Բնակիչ՝ Ստեփանավանի 90-տոկոսը փայտով է տաքանում

Բնակիչ՝ Ստեփանավանի 90-տոկոսը փայտով է տաքանում

ԷկոԼուր

«Հայաստանում այսօր նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Մարդիկ կան` 30-35 հազար դրամ են ստանում, և այսքան փոքր գումարով մարդիկ պետք է այսքան բարձր գներով վճարեն գազի և էլեկտրաէներգիայի դիմաց…այդ սակագները խայտառակություն են…մեր քաղաքն այսօր դատարկվում է, ուղղակի դատարկվում» - «էկոԼուր»-ին Ստեփանավան քաղաքի սոցիալական վիճակը նկարագրեց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող, «Լոռե» Էկո-ակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն` Ստեփանավանն ունի 17.681 բնակիչ: Մանյա Մելիքջանյանը նշում է, որ հազիվ 10.000 բնակիչ մնացած լինի: Նրա խոսքով` բնակիչների 10 տոկոսն է, որ կարող է իրեն թույլ տալ ձմռանը ջեռուցման համար օգտագործել գազ կամ էլեկտրաէներգիա: Մնացած 90 տոկոսը ձեռք է բերում փայտանյութ տեղի անտառներից:

«Օրինակ, մեր ընտանիքը փայտ չի օգտագործում, օգտվում է գազից և էլեկտրաէներգիայից, ընդամենը մեկ սենյակ տաքացնելով, ամսական վճարում է 30.000 դրամ: Բայց մեր նման շատ քիչ ընտանիքներ կան: Մեծ մասն անցել են փայտի, որովհետև փայտն ավելի էժան է, փայտի հետ նաև աթար են վառում: Եթե մեկ սենյակ են տաքացնում, տարեկան 5-6 խմ փայտը բավարարում է, իսկ եթե մեկ սենյակից ավել են տաքացնում, ավելի շատ է պետք: Փայտը օգտագործում են նաև կենցաղում, ճաշ եփելու ժամանակ: Հատկապես գյուղերում անգամ ոչ ձմռանը փայտի վառարանի վրա են ճաշ եփում», - ասաց Մանյա Մելիքջանյանը:

Ստեփանավան քաղաքի բնակիչները փայտանյութ ձեռք են բերում Ստեփանավանի անտառտնտեսությունից, 1 խմ փայտի համար վճարում են 12.000-15.000 դրամ: Այս անտառտնտեսությունից են օգտվում ևս 19 համայնքներ: Ստեփանավանի անտառտնտեսության անտառկառավարման պլանի համաձայն` վառելափայտի տարեկան պահանջարկը գնահատվում է 20.000 խտ. խմ:

 

17:51 Հունվար 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news