ԷկոԼուրը և Արարատյան դաշտի համայնքների բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով

ԷկոԼուրը և Արարատյան դաշտի համայնքների բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղարկել Արարատի մարզի Սայաթ Նովա, Հայանիստ, Արմավիրի մարզի Արտաշար և Տարոնիկ համայնքների ջրի խնդիրների վերաբերյալ։ Նամակին կից ՀՀ վարչապետին է ուղարկվել վերոնշյալ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում պահանջագիր։

ԷկոԼուրի նամակում նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Դիմում ենք Ձեզ Արարատյան դաշտի համայնքներում մարդու հիմնարար և կյանքի համար անբաժանելի ջրի իրավունքի զանգվածային խախտումների խնդրի կապակցությամբ: Համայնքներում ջրի անարդարացի բաշխումը, առողջության և կյանքի համար համապատասխան որակի և քանակի ջրի հասանելիությունը լուրջ խնդիր է: Ջրի իրավունքի խախտումները հանգեցրել են կոնֆլիկտների, սոցիալական վիճակի վատթարացման:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը «Պաշտպանիր ջրի նկատմամբ իրավունքը» դրամաշնորհային ծրագիր է իրականացրել և ուսումնասիրել է Արարատի մարզի Սայաթ Նովա, Հայանիստ և Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքներում խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը և որակը։

Վերջին 15 տարիների ընթացքում հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն.խմ/տարի: 55 խմ/վրկ ջրաքանակից միայն ձկնաբուծության նպատակով ջրառը կազմել է 35 խմ/վրկ կամ 1100 մլն.խմ/տարի:

Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12.0 խմ/վրկ, կամ ավել է իրականացվում ջրառ 23 խմ./վրկ, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 720 մլն.խմ/տարի:

Մեր պիլոտային ուսումնասիրությունները վերոնշյալ 4 համայնքներում պարզել են, որ.
• Սայաթ Նովա համայնքում 130 հա հող չի ոռոգվում ջրի բացակայության պատճառով, իսկ խմելու ջուրը ոչ բոլոր տների ծորակներից է հոսում և ունի տհաճ համ և հոտ, բնակիչների մի մասը ստիպված հարևան համայնքներից է ջուր բերում:

• Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասն ընդհանրապես խմելու ջուր չունի արդեն 30 տարի, թեպետ 2018թ-ին ՀՀ կառավարության աջակցությամբ Գետաշեն թաղամասում կառուցվել է ներքին ցանց՝ 10,5 միլիոն դրամ արժեքով: Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրաժարվում է սպասարկել թաղամասում կառուցված ջրի ներքին ցանցը: Այսպիսով, գումարները ծախսվել են անարդյունավետ մասնավոր ընկերության պատճառով: Ոռոգման ցանցի բացակայության պատճառով մշակվում է Հայանիստի վարելահողերի ընդամենը 20 տոկոսը: Ջուր չլինելու պատճառով համայնքի 60 հա գյուղատնտեսական նշանակության հողեր ճանաչվել են անջրդի:

• Տարիներ շարունակ Մեծամոր, Արմավիր քաղաքների կոյուղաջրերը հոսում են Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք համայնքների ոռոգման համակարգ և մատակարարվում համայնքներին որպես ոռոգման ջուր: Նախկինում ոռոգման ջրում նույնիսկ խոլերայի բացիլներ են հայտնաբերվել: Հատկապես ամռան սեզոնին համայնքներում տարածվում է գարշահոտություն, ստեղծվում հակասանիտարական վիճակ: Ռիսկ կա, որ կեղտաջրերը մի օր կթափանցեն Արտաշարի խմելու ջրագիծ, որը մաշված է:

• Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը խմելու ջուր չունի: Բարեգործական մի կազմակերպության օգնությամբ խորքային հոր է փորվել, որը խմելու ջրով ապահովում է համայնքի բնակչության մի չնչին մասին: Սակայն ոչ բոլոր բնակիչներն են վստահում այդ ջրի որակին և ջուրը կամ գնում են, կամ բերում հարևան համայնքներից: Հողային հուներով հոսող ջուրը չի հասնում հեռվում գտնվող հողատարածքներին, և դրանք չեն մշակվում:

2016 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված «Վերափոխելով մեր աշխարհը. կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը» բանաձևը, որի իրագործմանը ներգրավված է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Փաստաթղթի սահմանած 17 նպատակներից 6-րդը վերաբերում է մաքուր ջրին և կեղտաջրերի մաքրմանը, որի շրջանակներում 2030 թվականի համար սահմանված են հստակ թիրախներ՝ միտված բնակչության համար մաքուր ջրի հասանելիության ապահովմանը և ընդլայնմանը։

Վերոգրյալից բացի, ՀՀ կողմից վավերացման փուլում է «Անդրսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի մասին» կոնվենցիայի «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը, որը պարտավորեցնում է Կողմերին բնակչության համար ապահովել մաքուր խմելու ջրի հասանելիություն, և կեղտաջրերի մաքրման ծառայություններ՝ սահմանելով համապատասխան որակի ստանդարտներ և հնարավորինս բացառելով ջրային ռեսուրսների անտնտեսվար օգտագործումը։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել մարդու ջրի հիմնարար իրավունքը. դա մարդու արժանավայել կյանքի անհրաժեշտ պայման է: Սակայն Հայաստանում մարդու ջրի իրավունքը ոչ մի իրավական ակտով ֆիքսված չէ: Գործող օրենսդրությունը, որն աջակցում է այդ իրավունքի ապահովմանը, իրականում չի կիրարկվում, ինչպես նաև ունի իրարամերժ դրույթներ:

Օրինակ. «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է. «Քաղաքների և այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրի անհրաժեշտ քանակությամբ՝ հիգիենիկ նորմատիվների համաձայն:
Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին»:
Իր հերթին ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից եւ հյուծումից»: Սակայն նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում», իսկ 101րդ հոդվածը թույլատրում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը կառավարության սահմանած կարգով:

Դիմում ենք Ձեզ, որպեսզի ապահովվի Արարատյան դաշտի համայնքների` ի դեմս Արտաշարի, Տարոնիկի, Սայաթ Նովայի և Հայանիստի, բնակիչների ջրի նկատմամբ իրավունքի իրացումը՝ ունենալու համապատասխան որակի և քանակի խմելու և ոռոգման ջուր:

Առաջարկում ենք.

• Օրենքով սահմանում տալ ջրի նկատմամբ մարդու իրավունքին` ապահովելով ջրի լիարժեք հասանելիությունը և կյանքի և առողջության պահպանության համար անհրաժեշտ համապատասխան որակը

• 2002թ. ընդունված ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջի համաձայն`մշակել և ընդունել «Խմելու ջրի մասին» ՀՀ օրենքը

• ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջի համաձայն` հաստատել ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը, ինչպես նաև հաստատել կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը` ապահովելու մարդու առողջության և գյուղմթերքի անվտանգությունը

• Բարեփոխել ջրի վերաբերյալ իրավական ակտերը` վերացնելու իրարամերժ դրույթները և ուժեղացնելու ջրի իրավունքի ամրագրումն ազգային օրենսդրության մեջ և դրա` սահմանված կարգով պաշտպանությունը

• Արմատական գործողություններ ձեռնարկել` բացառելու Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների գերշահագործումը` վերականգնելու ստորերկրյա ջրերի հաշվեկշիռը

• Վերանայել խմելու և ոռոգման ջրի բաշխմամբ և մատակարարմամբ զբաղվող ընկերությունների իրավական հարաբերությունները խմելու և ոռոգման ջրի արդարացի բաշխման ապահովման համար»:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

17:00 Հուլիս 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news