«Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը չեղարկելու վերբերյալ ուղերձ ՀՀ վարչապետին Ալավերդու ավագանուց

«Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը չեղարկելու վերբերյալ  ուղերձ ՀՀ վարչապետին Ալավերդու ավագանուց

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 8-ին Ալավերդու ավագանու 11 անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցման մասին ՀՀ վարչապետին ուղղված ավագանու ուղերձին: Այս մասին www.armtimes.com կայքում գրել է լրագրող Էդվարդ Արզումանյանը:

Ուղերձում գրված է.
«Մեծարգո պարոն վարչապե՛տ,
Ձեզ են դիմում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամները՝ Դեբետ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման խնդրով:
Վերջին ամիսներին Ալավերդու բնակիչները խիստ մտահոգ են՝ Դեբեդին սպասվելիք էկոլոգիական աղետի պատճառով: Այսօր բոլորս ենք պատկերացնում, թե ինչ անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը Ալավերդու եւ Դեբեդի ավազանի մյուս բնակավայրերի համար: Եվ որքան էլ ծրագրի իրականացումը դրական երեւույթ որակող որոշ մասնագետներ բարձրաձայնում են ՀԷԿ-ի կարևորության ու դրա արդյունքում նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, միևնույն է՝ մենք՝ ալավերդցիներս, քաջ գիտակցում ենք մեզ սպառնացող աղետը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կսկսվեն «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Հարկ ենք համարում նշել, որ Ալավերդիում արդեն «Շնող» ՀԷԿ-ի կառուցման դեմ համայնքային ակտիվ խումբ է ձևավորվել, կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ ու հանրային քննարկումներ: Խնդիրը հրատապ է, համայնքի ակտիվ հանրությունը պատրաստ է պայքարելու մինչև վերջ: Մենք՝ համայնքի ավագանու անդամներս, պատրաստ ենք սատարելու հանրության կողմից իրականացվող ցանկացած նախաձեռնության:

Ուստի, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հույժ կարեւոր այս խնդրին և համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ չեղարկելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը»:

76ՄՎտ դրվածքային հզորությամբ «ՇՆող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել միջանցիկ ամբարտակով`օգտագործելու Դեբեդ և Մարց գետերի հիդրոէներգետիկ պաշարները։ «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 միլիոն ԱՄՆ դոլար։

ՀԷԿ-ի կառուցման համար 2017թ-ի օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ կառավարության, «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև կնքվելիք համաձայանագրին:
2017թ-ի հոկտեմբերի 25-ին էլ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեցին «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող «The Robbins Company» ընկերությունը: Այս ամերիկյան ընկերությունը «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար թունելային հորատող տեխնոլոգիա և սարքավորումներ պետք է բերեր Հայաստան:

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի համաձայն` «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն 2018թ-ի սկզբին ստորագրել է համաձայնագիր Համաշխարհային Բանկի Խմբի անդամ IFC-ի հետ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ՝ Հայաստանում «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրի զարգացմանն աջակցելու նպատակով: IFC-ն ուսումնասիրելու է նախագծի փաստաթղթերը և տրամադրելու է խորհրդատվություն կայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: «Շնող» ՀԷԿ-ի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակում է շվեյցարական Pöyry Switzerland LLC խորհրդատվական ընկերությունը:

14:39 Հունիս 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news