«Էյ Թի Փի»-ի առաջարկությունները՝ Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար

«Էյ Թի Փի»-ի առաջարկությունները՝ Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար

ԷկոԼուր

«Մենք ոգեշնչված ենք մինչև 2050 թ-ը Հայաստանի անտառածածկ տարածքների կրկնապատկման աշխատանքներում Հայաստանի բոլոր քաղաքացիների ներգրավվման գաղափարով: Այս նպատակի իրականացման ճանապարհին «Էյ Թի Փի»-ն հանձն է առնում դառնալ ՀՀ նախարարությունների ռազմավարական գործընկերն ու կիրառել բույսերի աճեցման և ծառատնկման բնագավառում իր 25-ամյա փորձն ու գիտելիքները»:

Այս մասին հայտարարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մինչև 2020 թ-ի հոկտեմբերի 10-ը ՀՀ-ում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը:

Այս հավակնոտ ծրագիրն իրականացնելու նպատակով «Էյ Թի Փի»-ն ներկայացնում է առաջարկություններ ՀՀ կառավարությանն ու համապատասխան նախարարություններին, որոնք հավաքագրվել են 2019 թ-ի հոկտեմբերին անցկացված «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառման արդյունքում:

Առաջարկություն 1. զերծ մնալ ոչ բնիկ ծառատեսակներ ներկրելուց և տնկելուց

«Էյ Թի Փի»-ն մեջբերում է Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Դեյվիսի ելույթը գագաթնաժողովին. «Շատ կարևոր է ուսումնասիրել տվյալ ծառի կամ բուսակի գենետիկ կազմը, քանի որ որևէ մեկը չի ցանկանում կորցնել հայկական բնաշխարհում հազարամյակներ շարունակ գոյատևած այդ ծառերի գենետիկ ժառանգությունը»:

Նույն կարծիքին է նաև KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամի անտառագետ Դոկտոր Օմրի Բոննեհը: Իսրայելական ազգային հիմնադրամն անտառվերականգնման ուղղված իր առաջին քայլերն սկսել էր Կենտրոնական Եվրոպայից տնկիներ և արմատակալներ ներկրելուց, որոնք, սակայն, հետագայում պարզվեց հարմարեցված չէին Իսրայելի բնակլիմայական պայմաններին: Հիմնադրամն այնուհետև որդեգրել է այլ գործելակերպ՝ արդյունքում գրանցելով տնկիների աճի և բազմացման բարձր ցուցանիշ:

Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի գիտնականներն ու ոլորտի մասնագետները ժողովի ընթացքում իրենց մտահոգությունն են արտահայտել ներկրված տնկիներից Հայաստանի էկոհամակարգ ներթափանցող հնարավոր ինվազիվ բուսատեսակների, ինչպես նաև միջատների, սնկերի և բույսերի այլ հիվանդություններ ռիսկերի առնչությամբ:

«Էյ Թի Փի»-ն նշում է, որ 25-ամյա գործունեության ընթացքում բազմացնում է տնկիներ Հայաստանում հիմնած իր 4 տնկարաներում, իսկ մի մասն էլ՝ գործընկեր տնամերձ տնկարաններում: Հիմնադրամը մինչ այժմ տնկել է միայն էնդեմիկ ծառատեսակներ, որոնք աճեցվում և վերջնական տնկման վայր են տեղափոխվում տվյալ տեղանքին կից գտնվող «Էյ Թի Փի»-ի տնկարաններից, առավելագույն բարձր կպչողականության մակարդակ ապահովելու և էկոհամակարգերը չվնասելու համար:

Առաջարկություն 2. տնկել խառը անտառներ

Ըստ «Էյ Թի Փի»-ի՝ խառը անտառների տնկմամբ հնարավորություն կստեղծվի ձեռք բերել ավելի առողջ և կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ:
Վնասատուներն ու հիվանդությունները կարող են հեշտությամբ ոչնչացնել միակազմ անտառները:
Միակազմ անտառները համեմատաբար նվազ դիմացկուն են և ավելի ենթակա հրդեհների: Խառն անտառներն ավելի շատ են մթնոլորտից կլանում ածխաթթու գազ՝ այսպիսով դրական ազդեցություն ունենալով կլիմայի փոփոխությունը մեղմելու գործընթացում, միաժամանակ օգնելով Հայաստանին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած հանձանառությունը:

Առաջարկություն 3. Դիտարկել անտառվերականգնման այլընտրանքային տարբերակներ

Վերջին առաջարկությունը վերաբերում է անտառվերականգնման այլընտրանքային տարբերակների դիտարկմանը, որը հիմնված չէ միմիայն թաղարներում բույսերի աճեցման վրա:

Հիմնվելով Հայաստանում բույսերի աճեցման և տնկման երկարատև փորձի վրա՝ «Էյ Թի Փի»-ն առաջարկում է հաշվի առնել հետևյալ մոտեցումները.

• էնդեմիկ ծառատեսակների աճեցման և վերատնկման համար ընտրել բնակլիմայական պայմաններ ունեցող համեմատաբար մոտ գտնվող տեղամասերը:
• Գարնանը և աշնանը բույսերը տնկել՝ կիրառելով բաց արմատային համակարգ: Այն նպաստում է բույսերի արագ աճին և տեղափոխմանը՝ հնարավորություն ընձեռելով վերատնկել ավելի շատ ծառեր, քան թաղարների օգտագործման պարագայում:

• Նոր տեխնոլոգիաներ փորձարկելու նպատակով ուսումնասիրել փորձնական ծրագրեր, ինչպես օրինակ՝ հեռակառավարվող անօդաչու սարքերի միջոցով տնկումներ:

• Տնկել սերմեր, ինչպես օրինակ կաղիններ՝ որպես լրացուցիչ տնկիներ:

 

Հունվար 14, 2020 at 15:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր