«Ամուլսարի վերաբերյալ շատ նոր բան չեմ կարող ասել». ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանի ելույթից՝ ԱԺ-ում

«Ամուլսարի վերաբերյալ շատ նոր բան չեմ կարող ասել». ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանի ելույթից՝ ԱԺ-ում

ԷկոԼուր

«Քաղաքականությունը, որը հիմա մշակվում է շրջակա միջավայրի նախարարության կողմից, վերաբերվում է ոլորտում ամբողջ մոտեցումների վերանայմանը, որը համահունչ է Եվրոպական միության քաղաքականությանը: Մասնավորապես, եթե Հայաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում շրջակա միջավայրի քաղաքականությունը հիմնված էր փոխհատուցման վրա, այսինքն, վճարեք, աղտոտեք, օգտագործեք, ի տարբերություն եվրոպական բնապահպանության քաղաքականությանը, որը հիմնված է կանխարգելման վրա: Մասնավորապես, բնապահպանական պատասխանատվության հրահանգը, որը մեր հիմնական փաստաթուղթն է՝ ի թիվս բազմաթիվ հրահանգների, շեշտը դրվում է կանխարգելման վրա: Ինչպիսի օրենսդրություն մշակվի, ինչպիսի ինստիտուցիոնալ մոտեցումներ տրվեն, որպեսզի աղտոտումը, օգտագործումը վնաս չպատճառի քաղաքացիներին, շրջակա միջավայրին, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակում»: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում շրջակա միջավայրի մասնաբաժնին, Գրիգորյանը նշեց. «Մենք մոտարկում ենք մի քանի տասնյակ դիրեկտիվներ, և ճանապարհային քարտեզով նախատեսված է մոտ 100 հարյուր գործողություն, որոնցից 80-ը կիրականացնի շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ 20-ը մեր մյուս գործընկերների հետ համատեղ: Նախնական հաշվարկներով՝ մոտարկման աշխատանքների համար մեզանից կպահանջնվի մոտ 60 միլիոն եվրո գումար: 2020 թ-ի համար 25 քսանհինգ գործողություն է նախատեսված, որոնցից 10-ից ավելին վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության հետ կապված գործառույթներին: Այդ ամբողջ փաթեթն արդեն մշակված, շրջանառված և ներկայացված է կառավարություն»:

«Հայաստանի Հանրապետությունը ջերմոցային գազերի արտանետումների մասով մեծ կշիռ չունի համաշխարհային արտանետումների ծավալում, սակայն տարածաշրջանում համարվում է չորրորդ ամենախոցելի երկիրը կլիմայի փոփոխության հետևանքով: Հայաստանում արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1.3 աստիճանի բարձրացում և տեղումների 9 տոկոս նվազեցում: Սա նշանակում է, որ մենք արդեն կրում ենք կլիմայի փոփոխության ազդեցությունը: Մենք ունենք ազգային ադապտացիոն ծրագիր, որի շրջանակներում բոլոր ոլորտների համար մշակվելու է ճանապարհային քարտեզ», - նշեց Էրիկ Գրիգորյանը: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց. «Շատ կարևոր է կանխարգելումը, ոչ թե՝ աղտոտիր, ծախսիր: Հիմա մենք Ամուլսարի հետ կապված ո՞ր կետում ենք գտնվում՝ այդ կառավարման տրամաբանությունից ելնելով»:

Ի պատասխան Էրիկ Գրիգորյանն ասաց. «Ամուլսարի վերաբերյալ շատ նոր բան չեմ կարող ասել: Կարող եմ նշել այն կետերը, որ մենք նշել էինք ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով: Մեր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են»:

19:11 Փետրվար 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news