43 օր ջրազրկված Վերին Շենգավիթ 11 փողոցը ջուր ունեցավ

43 օր ջրազրկված Վերին Շենգավիթ 11 փողոցը ջուր ունեցավ

ԷկոԼուր

43 օր ամբողջությամբ ջրազրկված Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 11 փողոցի խնդիրը վերջապես լուծվեց, բնակիչները ջուր ունեցան: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Վերին Շենգավիթ 11 փողոցը ամբողջությամբ ջրազրկված էր: Բնակիչները պատմել էին, որ «Երևան Ջուրը» Մանթաշյանում նոր ջրագիծ անցկացնելով, հինը չէր միացրել ջրագծին։  Ամիս ու կես ջուր չունենալու արդյունքում փողոցում ստեղծվել էր հակահիգիենիկ վիճակ: «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ամբողջ փողոցի ջուրը միացրել են, և իրավիճակը արդեն կարգավորվում է: Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները տևեցին 25 օր: Սկզբնական շրջանում անգործություն էր, սակայն Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակից հետո նրանք ակտիվացան», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Անահիտ Խրոյանը՝ նշելով, որ եթե աշխատանքները հենց սկզբնական շրջանում տարվեին նման ակտիվ կերպով, մարդիկ այդքան չէին տառապի, հարցն էլ վաղուց լուծված կլիներ:

Նշենք, որ նոր ջրագծի անցկացման շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսերը հոգացել են բնակիչները, իսկ աշխատանքային բրիգադը ապահովել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ն:

Այս պահին միակ խնդիրը քանդված փողոցն է, սակայն, բնակիչների խոսքով, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը խոստացել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ասվալտապատման աշխատանքներն անպայման կկատարեն:

Սեպտեմբեր 30, 2014 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր