2019 թ-ին տնտեսական աճի տեմպերը ամենացածրն են եղել վերջին 10 տարվա ընթացքում. ՄԱԿ-ը կոչ է անում հնարավորինս շուտ անցում կատարել «կանաչ» տնտեսության

2019 թ-ին տնտեսական աճի տեմպերը ամենացածրն են եղել վերջին 10 տարվա ընթացքում. ՄԱԿ-ը կոչ է անում հնարավորինս շուտ անցում կատարել «կանաչ» տնտեսության

ԷկոԼուր

2019 թ-ին տնտեսական աճի տեմպերը ամենացածրն են եղել վերջին 10 տարվա ընթացքում: Սա «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները» նոր զեկույցի եզրակացությունն է, հայտնում է ՄԱԿ-ը:

Զեկույցի տվյալների համաձայն՝ 2019 թ-ին համաշխարհային տնտեսությունը կանգնած է եղել լճացման եզրին. իրական աճը կազմել է ընդամենը 2,3 տոկոս: Զեկույցի հեղինակները սա կապում են առևտրային վեճերի և կլիմայի փոփոխության հետ՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունը լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհում տնտեսական զարգացման և ընդհանուր առմամբ բնակչության բարեկեցության համար: Նրանք կոչ են անում քաղաքական գործիչներին կարգավորել առևտրային վեճերը և հնարավորինս շուտ անցում կատարել «կանաչ» տնտեսության» և ակտիվորեն զարգացնել վերականգնվող էներգիան:

2020 թ-ի զարգացման հեռանկարները հուսադրող չեն. այս տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպերը հավանաբար կբարձրանան մինչև 2,5 տոկոս: Այնուամենայնիվ, նույնիսկ այդպիսի նվազագույն վերականգնման հեռանկարը հարցականի տակ է: Փորձագետները մտավախություն ունեն, որ առևտրային հարաբերություններում լարվածության սրումը, ֆինանսական ցնցումները կամ աշխարհաքաղաքական լարվածության սրումը կարող են խաթարել տնտեսական վերականգնման գործընթացը: Անբարենպաստ սցենարի պայմաններում համաշխարհային տնտեսության գլոբալ աճն այս տարի կարող է դանդաղել և կազմել մինչև 1,8 տոկոս:

Այս իրավիճակում տնտեսագետները խորհուրդ են տալիս քաղաքական գործիչներին ոչ միայն ՀՆԱ աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, այլ նաև ձգտել բարձրացնել հասարակության բոլոր շերտերի բարեկեցությունը: Դրա համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ անել կայուն զարգացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտներում:

ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ և տնտեսական զարգացման գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էլլիոթ Հարիսն ընդգծում է էներգետիկ մատակարարման նոր համակարգին անցնելու հրատապ անհրաժեշտությունը: Շատ պետություններ նախկինի նման կայացնում են անհեռատես որոշումներ. ավելացնում են ներդրումները նավթի, գազի հանքավայրերի հետախուզման ոլորտներում և ածուխ պարունակող կայաններում էներգիայի արտադրության մեջ: Սա, ըստ տնտեսագետների, ոչ միայն կարող է հանգեցնել անսպասելի ցնցումների և կորուստների, այլ նաև լուրջ խոչընդոտներ է ստեղծում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նպատակներին հասնելու համար: Այսօր էներգետիկայի ոլորտին բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների շուրջ երեք քառորդը:

Եթե զարգացող երկրներում մեկ շնչի հաշվով արտանետումները բարձրանան զարգացած երկրներում արձանագրված մակարդակի, ապա ածխածնի գլոբալ արտանետումների ընդհանուր ծավալը կավելանա ավելի քան 250 տոկոսով, մինչդեռ գլոբալ նպատակն է մինչև 2050 թ-ը հասնել զրոյական արտանետումների: Սա նշանակում է, որ արտանետումների արտադրված ծավալը չպետք է գերազանցի բնությունը կլանվածը:

Զեկույցի հեղինակները կոչ են անում չհետաձգել էներգիայի մատակարարման նոր համակարգին անցում կատարելը: Նրանք վստահ են, որ մաքուր էներգիայի մասնաբաժնի ավելացումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, այլ նաև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ շատ երկրների համար:

Հունվար 21, 2020 at 14:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր