«Հրազդանի հարյուրավոր հեկտար անտառներ օտարվել են անհատ քաղաքացիների». բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարարին

«Հրազդանի հարյուրավոր հեկտար անտառներ օտարվել են անհատ քաղաքացիների». բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարարին

ԷկոԼուր

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը բաց նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին` կապված Հրազդանի անտառների հետ:
Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն նախարար,
վերջին քսան տարիների ընթացքում Հրազդանի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող հարյուրավոր հեկտար անտառներ՝ Ծաղկաձորում, Հանքավանում (Մարմարիկ գետի ողջ երկանքով) և Արզական-Աղվերան հատվածում, առանց լուրջ հիմնավորումների ու հասարակական լսումների, ստանալով այլ նշանակության հողատեսքի կարգավիճակ, օտարվել են անհատ քաղաքացիների:

Նման իրավիճակն աղճատել է անտառների ամբողջականությունը՝ բացասաբար անդրադառնալով անտառների պահպանության, խնամքի և զարգացման գործընթացների վրա:

Լուծված չէ անտառների տեր դարձած անհատների կողմից տվյալ անտառների պահպանության ու խնամքի գործում պատասխանատվության հարցը:

Շատ դեպքերում սակավանտառ Հայաստանի բնական անտառներն արդեն վերածվել են քաղաքաշինության ծավալման հարթակների:

Նշված տարածաշրջանը հանդիսանում է զբոսաշրջության ու հանգստի կազմակերպման կայացած միջավայր՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր՝ բացառապես անտառապատ տարածքների շնորհիվ:
Ոչնչացնելով անտառները՝ մենք ոչ միայն լուրջ վնաս ենք հասցնում Հայաստանի բնությանն, այլև արգելակում ենք տարածաշրջանում արդեն կայացած զբոսաշրջային համակարգի զարգացմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք մշակել գործուն մեխանիզմ՝ խնդիրն ուսումնասիրելու և հանիրավի օտարված անտառներն անտառային տնտեսության պետական համակարգ վերադարձնելու ուղղությամբ:

Չենք կասկածում, որ գործի կարևորության ընկալումը, երկրի ապագային միտված ողջամիտ կեցվածքն ու բարի կամքի առկայությունն, առաջին հայացքից բարդ թվացող սույն խնդրի լուծումը կդարձնեն միանգամայն հաղթահարելի:

Հետագա ոտնձգություններից անտառները պաշտպանելու ակնկալիքով՝ կարևոր է նաև նշված բոլոր անտառները ներառել ճշգրտման փուլում գտնվող Արզական - Մեղրաձոր - Մրգահովիտ պետական արգելավայրի տարածքի մեջ»:

Մայիս 24, 2018 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր