Ավստրալիայի հրդեհները՝ մոլորակի շարունակվող աղետը

Ավստրալիայի հրդեհները՝ մոլորակի շարունակվող աղետը

ԷկոԼուր

Տիեզերքից Ավստրալիայի հրդեհների նկարները խոսում են մոլորակի շարունակվող աղետի մասին: Դեռևս ժամանակը չէ ամփոփելու հրդեհների արդյունքները, բայց առայժմ փաստենք, որ անգամ զարգացած երկրի կառավարությունն ի վիճակի չէ հաղթահարելու նման մասշտաբի աղետը: Պետք է գործի դնել ֆինանսական, մարդկային, տեխնիկական հսկայական ռեսուրսներ: 

Աշխարհի լրատվամիջոցները հաղորդում են, որ այրվել է մոտ 10 միլիոն հեկտար տարածք (Բնության համշխարհային հիմնադրամի տվյալներով` այրվել է 6,4 միլիոն հա տարածք): Կրակի մեջ է հայտնվել Ավստրալիայի յուրահատուկ կենսաբազմազանությունը: Կրակի ճիրաններին զոհ է դարձել 480 միլիոն կենդանի: 

Ավստրալիայում կան ավելի շատ էնդեմիկ տեսակներ, քան ցանկացած այլ երկրում: Մեջբերենք Ավստրալիայի վիճակագրական բյուրոյի տվյալները. «Ավստրալիայի կաթնասունների 87%-ը համարվում են էնդեմիկ, ինչպես նաև թռչունների մոտ 45%-ը, անոթային բույսերի՝ 86%-ը, սողունների՝ 93%-ը և երկկենցաղների՝ 94%-ը: Այս էնդեմիկ տեսակները հանդիպում են ոչ միայն ցամաքային միջավայրում. հարավային բարեխառն գոտու ափամերձ ջրերում ձկների մոտ 600 տեսակից 85%-ը հանդիպում են միայն Ավստրալիայի ջրերում: Այս հարստությունը հայտնվել է անհետացման վտանգի տակ:

Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն իրավիճակն էր Սիբիրում, որտեղ այրվեց մինչև 7 միլիոն հեկտար անտառային տարածք: Այրվեց նաև մոլորակի թոքերը կոչվող Ամազոնյան անտառների 7 միլիոն հեկտար տարածքը:

Հայաստանի համար անտառային անգամ շատ փոքր տարածքի կորուստը կարող է դառնալ աղետալի՝ հաշվի առնելով, որ մեր անտառները պաշտպանիչ գործառույթ են իրականացնում ինչպես հողի, այնպես էլ ջրի պահպանման համար՝ չհաշված կենսաբազմազանության պահպանությունը և Հայաստանի առանձնահատուկ դերն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն արձանագրում է Հայաստանում հրդեհների թվի արագ աճը: 2019 թ-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 10.116 հրդեհի դեպք: 2019 թ-ին հրդեհների թվի աճը 2018 թ-ի  հետ համեմատ կազմել է 54,6%:

Ընդհանուր առմամբ, արձանագրված հրդեհների թիվն առավելագույնն է եղել Հայաստանում, եթե դիտարկենք վիճակագրությունը 2003 թ-ից առ այսօր: Պատճառներից մեկը, ըստ փրկարարների, գլոբալ տաքացումն է:

Լուսանկարը՝ NASA-ի

 

15:29 Հունվար 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news