Երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը

Երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ ուղիղ երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի («ԳեոՊրոՄայնինգ»), «Թեղուտ» ՓԲԸ /«ՎՏԲ-Հայաստան» բանկի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գործունեության ազդեցության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները ներկայացրեցին իրենց հարցադրումները հետևյալ թեմաների շրջանակներում.

I. Մետաղական հանքարդյունաբերություն ունեցող համայնքների խոշորացման հետևանքով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի կիրառում: Ազդակիր համայնքների խոշորացման հետևանքով բնապահպանական և առողջապահական ծրագրերի շահառու բնակավայրի ընտրությանն առնչվող խնդիրներ:

II. Հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հատկացրած գումարներով իրականացված ծրագրերի համապատասխանությունը համայնքային կարիքներին:

Իրենց դիրքորոշումները ներկայացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի (ԱՃԹՆ ԲՇԽ) քաղաքացիական հասարակության անդամները, Քաջարանի, Կապանի, Մեղրիի, Ախթալայի, Շնողի, Գեղամասարի համայնքապետերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Որոշվեց քննարկման արդյունքում բարձրաձայնված խնդիրները և ձևավորված առաջարկությունները ներկայացնել ԱՃԹՆ ԲՇԽ-ին հետագա աշխատանքի համար:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ԷկոԼուրի նկարահանած «Ում է ծառայում մեր ընդերքի ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի նպատակն է լսելի դարձնել Քաջարան, Կապան, Մեղրի, Ախթալա, Շնող, Գեղամասար, Արարատ, հանքարդյունաբերական համայնքների բնակիչների բարձրաձայնած խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել Հայաստանում ԱՃԹՆ գործընթացը:

Քննարկման մանրամասները՝ հաջորդ հրապարակումներում:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



20:00 Հոկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news