Արարատյան դաշտավայրում հողերն աղակալել ու ճահճացել են. մասնագետն ահազանգում է

Արարատյան դաշտավայրում հողերն աղակալել ու ճահճացել են. մասնագետն ահազանգում է

Tert.am

«Անապատացման դեմ պայքարում նախ պետք է գյուղացին, բնօգտագործողը ունենա համապատասխան գիտելիքներ՝ հողի և նրա հետ աշխատանքների նվազագույն գիտելիքներ»,- հուլիսի 30-ի ասուլիսին նշեց «Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը։

Ըստ նրա՝ անապատավտանգավորության աստիճանն ամենից բարձր է ծովի մակերևույթից 900-1400 մ բարձրության վրա։

«Առավել անապատավտանգ են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ ջրի գերսակավությունը պատճառ է դառնում ղռերի՝ քարքարոտ, մշակման համար անպիտան, և չոր՝ հումուսով աղքատացած հողերի տարածմանը»,- նշեց Խոյեցյանը՝ հավելելով, որ դրան մեծապես նպաստում է սխալ գյուղատնտեսական և բնապահպանական ռազմավարությունը։
«Յուրաքանչյուր մենատնտես իր փոքրիկ հողակտորում ինքն է հողօգտագործող։ Հողակտորների մասնատման արդյունքում, օրինակ, Արարատյան դաշտում մի քանի տասնյակ տնտեսության փոխարեն ստեղծվեցին հարյուրավոր-հազարավոր տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը փորձեց իր համար հորատանցք բացել, ջուր հանել։ Հիմա գրունտային ջրերի մակարդակը բարձրացել է, և արդյունքում առաջնային աղակալված հողերին ավելացան մեծ քանակով արդեն երկրորդային աղակալված հողեր»,- նշեց նա։

Խոյեցյանը հավելեց, որ Արարատյան դաշտավայրում՝ «տիպիկ կիսաանապատ», աղակալված հողերի կողքին հիմա կան ճահիճներ՝ «անօգտագործելի աղակալված հողերի կողքին նորից անօգտագործելի ճահճացած հողեր»։

Ըստ նրա՝ ամենուրեք խոսում են գյուղատնտեսության վատագույն վիճակի մասին, մենք արդեն անապատացման արդյունքների հետ գործ ունենք։ «Մեր հսկայական տարածքների վրա դեռ իրականացվում է պապենական առվական ոռոգման ձևը. բաց է թողնվում ջուրը, մի մասը կորում է, հոսում, ճահճացնում, աղակալմանը նպաստում. ավելի շատ վնասում է այդ ջրելը, քան օգուտ տալիս»,- ասաց Խոյեցյանը։

Մասնագետը նշեց, որ այս տարիներին իրականացվել է միայն երկու ծրագիր՝ 70 հազար դոլարի սահմաններում իրականացվել են Գառնու նոր ոռոգման համակարգի ներդրման և Տավուշի մարզում սողանքների դեմ պայքարի ծրագրերը, ինչը «մի ավազահատիկ է անհրաժեշտների շարքում»։ «Պետական բյոուջեից լուրջ որևէ ֆինանսավորում չեմ հիշում, որով որոշակի ծրագիր իրականացվեր»,- ասաց նա

Հայաստանն անապատանում է
Tert.am

«Անապատացում բառը երբեմն մարդկանց մոտ առաջացնում է վախ, սակայն այն պետք է տեսնել իր զարգացման մեջ և մշակել կանխարգելիչ միջոցառումներ»,- հուլիսի 30-ի ասուլիսին նշեց «Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը։

«Եթե սրանից 50-60 տարի առաջ պատերազմի սպառազինությունների խնդիրն էր, ապա այսօր մարդ-բնություն հարաբերությունների հիմնախնդիրն է, որի մեծ բաղադրիչ է անապատացումը»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն տարի ավելի քան 50 մլրդ դոլարի վնաս է կրում մարդկությունը անապատացման հետևանքով։

Ըստ մասնագետի՝ էկոհամակարգերի աղքատացումը բերում է այդ տարածքներում ապրող մարդկանց տնտեական ու սոցիալական վիճակի վատթարացման, իսկ դա էլ հիմք է դառնում քաղաքական լարվածությունների համար։ «Երբ անապատացման զարգացումն ուսումնասիրում ես, տեսնում ես, որ ի սկզբանե այն պիտի լիներ աղքատ երկրների պրոբլեմ, բայց ի վերջո այն դարձավ նաև զարգացած երկրների խնդիր, որոնք այսօր դրանով բավական շահագրգռված են։ Աղքատ երկրների բնակչության խավը, լցվելով զարգացած երկրներ, այնտեղ ստեղծում է հավելյալ խնդիրներ»,- ասաց նա։
Աշոտ Խոյեցյանը նշեց, որ անապատացման դեմ պայքարի ռազմավարության ծրագրին 1997թ-ից անդամակցում է նաև Հայաստանը, սակայն պետբյուջեից այս ոլորտի որևէ ծրագրի համար լուրջ ներդրում չի արվում։
«Չոր-ցամաքային գոտում գտնվելով, նաև մեր տեղական առանձնահատկությունները, խիտ բնակեցվածությունը, լեռնայնությունը, անասունների գերարածեցումը և այլն խորացնում են այս խնդիրը»,- ասաց նա։

Հայաստանում, ըստ Խոյեցյանի, բնակչության շուրջ 80%-ը ենթարկված է անապատացման պրոցեսի, որից ավելի քան 30%-ը առավել խիստ անապատացման վտանգի առջև է։ «Այն, որ մենք չոր երկիր ենք, բնությունից է, սրան գումարվում է մարդու ազդեցությունը՝ հողերի անպլանային մշակումը, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը, լանջերի մասնատվածությունը, հովտաձորակային և մարդու ոչ հաշվենկատ օգտագործումը, բերել են հողերի դեգրադացման։ Մինչդեռ մենք, հաշվի առնելով, որ բնությունից նման պայմաններ են մեզ տրված, պիտի համապատասխան ռազմավարությամբ կանխենք այդ պրոցեսը»,- ասաց նա։

13:35 Օգոստոս 02, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news