Հայաստանը պետք է ստեղծի Քաղաքացիական ներդրումային շրջանառու կանաչ հիմնադրամ

Հայաստանը պետք է ստեղծի Քաղաքացիական ներդրումային շրջանառու կանաչ հիմնադրամ

ԷկոԼուր

Քաղաքացիական հասարակությունը կլիմայի փոփոխության մեղմման եւ ադապտացման գործընթացներում կներգրավվի միայն այն դեպքում, եթե սոցիալական ու տնտեսական  օգուտ ունենա այդ ներգրավումից: Նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի  Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր եւ շահառու» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Ըստ էության, քաղաքացիական հասարակությանը ոչ թե պետք է ներգրավել, այլ այն պետք է լինի պատվիրատուն, որովհետև որքան էլ մենք շահառուներ փնտրենք այս կամ այն կառույցներում,  վերջիվերջո, շահառուն՝ կլիմայի փոփոխության  ազդեցությունը կրողը հասարակությունն է: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր պահանջարկը բավարարելու իրական, նյութականացված լծակներ  ունենա։ Կարևորագույն լծակը` ֆինանսական ռեսուրսներն են: Մենք պետք է նորարարական ֆինանսական մեխանիզմ ստեղծենք, որտեղ քաղաքացիական հասարակությունը կլինի ֆինանսական ռեսուրսների տերն ու տնօրինողը», - ասաց Արամ Գաբրիելյանը։ Նա տեղեկացրեց, որ  2013թ-ի ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունն արձանագրային որոշում ընդունեց, որով հաստատվեց այդպիսի նորարարական ֆինանսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգը: Իսկ 2013թ-ի նոյեմբերի 14-ին մի այլ որոշմամբ կառավարությունն այդ հայեցակարգից  բխող հանձնարարական տվեց՝ «կանաչ  ներդրումային սխեմայի օրինակով բնավճարների միջոցներից քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն»։ 

Հայաստանի դիրքորոշման մեջ, որը սահմանված  է ազգային  մակարդակով սահմանված գործողություններում (INDC)․ 6 հիմնական ուղղություններից մեկը հենց ֆինանսական մեխանիզմն է, որը մենք մեր հայտարարությամբ ստանձնել ենք ստեղծել: Այդ հիմնադրամը հաստատուն հիմունքներով պետք է համալրվի բնավճարների միջոցներից, էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումներից և ածխածնային բնավճարներից,- նշեց Արամ Գաբրիելյանը և եզրափակեց,- Ինչպես նշված է այդ փաստաթղթում, «Ձևավորվող ֆինանսական մեխանիզմը ա/կստեղծի իրական ու գործուն հիմքեր հանրային-մասնավոր վստահելի համագործակցության (PPP) հիմնման ու զարգացման համար և բ/ կապահովի ապագա սերունդների կողմից «կլիմայական ռեսուրսներից օգտվելու» մարդու բնական իրավունքը»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Ապրիլ 14, 2016 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր