«Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Սևանա լճին սպառնացող վտանգների մասին»  գործի Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

ԷկոԼուր

«Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրը մայիսի 27-ին ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Տվյալ գործով դատավարությունը տեղ է ունեցել սույն թվականի մայիսի 8-ին: Դիմումը Բնապահպանական հանրային դատարան էր ներկայացրել «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը: Բնապահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան, Հրանուշ Խառատյան, Զարուհի Հովհաննիսյան, Ինգա Զարաֆյան, Սաթիկ Բադեյան կազմով, վճռեց.

1. Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի խախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:  

2. Ստեղծված իրավիճակի և ՀՀ օրենսդրության խախտումների համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին, ՀՀ Ջրային կոմիտեին, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

2. Դիմել ՀՀ Դատախազությանը` պահանջելով.

ա/ Հարուցել քրեական գործ` Սևանա լճի ափերի տարածքների ապօրինի օտարում և կառուցապատում թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ վերացնելով խախտումները և վերականգնելով դրա հետևանքով պետությանը պատճառած վնասները

բ/ Ստուգել Սևանա լճի առափնյա տարածքների վարձակալության պայմանագրերի օրինականությունը

գ/ Ստուգել Սևանի սիգի և այլ ձկնատեսակների վերամշակման և պահածոյացման արտադրամասերի գործունեության օրինականությունը, հայտնաբերել օրինախախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց

դ/ Ստուգել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման համար 2010-2017թթ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ տրամադրված և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գումարների նպատակային ծախսումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

ե/ Ստուգել ՀՀ Կառավարության որոշումներով 2013թ-ից սկսած Սևանա լճի շրջակայքում` ջրածածկման ենթակա տարածքներում, անտառմաքրման աշխատանքների իրականացման համար  պետական բյուջեից տարեկան 125,4 միլիոն դրամ, և ձկան պաշարները արժեքավոր ու հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման նպատակով 60,0 միլիոն  դրամ հատկացված գումարների նպատակային ծախսումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

զ/ Ստուգել ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման, Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքերի /Սոթք, Շորժա, Ամուլսար և այլ/ շահագործման համար տրված փորձաքննական դրական եզրակացությունների օրինականությունը /հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցությունը/, օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

է/ Քննություն կատարել Սևանի կոլեկտորի գույքի ոչնչացման և հափշտակության վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

թ/ Ստուգել ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների համար «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ին հատկացված գումարների նպատակային ծախսումը, ջրի կորուստների պատճառները, խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

4. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.

ա/ Վերահսկել - «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին» ՀՀ օրենքների կիրարկումը և ՀՀ օրենսդրության խախտում թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության:

բ/ Վերահսկել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019թ. տարեկան ծրագրի իրականացումը և բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսումը, ստուգել նախորդ տարիների ծրագրերի իրականացումը և գումարների նպատակային ծախսումը:

գ/ Չնախատեսել Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողումներ մինչև լճի մակարդակը չհասնի` ծովի մակերևույթից 1903,5մ նիշին: Բացառել էներգետիկ նպատակով ջրի բացթողումը և լճի բացասական հաշվեկշիռը:

դ/ Ստեղծել «Սևան» ազգային պարկին հարակից համայնքներում բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող աղբավայրեր:

ե/ Կազմակերպել Սևանա լճի ջրհավաք ավազանի համայնքների Սևան թափվող կոյուղաջրերի մաքրումը:

զ/ Արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցումը և միջոցներ ձեռնարկել կառուցված ՓՀԷԿ-երի փակման ուղղությամբ:

է/ Արգելել Սևանա լճի ջրհավաք ավազանում նոր հանքերի շահագործումը, միջոցներ ձեռնարկել գործող հանքերի` շրջակա միջավայրին պատճառող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

ը/Հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարությանը մշակել և իրականացնել ծրագիր նախարարության կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման և կանխարգելման ուղղությամբ:

թ/ Ստուգել «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից  համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017թթ. հատկացված է 9,0 միլիարդ դրամ գումարի նպատակային օգտագործումը և ծրագրի իրականացման օրինականությունը:

ժ/ Վերահսկել Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագրի իրականացումը և Կառավարության կողմից հատկացված գումարների նպատակային ծախսումը

ժա/ Գործարկել Որոտան-Արփա թունելը

ժբ/ Ստուգել անտառմաքրման աշխատանքների իրականացման, արժեքավոր ու հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման համար  պետական բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսումը

ժգ/ Արգելել Սևանի սիգի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը:

ժդ/ Մշակել ««Սևանա» լճի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

2. Հանձնարարել.՝

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ա/ Միջոցներ ձեռնարկել Սևանա լճի առափնյա տարածքներում հողերի ապօրինի օտարման և վարձակալության պայմանագրերի լուծման համար

բ/ Միջոցներ ձեռնարկել Սևանա լճում ձկան ապօրինի որսը կանխարգելելու ուղղությամբ

դ/ Սևանա լճի շուրջ իրականացնել անտառատնկման աշխատանքներ

ե/ Սևանա լճի ափամերձ տարածքներում նոր օբյեկտների նախագծային փաստաթղթերը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթարկելիս`  պարտադիր պայման նախատեսել այդ օբյեկտների կեղտաջրերի մաքրումը` կենսաբանական մաքրման կայանների միջոցով: /ՀՀ կառավարության  2006 թվականի  մարտի 23-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների բնակավայրերում և բնակավայրերից դուրս օբյեկտների շահագործումից առաջացող կեղտաջրերի մաքրման մասին» N 397-Ն որոշում/

զ/ Արգելել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործումը

է/ Պատշաճ վերահսկողություն ապահովել «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտիների ռեժիմի պահպանման նկատմամբ

ը/  Ապահովել  Ազգային պարկի արգելոցային գոտիներում՝ Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը

թ/ Պահպանել և վերականգնել  «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրում գիհիների և կաղնու տեսակների բնական միջավայրը:

 ՀՀ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ

ա/ Միջոցներ ձեռնարկել ոռոգման ցանցի վերանորոգման համար՝ բացառելով ջրի կորուստները

բ/ Բացառել Սևանա լճից ջրի բացթողումները, եթե առկա է բացասական հաշվեկշիռ:

գ/ Հսկողություն իրականացնել`օրենքով սահմանված կարգով, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության նկատմամբ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ

ա/ Խստացնել վերահսկողությունը «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքներում։

բ/ Կատարել իրականացված ստուգումների վերլուծություն և յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնել հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկներ։

գ/ Հրապարակել ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ

ա/ Խստացնել վերահսկողությունը Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքներում շինարարական հատուկ թույլտվությունների տրամադրման և շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ։

բ/ Կատարել իրականացված ստուգումների վերլուծություն և յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնել հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկներ։

գ/ Հրապարակել ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները:

5. Դիմել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին` պահանջելով.

ա/ Ուսումնասիրել վճռում ներկայացված խնդիրները

բ/ Կազմակերպել մասնագիտական քննարկումներ Սևանա լճի վերաբերյալ

գ/ Մշակել առաջարկությունների փաթեթ Սևանա լճի անվտանգության վերաբերյալ` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:

18:37 Մայիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news