Կլիմայի փոփոխությունը Հարավային Կովկասում. վտանգները և լուծումները

Կլիմայի փոփոխությունը Հարավային Կովկասում. վտանգները և լուծումները

ԷկոԼուր

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կլիմայի փոփոխությունը Հարավային Կովկասի երկրների վրա, և այդ փոփոխությանը հարմարվելու ինչպիսի՞ ռազմավարություններ են մշակվում տարածաշրջանի երկրների կողմից: Այս հարցերը քննարկվեցին փետրվարի վերջին Թբիլիսիում տեղի ունեցած՝ «Կլիմայի փոփոխությանը հարմարվելու պահանջներն ու հնարավորությունները Հարավային Կովկասում» թեմայով աշխատաժողովի ժամանակ:  

Աշխատաժողովին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու լրագրողներ:

Կլիմայի փոփոխությունը Վրաստանում

Ներկայացնելով կլիմայի փոփոխության հետևանքով Վրաստանում ի հայտ եկած իրավիճակը՝ «Green Alternative» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիամ Դեվիդձեն նշեց, որ Վրաստանի արևելյան հատվածում դիտվում է ջրի պակաս, արևմուտքում հակառակը՝ խոնավության բարձր մակարդակ, առատ տեղումներ, ջրհեղեղներ։ Ըստ նրա, միջազգային կլիմայական ինդեքսի սանդղակում Վրաստանը բավական խոցելի դիրքում է՝ 180 երկրի թվում զբաղեցնում է 101-րդ տեղը: Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի ցածր ռիսկի գոտում են գտնվում։ 

Կլիմայական փոփոխությունների հարցով փորձագետ Մեդեա Ինաշվիլին զեկուցեց, որ 2016 թ․ ջերմոցային գազերի արտանետումները Վրաստանում կազմել են 17 մեգատոննա, որից ածխաթթու գազի արտանետումների ծավալը՝ 9,47 մեգատոննա։ Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թ-ը կրճատել իր ջերմոցային գազերի արտանետումները 15%-ով։ 

Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը

  •   Սև ծովի մակարդակի բարձրացում
  •   Ջերմային ալիքներ
  •   Հողի էրոզիա, աղակալում
  •   Կիսաչոր հողերի անապատացում
  •   Անտառների դեգրադացիա Սվանեթիի շրջանում
  •   Ջրհեղեղների ինտենսիվացում՝ գետերի մակարդակի բարձրացում Կախեթիի շրջանում
  •   Սառցադաշտերի հալոցք
  •   Քամիների ինտենսիվացում

Որպես հետևանք Վրաստանում դիտվում է՝ 

  •   Գյուղատնտեսության արտադրողականության նվազում
  •   Զբոսաշրջության խոչընդոտում
  •   Էներգետիկ համակարգի և տնտեսության վրա ծանրաբեռնվածության մեծացում

Հարմարվողականության ծրագրերը Վրաստանում

Վրաստանում միջազգային կառույցների ֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր են իրականացվել և իրականացվում երկիրը կլիմայական փոփոխություններին հարմարեցնելու նպատակով։ Մասնավորապես, իրականացման փուլում է «Տարաբնույթ վտանգի վաղ նախազգուշացման համակարգի ընդլայնման և կլիմայի վերաբերյալ տեղեկատվության օգտագործումը Վրաստանում» (ՄԱԶԾ) ծրագիրը, իրականացվել է  ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված ծրագիր, ջրային ռեսուրսների վրա երաշտի ազդեցության մոնիթորինգ և գնահատում և այլն։ 

2020 թ նախատեսվող միջոցառումներն են

  •   Հարմարվողականության ազգային պլանի պատրաստում
  •   Ծրագրային փաստաթղթերի մշակում՝ ոռոգման համակարգերի նախագծային առաջարկությունների հիման վրա
  •   Անտառների վերաբերյալ նախագծային փաստաթղթի ավարտում

Կլիմայի փոփոխությունը Հայաստանում

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ջերմոցային գազերի արտանետման «համաշխարհային զամբյուղում» Հայաստանի բաժինը կազմում է 0,014 տոկոս: 

2016թ․ ածխաթթու գազի արտանետումները կազմել են 10 283,94 գիգագրամ։ Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

Կլիմայի փոփոխության  հետևանքները Հայաստանում

  •   Հայաստանում ջերմաստիճանի աճը գլոբալ միջին ցուցանիշից բարձր է: Միայն 1929-ից 2016 թթ-ին միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով (1961-1990 թթ-ի համեմատ):
  •   Հայաստանում տեղումների քանակի նվազում է դիտվել։ Մասնավորապես՝ 1935-2016 թթ․ դրանք նվազել են 9%-ով։
  •   Հայաստանի տարածքի՝ ավելի քան 77,4%-ը անապատացման վտանգի տակ է:
  •   1975-2016 թթ․ ընթացքում 20%-ով ավելացել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների քանակը:
  •   Այսօր Հայաստանի տարածքում անտառային մակերեսը կազմում է 7-10%, մինչդեռ Հայաստանի համար կլիմայական փոփոխությունների տեսանկյունից անտառային մակերեսի օպտիմալ ցուցանիշը 20,1% պետք է կազմի։ 

Կանխատեսումներ՝ ըստ Կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության

  •   Գետի հոսքերի կրճատում 11,9%-ով 2030 թ․, 24%-ով՝ 2070 թ․ և 37,8%-ով՝ 2100 թ․
  •   Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով բերքատվության նվազում
  •   Տեղումների քանակի նվազում և հողի մակերևույթի գոլորշիացման ավելացում
  •   Գյուղատնտեսական հողերի դեգրադիացիա և արտադրողականության նվազեցում
  •   Ալպյան և ենթալպյան արոտավայրերի տարածքների նվազում համապատասխանաբար՝ 19 և 22%-ով, իսկ կիսաանապատային և մարգագետինային տափաստանները`17%-ով
  •   Անտառային էկոհամակարգերը կտուժեն հրդեհների, հիվանդությունների և վնասակար օրգանիզմների մասսայական բազմացման հետևանքով

Հարմարվողականության միջոցառումները Հայաստանում

Կանաչ կլիմայական հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է Հարմարվողականության ազգային ծրագիրը։

Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ իրականացվում են «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում», «Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագրերը:

ՀՀ կառավարության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է «Հայաստանի լեռնային և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվողականության» ծրագիրը:

Կլիմայի փոփոխությունը Ադրբեջանում

Ադրբեջանում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 2017թ․ դրությամբ կազմել է` 44 միլիոն 72 հազար տոննա ածխաթթու գազ, 43 միլիոն 864 հազար տոննա ազոտի օքսիդ և 44 միլիոն 90 հազար տոննա մեթան։ Երկիրը նպատակ է դրել մինչև 2030 թ․ էներգետիկայի, նավթագազային արդյունաբերության, գյուղատնտեսության, թափոնների կառավարման և տրանսպորտի ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումները 1990 թ․ համեմատությամբ կրճատել 35%-ով։

Ադրբեջանում կլիմայական փոփոխությունների հետևանքով ի հայտ եկած խնդիրներ՝

  •   Բնական աղետների ռիսկերի բարձրացում (ջրհեղեղներ, սողանքային գործընթացներ, փոթորիկներ, երաշտ և այլն)
  •   Գյուղատնտեսական բերքատվության կրճատում
  •   Ծովի մակարդակի բարձրացում, ափամերձ հատվածների աղակալում, խմելու ջրի դեֆիցիտ, ձկնապաշարների քանակի և բազմազանության կրճատում
  •   Ծայրահեղ շոգ, տապ
  • Սառցադաշտերի հալոցք և գետերի հոսքերի նվազում 

Այս բացասական հետևանքների կանխման նպատակով Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք քայլեր, այդ թվում՝

  •   Վերականգնվող էներգետիկայի աղբյուրների մասնաբաժնի ավելացում՝

 -  Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 40%-ով

 -  Ամբողջ էներգասպառման համակարգում մինչև 9,7%-ով

    - Կրճատել կորուստները գազաբաշխման համակարգերում

  •   ջրի օգտագործման արդյունավետության բարձրացում բոլոր ոլորտներում 
  •   լրացուցիչ ջրային աղբյուրների ներդրում, հայտնաբերում
  •   ջրի հիդրոլոգիական ցիկլի օգտագործում՝ ներառյալ ստորերկրյա ջրերը
  •   փոքր ՀԷԿ-երի կառուցում լեռնային գետերի վրա 
  •   նոր ջրամբարների կառուցում
  •   Բուսատեսկաների նոր սորտերի ներմուծում, որոնք կարող են համապատասխանել կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության պահանջներին
  •   Բերքի ապահովագրություն` կլիմայական անբարենպաստ ազդեցության հետևանքով ֆերմերներին պատճառված տնտեսական վնասներից պաշտպանելու համար 
  •   Հողի էրոզիայի և աղակալման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականություն և ընդլայնում
  •   Գյուղերում փոքր վերամշակման կայանների ստեղծում `բերքահավաքից հետո վնասված արտադրանքի կորուստը նվազեցնելու համար
  •   Առկա պահեստային օբյեկտների (պահեստներ, սառնարաններ) բարելավում և ընդլայնում՝ բերքահավաքից հետո կորուստները նվազեցնելու համար:
  •   Քաղաքների և հարակից շրջաններում կանաչապատման աշխատանքներ, շենքերում և տրանսպորտային միջոցներում օդորակման համակարգերի տեղադրում:

14:03 Մարտ 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news