141 ապօրինի հատված ծառ` Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին

141 ապօրինի հատված ծառ` Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2017 թ-ի դեկտեմբերի 30-ին Լոռու մարզում` Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին, հայտնաբերել է 141 ապօրինի հատված ծառ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Լուսինե Հակոբյանն էլ հայտնեց, որ հատված ծառերի մի մասը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում, մյուս մասը` Գյուլագարակ և Ամրակից համայնքների տարածքում: Լուսինե Հակոբյանի խոսքով` «Հայանտառ»-ի աշխատակիցներն են շրջայցի ժամանակ հայտնաբերել հատված ծառերը` թվով 120, և ահազանգել տեսչությանն ու ոստիկանությանը: Ըստ նրա` հատված ծառերի մեծ մասը բարդիներ են:
Նշենք, որ նույն օրը, երբ տեսչությունը հայտնաբերել է ապօրինի հատված ծառերը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Անի Անտոնյանն ահազանգ էր հնչեցրել, որ Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին հարակից 10 կմ երկարությամբ ծառաշարից հատվել է 120 ծառ, իսկ հատված կոճղերի մոտ ականատեսները տեսել են չափագրում կատարող անհայտ անձանց:
«Արդեն 60 տարի եռաշերտ ու եռաշարք կառուցվածքի շնորհիվ ծառուղին առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում` ճանապարհը պաշտպանելով ձնաբքից ու քամուց: Բացի դրանից` այն Ստեփանավանի «այցեքարտն» է», - գրել էր Անի Անտոնյանը:

Տեսչական մարմինը ներկայում գնահատում է ապօրինի ծառահատումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Լուսանկարը` Անի Անտոնյանի

Հունվար 08, 2018 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր