Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը

ԷկոԼուր

Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը, որը սահմանվել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Այս տոնը նշվում է 1961 թ-ից: Տոնի նշանաբանն է՝ «Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:

Օդերևութաբանության համաշխարհային օրն անցկացվում է լայն հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով: Այսօր կլիմայի արագ փոփոխությունը մարդկության առջև ծառացած շրջակա միջավայրի լրջագույն խնդիրներից մեկն է: Դա դրսևորվում է ոչ միայն եղանակային պայմանների փոփոխությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ կամ նվազմամբ, այլև ավերիչ աղետների տեսքով, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտը, ցունամինները և այլն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր բնական աղետների ավելի քան 80%-ը օդերևութաբանական կամ հիդրոլոգիական ծագում ունեն:

Հայաստանում ևս նկատվում են կլիմայի փոփոխության բացասական հետևանքները:

Այսպես, 1975-2016 թթ-ին ընկած ժամանակահատվածում Հայաստանում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների թիվն աճել է 20% -ով ՝ համեմատած 1961-1990 թթ-ի հետ: Կլիմայի փոփոխությունն այլ գործոնների հետ մեկտեղ ազդում է կենսաբազմազանության վրա, անտառային էկոհամակարգերի, նպաստում հողերի դեգրադացիային, դիտվում է եղանակային արտակարգ երևույթների աճ, ինչպիսիք են հեղեղումները, ուժեղ քամիներն ու երաշտը:

Հայաստանում կլիմայի փոփոխությունը զարգանում է անբարենպաստ սցենարներով: ՀՀ-ում կլիմայի փոփոխության մասին 3-րդ ազգային հաղորդագրության համաձայն, կանխատեսումները հետևյալն են.

• գետային հոսքը մինչև 2030 թ-ը կնվազի 11,9% -ով, մինչև 2070 թ-ը՝ 24% -ով, իսկ մինչև 2100 թ-ը՝ 37.8% -ով

• ալպյան և ենթալպյան արոտավայրերի մակերեսները կկրճատվեն 19 և 22% -ով համապատասխանաբար, իսկ կիսաանապատային և մարգագետնային տափաստանային տարածքների մակերեսները կնվազեն 17% -ով

• անտառային էկոհամակարգերը կտուժեն հրդեհներից, հիվանդություններից և վնասատուների զանգվածային բազմացումից, ինչը մինչև 2030 թ-ը կարող է հանգեցնել 14000-ից մինչև 17000 հեկտար անտառային տարածքների կորստի

• ագրոկլիմայական գոտիները մինչև 2030 թ-ը կտեղափոխվեն 100 մետր ավելի բարձրության վրա, իսկ մինչև 2100թ-ը`200-400 մետր

• կշարունակվի գյուղատնտեսական նշանակության հողերի արտադրողականության անկումը և դեգրադացիան, ընդ որում, լրացուցիչ ոռոգման ջրի անհրաժեշտությունը կկազմի մոտ 202 միլիոն խմ:

Նշենք, որ 2015 թ-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթին և այն ներկայացրեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն 2015 թ-ի սեպտեմբերի 22-ին ՝ պարտավորվելով 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում, ինչպես նաև նախանշեց երկարաժամկետ նպատակ`ավելացնել անտառածածկ տարածքների մակերեսը 20.1% -ով:

13:39 Մարտ 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news