Ապրիլի 13-ին մեկնարկում է «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը

Ապրիլի 13-ին մեկնարկում է «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը

ԷկոԼուր

2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում տեղի կունենա «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը: Այն իր շուրջ կհամախմբի ավելի քան 70 ակտիվիստների Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից, որոնք կկիսվեն քաղաքացիական արշավների իրենց փորձով, կներկայացնեն հաջողված ու ձախողված օրինակներ, ինչպես նաև կքննարկեն մարդու իրավունքներին ու շրջակա միջավայրին առնչվող հարցեր, կխոսեն անկախ մեդիայի առջև ծառացած խնդիրներից և այնպիսի արդիական հարցերից, ինչպիսիք են ապատեղեկատվությունն ու պրոպագանդան: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Բարքեմփի շրջանակում Հարավային Կովկասի տարբեր փորձառու և նորաստեղծ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի ոլորտում, հնարավորություն կունենան դիտարկելու համագործակցության նոր հնարավորություններ ու հարթակներ: Բացի բանախոսներից՝ իրենց փորձառությամբ կիսվելու հնարավորություն կունենան նաև Բարքեմփի մասնակիցները: Բարքեմփի 3 օրերի ընթացքում նախատեսված են ավելի քան 15 դասախոսություններ, վարպետաց դասեր ու քննարկումներ:

«Քաղաքացիական բարքեմփն իր ձևաչափով եզակի է Վանաձորում և կարևոր քայլ է Հարավային Կովկասում քաղաքացիական համերաշխության ձևավորման ուղղությամբ՝ ընդդեմ տարածաշրջանում դրսևորվող ավտորիտար միտումների»,- ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Քաղաքացիական Բարքեմփ-Վանաձոր 2018»-n անցկացվում է «Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության ընդլայնում» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ (Դրամաշնորհ թիվ 19792): Բարքեմփի շրջանակներում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Չեխիայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների հետ:

15:06 Ապրիլ 09, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news