ԷկոԼուր
Բազմաթիվ զարգացած խոշոր երկրներ խոստացել են հասնել ջերմոցային գազերի զգալի կրճատման, պատրաստակամություն են հայտնել ֆինանսական ռեսուրսներ տրամադրել աղքատներին եւ աջակցել կլիմայի փոփոխության հետեւանքներին հարմարվելու միջոցառումներին: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` լրատվամիջոցներին ներկայացնելով Փարիզում տեղի ունեցող Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված COP21 համաժողովի արդյունքները:
Նշենք, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 20C: Այդ շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:
«Ես շատ ոգեվորված եմ կիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովի տված առաջին արդյունքներից: Համաշխարհային առաջնորդներն արեցին այն, ինչ պարտավոր էին անել` ազդակ հաղորդեցին բանակցություններին: …Բարերարներն ու ձեռնարկատերերն իրենց հերթին հանդես են եկել նոր ու հետաքրքիր ներդրումների ու պարտավորությունների ստանձման առաջարկով, դրանց թվում է Բիլ Գեյթսի էներգետիկ կոալիցիա ստեղծելու նախաձեռնությունը»,- ասել է Բան Կի Մունը: Նա նշել է, որ միջազգային հասարակությունն արդեն շատ երկար ժամանակ ապրում է առանց կլիմայի վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի և կոչ է արել շտկել ստեղծված իրավիճակը՝ ընդունելով փաստաթուղթ, որի շնորհիվ աշխարհը կբռնի կայունության, խաղաղության և ծաղկման ուղին:
Փարիզում պետք է ընդունվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի նոր արձանագրություն, որը 2020թ-ից պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը, եւ երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ` թույլ չտալու ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ավելի:
Դեկտեմբեր 04, 2015 at 19:32