Ինչու ուժը կորցրած չեն ճանաչվում հանքարդյունաբերական ոլորտում ժամկետնանց փորձաքննական եզրակացությունները

Ինչու ուժը կորցրած չեն ճանաչվում հանքարդյունաբերական ոլորտում ժամկետնանց փորձաքննական եզրակացությունները

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարությունը ուժը կորցրած չի ճանաչել դրական փորձաքննական եզրակացություն ունեցող, սակայն չիրականացվող հանքարդյունաբերական ծրագրերը, քանի որ չունի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից համապատասխան տեղեկատվություն: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան 19.08.2019թ. թիվ 5/07.1/52174 նամակով հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

ԷկոԼուրը հարցում էր ուղարկել նախարարություն՝ տեղեկանալու, թե արդյոք ուժը կորցրած են ճանաչվել մասնավորապես`

• 19.09.2015թ. «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման և ֆաբրիկայի կառուցման և շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության (ՇՄԱԳ) վերաբերյալ» թիվ ԲՖ 74

• 21.12.2015թ. «Թաթսթուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» ԲՓ 96

• 29.06.2017թ. «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական ԲՓ 60 բնապահպանական դրական եզրակացությունները:

Հարցման համար հիմք էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»: Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը նամակով հայտնել է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկման իրավասություն, ուստի փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ինչը «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի վերաբերյալ դեռ չի ստացվել:

«Թաթսթուն» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման» նախատեսվող գործունեության իրականացումն սկսելու վերաբերյալ համապատասխան հարցմամբ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որտեղից ստացվել է պատասխան, որ նշված տեղեկատվությունը հնարավոր կլինի տրամադրել առաջիկայում ընկերությունում ստուգումներ իրականացնելուց հետո»։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N 428-Ն որոշմամբ հաստատված «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=97404) համաձայն՝ բնապահպանական տեսչությունը ստուգում է իրականացնում ձեռնարկությունում, եթե

1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի եւ փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու.

3) սույն հոդվածի (ՇՄԱԳՓ օրենքի 21-րդ հոդված)1-ին մասով ներկայացված պայմանները չեն կատարվել սահմանված ժամկետներում:

Մինչդեռ Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պաշտոնական կայքում տեղադրված վերոնշյալ ընկերությունների հրապարակային հաշվետվությունների համաձայն՝ փորձաքննական եզրակացություն ստանալուց հետո նրանք գործունեություն չեն ծավալել և արտադրություն չեն տվել: Սույն կարգի 15-րդ կետի համաձայն, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացությունը տալուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա եզրակացությունը կորցնում է ուժը, և պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն:

ԷկոԼուրը նաև հարցրել է նախարարությանը, թե արդյոք կատրավում են ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 191-Ն «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման պահանջները, որոնք վերաբերում են մշտադիտարկման արդյունքների հաշվետվությունների հրապարակմանը: Շրջակա միջավայրի նախարարության կայքում տեղադրված են միայն «ԹԵՂՈՒՏ», «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ», «ԼԻՃՔՎԱԶ», «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ների և «ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի հաշվետվությունները: Այս կապակցությամբ պատասխան նամակում նշված է.

«Ընդերքօգտագործման պայմանագրերի կնքման և իրավաբանական անձանց գրավոր զգուշացում ներկայացնելու լիազորությունները՝ համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, վերապահված են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառի լիազոր մարմնին (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ներկայումս՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը):

Շրջակա միջավայրի նախարարությունը 14.03.2018թ-ի N1/02.2/10534, 17.04.2018թ-ի N1/02.2/10826, 18.11.2018թ-ի N1/02.2/42545, 18.02.2019թ-ի N1/02.2/10319 և 14.06.2019թ-ի N1/02/11400 գրություններով դիմել է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառի լիազոր մարմնին՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման և սահմանված կարգով դրանց դրանց արդյունքների ներկայացման անհրաժեշտության մասին ընդերքօգտագործողների իրազեկումն ապահովելու առաջարկով»:

 

13:54 Սեպտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news