Նոր հարթակ՝ կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով զբաղվող կանանց համախմբելու նպատակով

Նոր հարթակ՝ կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով զբաղվող կանանց համախմբելու նպատակով

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով զբաղվող կանանց համախմբելու նպատակով ստեղծվեց նոր հարթակ դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած «Հայաստանում կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» համաժողովի ժամանակ:

Համաժողովը կազմակերպել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի  Կլիմայի փոփոխության ծրագրերի աջակցությամբ։ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և թեև նրանք հաճախ կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են անհամաչափ ազդեցության, այնուամենայնիվ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է՝ քաղաքականության մշակման գործընթացներում սահմանափակ մասնակցության և որոշումների կայացման մակարդակում ցածր ներկայացվածության պատճառով: Այժմ ավելի քան երբևէ կլիմայական գործողություններին վերաբերող քննարկումներում կանանց մասնակցության և առաջնորդության ընդլայնումն ունի կարևորագույն նշանակություն՝ բոլորի համար առողջ, բարգավաճ և կայուն ապագա ապահովելու նպատակով:  Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը»: 

Համաժողովը բաղկացած էր երեք պանելային քննարկումներից: Առաջին քննարկմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՄԱԶԾ Կանանց հզորացման և գենդերային հավասարության ծրագրի համակարգող Նատալիա Հարությունյանը: Նրանք ընդգծեցին կանանց դերը կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացում: Անդրադարձան այն ինստիտուցիոնալ և վարքագծային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ է կատարել կանանց այդ գործընթացներում ներգրավելու նպատակով:

Երկրորդ քննարկումը  նվիրված էր կլիմայի և էներգետիկայի ոլորտի հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձացված խնդիրներին: Որոնք են այն պատճառները, համաձայն որոնց կլիմայական գործողություններում անհրաժեշտ է կանանց մասնակցությունը, և ինչ գործունեություն պետք է ծավալեն երիտասարդ կանայք այս ոլորտներում: Այս թեմաների շուրջ ելույթ ունեցան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,  «Կանաչ Արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանը:

Երրորդ քննարկումը նվիրված էր երիտասարդ կանանց՝ կլիմայի և էներգիայի ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացներում արդյունավետ մասնակցությանը: Քննարկմանը մասնակցեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության զարգացման ծրագրերի բաժնի պետ Գայանե Կոլյանը, «ՖԱՍՏ» հիմնադրամի ներկայացուցիչ, երիտասարդ գիտնական Աստղիկ Հակոբյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Բարսեղյանը, «Էկո Ստեպ-արևային էներգիայի լուծումներ» ընկերության համահիմնադիր Մարիամ Կաչաչյանը և այս երեք քննարկումների ամենից երիտասարդ մասնակիցը՝ Այրում համայնքի «ԿԱԹԻԼ» նախաձեռնության ղեկավար, 17-ամյա  Ծաղիկ Կարոյանը: 

«Մենք նպատակ ունենք աջակցելու և միավորելու էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում գործունեություն ծավալող կանանց և երիտասարդներին ՝ ստեղծելով նման հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտային հիմնախնդիրները, կառաջարկվեն լուծումներ, կհիմնվեն համագործակցություններ և, այս տարբերակով, մասնակից կդառնանք հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներին»,- ասաց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը:

Լուսանկարը՝ ՄԱԶԾ Հայաստան-ի ֆեյսբուքյան էջից

14:48 Դեկտեմբեր 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news