Բնապահպանական հանրային դատարանը Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը ճանաչեց որպես էկոլոգիական հանցագործություն

Բնապահպանական հանրային դատարանը Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը ճանաչեց որպես էկոլոգիական  հանցագործություն

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն արդեն 4 տարի է՝ պայքարում են ջուր ունենալու համար: 2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող չորս բնական աղբյուրներից23/1 լ/վ չափաքանակով ջրառի թույլտվություն է տրամադրել Զոլաքար համայնքին, ինչի արդյունքում Սևանա լիճ թափվող Աստղաձոր գետի ջուրը ցամաքում է ամռան ամիսներին և Աստղաձոր գյուղը մնում է առանց ջրի:

Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել են պատասխանատու բոլոր մարմիններին՝ Աստղաձորի և Զոլաքարի համայնքապետարաններ, Գեղարքունիքի մարզպետարան, ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարություններ, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, ՀՀ դատախազություն, ՀՀ Օմբուդսմենի գրասենյակ, սակայն նրանց խախտված ջրի իրավունքը չի վերականգնվել: Բնակիչները դիմել են Բնապահպանական հանրային դատարան՝ ակնկալելով հանրային դատարանի աջակցությունը իրենց իրավունքների վերականգնման համար:

Սույն թվականի մայիսի 12-ին Բնապահպանական հանրային դատարանը հեռավար եղանակով քննեց «Աստղաձոր համայնքի բնակիչների ջրի իրավունքի խախտման մասին» բնապահպանական հանրային գործն`ըստ Աստղաձորի բնակիչ Վարդան Գրիգորյանի դիմումի:

Բնապահպանական հանրային դատարանը վճռեց.

«1. Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը և ազդեցությունը Սևանա լճի վրա, աստղաձորցիների հիմնարար իրավունքների և օրինական շահերի խախտումները նպաստել են Աստղաձոր համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է էկոլոգիական, տնտեսական և մարդու առողջության վնաս, ճանաչել որպես էկոլոգիական հանցագործություն:  

2. Ստեղծված իրավիճակի և ՀՀ օրենսդրության խախտումների համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների:

3. Դիմել ՀՀ դատախազությանը

ա/ Հարուցել քրեական գործ` Աստղաձոր գետի աղբյուրներից Զոլաքար համայնքին ջրօգտագործման թույլտվություն տված, Աստղաձոր գետը և համայնքը ջրազրկման մեջ մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ՝ վերացնելով խախտումները և վերականգնելով դրա հետևանքով պետությանը և համայնքին պատճառած վնասները

բ/ Ստուգել Զոլաքար համայնքին ջրօգտագործման թույլտվության տրամադրման և Աստղաձոր համայնքի ջրազրկման օրինականությունը, «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային ծրագրի գումարների նպատակային օգտագործումը:

4. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.

  • 1. Ստուգել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային ծրագրի իրականացման օրինականությունը և վարկային գումարների ծախսման արդյունավետությունը:

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ՝

- ՀՀ կառավարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

ա) Կատարել համալիր ստուգում պարզելու համար Աստղաձոր գետի սնուցող աղբյուրներից Զոլաքար համայնքի կարիքների համար կատարված ջրառից հետո (2016-2020թթ) գետի հոսքի նվազման, ինչպես նաև Աստղաձոր գետի ջրավազանի էկոհամակարգերի խախտումների վերաբերյալ ստացված փաստերի հավաստիությունը, Աստղաձոր գետը սնուցող աղբյուրներից ջրօգտագործման թույլտվություններ տալու օրինականությունը:

բ) Հրապարակել ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը

ա/ Ուժը կորցրած ճանաչել Զոլաքար համայնքին 2016թ. տրվածհ.00078 ջրօգտագործման թույլտվությունը, ուժի մեջ թողնել 2015թ. հ. 000350 ջրօգտագործման թույլտվությունը:

բ/ Մշտադիտարկել /մոնիտորինգ/ Աստղաձոր գետի ավազանի էկոհամակարգը, ձեռնարկել միջոցներ այն վերականգնելու համար:

- ՀՀ առողջապահության նախարարությանը

ա) Կատարել Աստղաձոր համայնքի խմելու հորերի և ոռոգման ջրերի ֆիզիկական, կենսաբանական և քիմիական լաբորատոր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում տալ ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագրեր: 

բ) Հրապարակել կատարված անալիզների փաթեթը, մասնավորապես՝ պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, անալիզների արդյունքներով տրված հանձնարարականները, կամ այդ ջրերի սանիտարական և առողջապահական նորմերին համապատասխանելու մասին   տեղեկանքը, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները։

գ) Հետազոտել Աստղաձորի բնակիչների առողջական վիճակը և անորակ խմելու ջուր օգտագործելու արդյունքում հիվանդություններ ձեռք բերած քաղաքացիների ցանկը ներկայացնել Կառավարություն՝ փոխհատուցում տրամադրելու համար / հիմք՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված 4-րդ կետ/:

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը

ա) ՀՀ Վարչապետի 11 հունիսի 2019 թվականի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի 6) ենթակետին համապատասխան, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում պետական քաղաքականության իրականացնելիս, առաջնորդվել համայնքների համաչափ զարգացման սկզբունքներով, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ մշակելու Աստղաձոր համայնքի զարգացմանն ուղղված ծրագիր, որտեղ ներառված կլինեն համայնքում առկա՝ խմելու և ոռոգման ջրի խնդիրների լուծմանը միտված միջոցառումները։

բ) Հանձնարարել Գեղարքունիքի մարզպետարանին` մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ապահովել Աստղաձոր համայնքին խմելու և ոռոգման ջրով:

գ) Միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Աստղաձոր համայնքի բնակիչների կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրով անհրաժեշտ քանակությամբ` հիգիենիկ նորմատիվների համաձայն /«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդված/:

դ) Ապահովել անորակ խմելու ջուր օգտագործելու արդյունքում հիվանդություններ ձեռք բերած քաղաքացիներին փոխհատուցման տրամադրումը` ՀՀ առողջապահության նախարարության հետազոտությունների արդյունքների հիման վրա:

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10․09․2019թ․հրամանով հաստատված հավելվածի համաձայն՝ ապահովել պետական սեփականություն հանդիսացող «Սևանա լիճ» և «Աստղաձոր գետ» ջրային համակարգերի կայուն կառավարումն ու օգտագործումը:
  • Վերահսկողություն սահմանել այդ համակարգերից ջրի արդարացի վերաբաշխման, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանափակումների և նորմերի պահպանման նկատմամբ:
  • Միջոցներ ձեռնարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքին որակյալ ոռոգման ջրով ապահովելու, ոռոգման ցանցի վերանորոգման, ոռոգման սեզոնին ՀՏԿ-ների անխափան աշխատանքներն ապահովելու ուղղությամբ՝ բացառելով ջրակորուստները:

5. Դիմել ՀՀ Գեզարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավարին և ավագանուն՝

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել խմելու և ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ՝ համապատասխան հիմնավորումներով
  • Մշակել համայնքի խմելու և ոռոգման ջրի ապահովմանն ուղղված /մատակարարում, գործող ցանցերի հիմնավերանորոգում/ միջոցառումների ծրագիր, գտնել այդ ծրագրերի համաֆինանսավորման միջոցներ և աղբյուրներ, այն քննարկման ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»:



Մայիս 27, 2020 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր