Քաղաքացիական հասարակությունը դարձնենք ակտիվ խաղացող գլոբալ տաքացման զսպման գործընթացում

Քաղաքացիական հասարակությունը դարձնենք ակտիվ խաղացող գլոբալ տաքացման զսպման գործընթացում

ԷկոԼուր

Մինսկում սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցած Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ)  ֆորումում Հայաստանի աշխատանքային  խումբն առաջարկեց ընդունել այնպիսի ֆինանսական մեխանիզմ, որը թույլ կտա քաղաքացիներին տնօրինել գլոբալ տաքացման զսպմանն ուղղված միջոցները: Այդ մեխանիզմը քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամն է, այսինքն` երկրի բոլոր քաղաքացիներին հավասարապես պատկանող ֆինանսական կապիտալ: Հիմնադրամը մշտապես մուտքեր կունենա բնապահպանական վճարներից, էկոհամակարգային ծառայությունների համար վճարներից, «ածխածնային հարկերից» եւ այլն:

«Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի «Ցածր ածխածնային քաղաքների համար կանաչ էներգիայի սխեմաներ» թեմայով ելույթից. «Որպես անբաժանելի սեփականություն` հիմնադրամի քաղաքացիներին պատկանելը կամա թե ակամա քաղաքացիներին կտա պատվիրատուի անօտարինելի իրավունք, այլ ոչ թե կլիմայի փոփոխության մեղմանը, կամ կլիմայի փոփոխության նկատմամբ   հարմարվողականությանն ուղղված այ կամ այն նախագծի պասիվ դիտորդի իրավունք…»:

Արամ Գաբրիելյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, թե ում է պետք համարել ԳԷՀ-ի նախագծերում շահագրգիռ կողմ: «Համարվում է, որ շահագրգիռ կողմ են կառավարական կառույցները, մասնավոր հատվածը, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառավարման եւ ինքնակառավարման տեղական մարմինները, եւ միայն ամենավերջում տեղի համայնքները եւ ՀԿ-ները:

Մեր տեսանկյունից այստեղ ամեն ինչ գլխի վայր է շուռ տված:

Մենք համարձակվում ենք պնդել, որ միակ շահագրգիռ կողմը քաղաքացիական հասարակությունն է: Մնացած բոլոր կողմերն ունեն իրենց հատուկ գործառույթներն ու շահերը, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել  քաղաքացիական հասարակության շահերին: Այդ կողմերից որոշները (պետական, այդ թվում կառավարության հաստատությունները) կոչված են սպասարկելու քաղաքացիական հասարակությանը կառավարչական ընթացակարգերով, իսկ բանկերի եւ մասնավոր հատվածի խնդիրը միայն շահույթ հետապնդելն է:

Հետաքրքիր է նկատել, որ երբ խոսվում է քաղաքացիական հասարակության շահագրգռվածության մասին, ապա օգտագործվում են «ներգրավվածություն» կամ «մասնակցություն» եզրերը: Սա շատ հատկանշանակ է: Այսինքն, փոխանակ քաղաքացիական հասարակությունը լինի պատվիրատու, իսկ մնացած բոլոր մասնակիցները` կապալառուներ, այսինքն` քաղաքացիական պատվերի կատարողներ, ամեն ինչ հակառակն է»:

Արամ Գաբրիելյանը նշեց, որ խնդիրը նրանում է, որ քաղաքացիական հասարակությունը չունի սեփականություն եւ ֆինանսներ, ինչի արդյունքում բնակչությունը ֆինանսական հոսքերի եւ մասնավոր սեկտորի օգտին պետության եւ քաղաքապետարանների կողմից սեփականության օտարման պասիվ  դիտորդ է:

Այստեղից հետեւում է լուծումը` քաղաքացիական հասարակությունը պետք է սեփականություն եւ սեփական ֆինանսական ռեսուրսներ ունենա:

«Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ  քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը  կլուծի կլիմայի փոփոխության բոլոր խնդիրները, բայց մեր կարծիքով, դա անհրաժեշտ եւ առաջնահերթ պայման է, որպեսզի չդոփենք տեղում, այլ առաջ շարժվենք»,- եզրակացրեց Արամ Գաբրիելյանը:

Ֆորումի ընթացքում նաեւ ԳԷՀ-ի ազգային համակարգող Գրիշա Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական զեկույցը:

16:20 Հոկտեմբեր 07, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news