էկոԼուր
Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը չի կատարում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը և շարունակում է Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի շինարարությունը:
Հոկտեմբերի 24-ին տեսչական մարմինը որոշում էր ընդունել դադարեցնել գործարանի շինարարությունը: Պարզվել է, որ ընկերությունը նավթավերամշակման գործարանը կառուցում է` առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: «ԱրմՕյլ»-ը պարտավորեցվել է գործարանի կառուցման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատում և փորձաքննության իրականացնել:
Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչներից ԷկոԼուրը տեղեկացավ, որ գործարանի շինարարությունը շարունակվում է: «Որոշում էր ընդունվել դադարեցնել շինարարությունը, բայց այն դեռ շարունակվում է: Եթե այդ գործարանը կառուցեին ոչ բնակելի վայրում, մենք կողջունեինք, բայց կառուցում են մեր թաղամասում: Մենք տեղյակ չենք բոլոր ռիսկերից, բայց գիտակցում ենք, որ մեզ համար դա վտանգավոր է, հատկապես պայթյունների տեսանկյունից», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղվարդի «Նատի» թաղամասի բնակիչը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին փոխանցեցին, որ տեղյակ են շինարարության մասին ահազանգին և այժմ ուսումնասիրում են իրավիճակը: «Մենք տեղեկացել ենք www.armtimes.com կայքում տեղադրված տեսանյութից, ֆիքսել ենք այն որպես ահազանգ: Այժմ ուսումնասիրում ենք տեսանյութը, որից հետո կիրականացնենք մեր գործառույթները», - հայտնցեց բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն:
Հոկտեմբեր 27, 2017 at 14:40