսդրությունն ու առկա պրակտիկան չեն համապատասխանում համաձայնագրի պահանջներին և անհրաժեշտություն կա կատարել օրենսդրական լուրջ բարեփոխումներ` դրանք համապատասխանեցնելով համաձայնագրի դրույթներին:

Հայաստանում այսօր գործում է 15 բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոն (Օրհուս կենտրոն), որոնք Մաստրիխտի դեկլարացիայի 14-րդ կետով ճանաչվել են Օրհուսի համաձայնագրի դրույթների իրականացման կարևոր դերակատարներ: Ըստ էության կենտրոնները երկրին աջակցում են իրականացնել Օրհուսի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Սակայն Հայաստանի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր պետական մարմինների աշխատանքներում` Օրհուսի համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ կան էական թերություններ, որոնք հանգեցնում են շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ առկա իրավիճակի էլ ավելի վատթարացման և երկրում ժողովրդավարության ընդհանուր մակարդակի էլ ավելի անկման:

ՀՀ Կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովին ներկայացված և արագացված ընթացակարգով ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը վերջնականապես տապալեց մեր հույսերն առ այն, որ մեր երկիրը կունենա շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին հանրության մասնակցությունը հստակ սահմանող և համապատասխան ընթացակարգերով այդ մասնակցությունը կանոնակարգող ու ապահովող օրենք։

Համեմատելով նախկինում գործող և ներկայումս ընդունման գործընթացում գտնվող նոր օրենքը՝ ՇՄԱԳ գործընթացին հանրության մասնակցության կանոնակարգման մասով, կարելի է ասել, որ վերջինս ոչ միայն չի նախատեսում ավելի հստակ և մատչելի պայմաններ որոշումերի կայացմանը հասարակության մասնակցության համար, այլև սահմանափակում է հանրության մասնակցության օրինական իրավունքներն ու հնարավորությունները։

Նոր Օրենքում հանրության մասնակցության մասով ոչ միայն չեն բարելավվել գոյություն ունեցող դրույթները, այլ ընդհակառակը, վատթարացվել են.

  • սահմանված են հանրության ծանուցման ավելի կարճ ժամկետներ,
  •  նշված չէ հանրության կարծիքը ներկայացնելու ժամկետ,
  • նախկինում սահմանված եռափուլ քննարկումների փոխարեն, նախատեսվում է սահմանափակվել քննարկումների ընդամենը մեկ փուլով,
  • հստակեցված չեն գործընթացի բոլոր դերակատարների պարտականությունները,
  • գոյություն չունի հանրության մասնակցության հստակ ընթացակարգ,

այսինքն, ըստ էության արհամարվում են ժողովրդավարության հիմնական սկզբունքները, սահմանափակվում քաղաքացիների իրավունքները և հերթական անգամ անտեսվում Օրհուսի համաձայանագրի համապատասխանության կոմիտեի հ IV/9a որոշման պահանջները։ Մեր համոզմամբ, նոր օրենքն այս տեսքով գալու է Հայաստանում ժողովրդավարության հիմքերը սասանելու, հանրության մասնակցության իրավունքը սահմանափակելու և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում էլ ավելի մեծ խառնաշփոթ և իրարանցում առաջացնելու:

Ելնելով վերը շարադրվածից, դիմում ենք Ձեզ, խնդրելով չստորագրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և այն վերադարձնել ՀՀ Ազգային ժողով` հանրության հետ քննարկումների նոր փուլ անցկացնելու և դրանում համապատասխան փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Ակնկալում ենք Ձեր ողջախոհ որոշումը:

Կանխավ շնորհակալություն

Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու

 Մարի Չաքրյան

 Ալավերդու Օրհուս կենտրոն

 Անուշ Էվոյան

 Ապարանի Օրհուս կենտրոն

 Նատալյա Մանուկյան

 Արարատի Օրհուս կենտրոն

 Վիգեն Չիլինգարյան

 Գավառի Օրհուս կենտրոն

 Լիաննա Ասոյան

 Մարինե Մազմանյան

 Գյումրու Օրհուս կենտրոն

 Գևորգ Պետրոսյան

 Գորիսի Օրհուս կենտրոն

 Նվեր Պողոսյան

 Դիլիջանի Օրհուս կենտրոն

 Ալբերդ Հարոյան

 Եղեգնաձորի Օրհուս կենտրոն

 Նարեկ Բեգլարյան

 Եղվարդի Օրհուս կենտրոն

 Ռուզաննա Մանյան

 Երևանի Օրհուս կենտրոն

 Սիլվա Այվազյան

 Իջևանի Օրհուս կենտրոն

 Դավիթ Ղազարյան

 Կապանի Օրհուս կենտրոն

 Աշոտ Ավագյան

Հրազդանի Օրհուս կենտրոն

 Անահիտ Մնացականյան

 Ժորա Առաքելյան

 Ստեփանավանի Օրհուս կենտրոն

Մանյա Մելիքջանյան

 Վանաձորի Օրհուս կենտրոն

Պերճ Բոջուկյան»:

13:23 Հուլիս 09, 2014


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news