Բնապահպանական տեղեկատվության տրամադրումը սահմանափակող օրինագծի չեղարկումը պահանջող ավելի քան 240 կազմակերպությունների հայտարարությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն

Բնապահպանական տեղեկատվության տրամադրումը սահմանափակող օրինագծի չեղարկումը պահանջող ավելի քան 240 կազմակերպությունների հայտարարությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն

ԷկոԼուր

Ավելի քան 240 կազմակերպություն միացել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի անհապաղ չեղարկումը պահանջող հայտարարությանը: Օրինագիծը ՀՀ կառավարության կողմից հավանության էր արժանացել գործադիրի՝ ապրիլի 2-ի նիստում:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ՀԿ-ների հայտարարությունը և հայտարարությանը կից տեղեկանք է ուղարկել ՀՀ կառավարություն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:

Հայտարարության մեջ նշված է. «Ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով։

Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի Նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։

Մասնավորապես,

  •          Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել հայեցողությամբ։ 
  •          Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։
  •          Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։
  •          Այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը` մյուս կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը, քանի որ այն չի համապատասխանում Տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության եւ միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

  1.        ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (միավորում է 230-ից ավելի ՔՀԿ-ներ)
  2.        ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
  3.        ԷԿՈ-ՄԵԴԻԱ ՑԱՆՑ
  4.        ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ
  5.        ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
  6.        «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ԼԵԶՎԻ ԵՎ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԴՊՐՈՑ
  7.        «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  8.        «ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
  9.        «ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 20»
  10.    «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ
  11.    ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
  12.  ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանքում նշված է.

««Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը սահմանափակում է հանրության տեղեկատվության մատչելիության և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքները: Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի Նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։

Այս նախագծի վերաբերյալ ապրիլի 3-ին բացասական կարծիք է հրապարակել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը ապրիլի 2-ին հայտարարել է, որ այս նախաձեռնությունը խախտում է ՀՀ կառավարության հրապարակայնության սկզբունքը։

Ապրիլի 6-ին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ այլ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

Մեր պահանջները հիմնվում են հետևյալ փաստարկների վրա.

1. Օրհուսի կոնվենցիայի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժել միայն պետական մարմինը (տես՝ կոնվենցիայի 2-րդ՝ «հասկացություններ» հոդվածի 2-րդ կետը), այն դեպքում, երբ օրենքի նախագծում այդ լիազորությունները տարածվել են «տեղեկատվության այն բոլոր տնօրինողների վրա , որոնք ընդգրկված են «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքի 3-րդ հոդվածով (4-րդ պարբերություն): Այսինքն, ավելացված են նաև տեղական ինքնակառավարման մարմինները և հանրային նշանակության կազմակերպություններ, որոնք չեն ընդգրկված կոնվենցիայի վերը հիշատակված պետական մարմինների ցանկում: Ստացվում է, որ հանրային նշանակության մասնավոր ընկերություները և ՏԻՄ-երը նույնպես հնարավորություն կունենան մերժել բնապահպանական տեղեկատվությանն առնչվող հարցումները։

2. Օրինագծի հիմնավորման մեջ ներկայացված է կոնվենցիայի համատեքստից առանձնացված 4-րդ կետը. «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա՝ շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։ Նշենք, որ ամբողջ 4-րդ հոդվածը նվիրված է մերժման համար ստույգ, այլ ոչ ընդհանուր պատճառներին, ինչպես դա մեկնաբանում են օրինագծի հեղինակները:

3. Նշենք նաև, որ խնդրո առարկա համարվող տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են Կարմիր գրքում՝ այդ թվում համացանցում։ Թե որտեղ են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, կարող եք գտնել օրինակ այստեղ։ Ստացվում է, որ այս կարգավորումը նաև լիովին ավելորդ և ժամանակավրեպ է։

4. Նշենք, որ օրինագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է նաև մեկ այլ փաստաթուղթ՝ Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով ամրագրված Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիության մասին Խորհրդի 90/313/ԵՏՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2003 թվականի հունվարի 28-ի 2003/4/ԵՀ հրահանգը, որը, ըստ օրինագծի հեղինակների, ենթակա է կատարման ՀՀ կողմից մինչև 2020թ. առաջին եռամսյակը: Պատահական չէ, որ այս փաստաթղթին հղումն ընդհանուր բնույթ է կրում՝ առանց ստույգ դրույթի մեջբերման, քանի որ այս փաստաթղթում չկա ոչ մի դրույթ, որտեղ նշված լինեն տեղեկատվության մերժման հիմնավորուները։ Հակառակը, փաստաթուղթն ամեն կերպ ողջունում է պետական կառույցների բաց լինելը և հաշվետվողականությունը։

5. Միևնույն ժամանակ, առանց հանրային պատշաճ քննարկումների ներկայացնելով օրինագիծը ՀՀ կառավարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթը. «Հասարակության մասնակցությունն անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և/կամ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում։ Յուրաքանչյուր Կողմ ճիգեր է գործադրում՝ աջակցելու համար հասարակության արդյունավետ մասնակցությանը պետական մարմինների կողմից անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և այլ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, նախապատրաստման գործում համապատասխան փուլի ընթացքում, երբ դեռևս բաց է ընտրության հնարավորությունը։

6. Առաջարկվող նախագիծը նաև հակասում է ՀՀ այլ իրավական ակտերին, մասնավորապես, « Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է կենսաբազմազանության վրա նախատեսվող ազդեցության վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու պահանջ, ինչպես նաև հանրային լսումներ անցակցնելու հատուկ պահանջ։ Հանրային լսումներին հասարակության լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ է տեղեկատվություն այն մասին, թե արդյոք նախագծի տարածքում կան հազվադեպ հանդիպող և անհետացման եզրին գտնվող տեսակներ, թե ոչ: Բացի այդ, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է բաց եղանակով հանքի շահագործումն այն տարածքում, որտեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Հետևաբար, եթե նախատեսվող լրացումն ընդունվի, ապա այն հակասության մեջ կմտնի այս իրավական նորմերի հետ։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, ևս մեկ անգամ պահանջում ենք անհապաղ հետ կանչել այս նախագիծը»:

15:58 Ապրիլ 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news