Օզոնային շերտի պահպանության նպատակով հայաստանյան երեք ուսումնական հաստատություններում կբացվի նոր մասնագիտություն

Օզոնային շերտի պահպանության նպատակով հայաստանյան երեք ուսումնական հաստատություններում կբացվի նոր մասնագիտություն

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 4-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ բնապահպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները ստորագրեցին փոխըմբռման հուշագիր «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանությաննախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հայաստանյան երեք ուսումնական հաստատություններում բացել նոր մասնագիտություն` սառեցման և օդորակման ոլորտում օզոնաանվտանգ եղանակով սպասարկող մասնագետների պատրաստելու նպատակով: Նաև նախատեսվում է ուսումնական հաստատությունները համալրեր ժամանակակից տեխնիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներով: Ընտրված հաստատությունները գտնվում են Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում: ՀՀ կրթության ևգիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հայտնեց, որ Երևանում ընտրվել է տարածաշրջանային թիվ 2 քոլեջը, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում ուսումնական հաստատությունները դեռ ընտրված չեն: Դեռ որոշված չէ նաև մասնագիտության անվանումը: ԿԳՆ-ի Նախնական միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` սկզբնական փուլում նախատեսվում է կարճաժամկետ կրթություն: «Եթե գրավչությունը մեծ լինի, կանցնենք երկարաժամկետ կրթության», - ասաց նա:

«Շատ կարևոր է նաև երկիր ներմուծվող նմանատիպ նյութերի տարբերակումը: Այսօր մենք առաջնորդվում ենք նշագրերով և խնդիր ունենք այդ նյութերը գործնականում ստուգելու: Ծրագրի շրջանակներում նախատեսել ենք, որ բոլոր սահմանային անցակետերի համար ձեռք են բերվելու համապատասխան չափիչ սարքեր, որոնցով կստուգվի նյութերի իսկությունը` անկախ տարրայի նշագրումից», - նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

«Օզոնային շերտի պահպանությունը կարևորագույն խնդիր է: Օզոնաքայքայիչ նյութերը հանդիսանում են նաև հզոր ջերմոցային գազեր, և դրանք փոխարինելիս մենք մեր ներդրումն ենք անում գլոբալ տաքացման դեմ պայքարում», - ասաց «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը:

«Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ: Նպատակն է օժանադակել Հայաստանին կատարել 2020 թ-ի համար Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները` 66.6 տոկոսով կրճատել հիդրոքլորֆտորածխածինների օգտագործումը:

Հիդրոքլորֆտորածխածինները օզոնաքայքայիչ նյութեր են, օգտագործվում են սառեցման, օդորակման տեխնիկայի ոլորտում:

Ապրիլ 04, 2018 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր