Երևանի քաղաքապետարանը մտադիր է «կանաչեցնել» մայրաքաղաքը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է «կանաչեցնել» մայրաքաղաքը

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Կանաչ քաղաքի գործողությունների պլան» ծրագիրը: Ծրագրի հայտարարված նպատակն է`ունենալ էկոլոգիապես մաքուր քաղաք`մաքուր օդով, ջրով, կանաչ տարածքներով, «կանաչ» արդյունաբերությամբ, տրանսպորտով, թափոնների խելացի կառավարմամբ և բարձր էներգաարդյունավետությամբ: Ծրագիրը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի միջոցով։

«Կանաչ քաղաքի» գործողությունների ծրագիրը ներառում է ելակետային վիճակի քարտեզագրում, բնապահպանական մարտահրավերների առաջնահերթությունների սահմանում, Երևանի ընդհանուր տեսլականը 2030թ-ի համար, միջնաժամկետ և երկարաժամկետ (ռազմավարական) թիրախներ, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ գործողություններ՝ առաջնահերթություններով դասակարգված։
Հունիսի 16-ին տեղի ունեցան ծրագրի 3-րդ հանրային քննարկումները: Մթնոլորտային օդի առումով նշվեց, որ ամենից մտահոգիչը Երևանի օդում փոշու մեծ կոնցենտրացիաներն են և օդի որակի որակի մասին տվյալների տվյալների սահմանափակ և անհուսալի լինելը:

Ծրագրով առաջարկվում է ստեղծել օդի աղտոտման ինտերակտիվ առցանց քարտեզ` հիմնված օդերևութաբանական տվյալների և անշարժ ու շարժական աղբյուրներից արտանետումների տվյալների վրա: Կստեղծվի օդի որակի մշտադիտարկման և օդի աղտոտման մոդելավորման ինտեգրված համակարգ:

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ կան որոշակի թերություններ մոնիտորինգի համակարգում` կապված ինչպես կայանների անբավարար քանակի հետ, այնպես էլ կապված տվյալների հավաստիության գնահատման հետ: …Քաղաքապետարանը, ինչպես ընդունված շատ եվրոպական քաղաքներում, կարող է ունենալ իր սեփական մոնիտորինգի համակարգը»,- ասաց ծրագրի փորձագետ Մարտիրոս Ծառուկյանը:

Ըստ փորձագետ Դշխուհի Սահակյանի` առաջարկվում է «Կանաչ քաղաքի իրազեկման կենտրոն»-ի հիմնում, որի գործառույթներից մեկը կլինի կենսաբազմազանության և էկոհամակարգերի վերաբերյալ հանրային տվյալների շտեմարանի ստեղծումը։ Հանրությունը նաև իրազեկ կլինի զարգացման օրինաչափություններին և քաղաքի կայուն կենսաբազմազանության կարիքներին: Կզարգացվի գործակցությունը գիտաուսումնական հաստատությունների, ՀԿ-ների և քաղաքապետարանի միջև։ Նախատեսվում է կանաչ տարածքների ավելացում՝ մինչև 10մ2/շնչին, սակայն առկա հողերի վիճակը և ոռոգմանը ցանցի առկայությունը սահմանափակում է իրականացման հնարավորությունը:

Ծրագիրն անդրադառնում է չկանոնակարգված կառուցապատմանը: Առաջարկվում է իրականացնել Երևանի կենտրոնում հետագա հնարավոր շինարարության սահմանափակումների գնահատում: Կկազմվի Երևանի հնարավոր աղտոտված տարածքների` լքված արդյունաբերական տարածքների մանրամասն հաշվառման ցուցակ:

«Ըրնսթ և Յանգ» ըկերության կողմից ծրագրի ղեկավար տիկին Անդրեա Չիռլիչովայի համաձայն` «Կանաչ քաղաքի» ծրագրի հաջող իրականացման դեպքում հասարակական տրանսպորտից կանոնավոր կերպով օգտվողների թիվը մինչև 2030 թվականը կհասնի 75%-ի։ Հասարակական տրանսպորտի 90%-ը կաշխատի այլընտրանքային վառելիքով, 35%-ը` էլեկտրականությամբ և ջրածնով: Երևան քաղաքը կսահմանի էլեկտրատրանսպորտի սատարման միջոցառումներ և կստեղծի լիցքավորման կայանների ցանց (ԷՄՄՍ): Մայրաքաղաքը կունենա 50 կմ հեծանվագոտի 100,000 բնակչի հաշվով։
Երևանի «Կանաչ Քաղաքի» գործողությունների ծրագրի ազգային թիմի համակարգող Աստղինե Պասոյանը նշեց, որ Ծրագրի թիրախն է Երևանում 2030 թ-ին հասնել CO2-ի արտանետումների 30% կրճատման՝ 2012թ. ելակետի համեմատ, որին հնարավոր է հասնել շենքերի և արտաքին լուսավորության համակարգում էներգաարդյունավետության միջոցառումների և վերականգնվող էներգիայի օգտագործման խթանման միջոցով:

Փորձագետ Տիգրան Սեկոյանը նշեց, որ ծրագրով առաջարկվում է հիմնել «Մաքուր արտադրության» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա փորձագիտական կենտրոն, որին կդիմեն արդյունաբերական ձեռնարկությունները, երբ ցանկանան անցնել մաքուր արտադրության: Արդյունաբերական ընկերությունների հետ կկնքվեն էներգաաուդիտների կամավոր համաձայնագրեր: Ընկերությունները կամավոր կստանձնեն միջոցառումների իրականացում՝ բարելավելու իրենց տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը` կրճատելով էներգասպառումը և դրան առնչվող SO2-ի, ջերմոցային գազերի և այլ աղտոտող նյութերի արտանետումները:

Չեխական «Գեոթեսթ» ընկերության փորձագետ Բորիս Ուրբանեկը մասնավորապես նշեց, որ, ծրագրի համաձայն, 2030թ-ին քաղաքային կոշտ թափոնների վերամշակման ցուցանիշը կկազմի 30%-ից ավելի, այլ թափոնների համար՝ 60%-ից ավելի։

Շվեդական «ՍՎԵԿՈ» ընկերության փորձագետ Թոմաշ Մախաչը մասնավորապես նշեց, որ 2030 թ-ին չհաշվառված ջրի ծավալը կնվազի` 73%-ից հասնելով 50%-ի:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը մի շարք հարցադրումներ բարձրացրեց` ջրային ռեսուրսների գնահատման և հետագա սպառման ծավալների համար բավարարության վերաբերյալ, Երևանի գլավոր հատակագծի հետ համապատասխանության անհրաժեշտության, քաղաքային ենթակառուցվածքների ֆիզիկական և առողջական ներգործությունների վերաբերյալ։ Թիմի անդամները նշեցին, որ, ցավոք, Ջրային տնտեսության պետական կոմիտեում Երևանի համար նմանատիպ գնահատում չի արվել ոչ քանակական, ոչ որակական։ Զգալի բացեր կան նաև հողերի և ջրերի աղտոտման արդիական և հասենելի տվյալների հետ կապված, առկա չէ մարդու առողջության վրա քաղաքային տնտեսության ներգործության քանակական որևէ համապարփակ և հասանելի գիտական հետազոտություն։ Հանրային լսումների և շահագրգիռ գերատեսչությունների դիտողությունների հիման վրա լրամշակված «Կանաչ քաղաքի» գործողությունների ծրագրի նախագիծը նախատեսվում է ներկայացնել չորրորդ հանրային քննարկման 2-3 ամսվա ընթացքում, իսկ 2017թ.` ներկայացնել Երևանի նորընտիր ավագանու դատին։

16:11 Հունիս 22, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news