ԷկոԼուր
Ուխտասար, Շաքիի ջրվեժ, «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձան, Որոտնավանք...սրանք այն տեսարժան վայրերն են, որոնք զբոսաշրջիկներին տանում են դեպի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան: Բացի պատմամշակութային ժառանգությունից, տարածաշրջանն առանձնանում է նաև իր հարուստ բնաշխարհով՝ գետերով, որոնք պատկանում են Որոտան գետի ավազանին, բնական աղբյուրներով, կենդանական աշխարհով: Որոտանի կիրճում է գտնվում «Տաք ջուր»-ը՝ Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը:
Տեղացիների համոզմամբ՝ տուրիզմը Սիսիանում ունի զարգացման մեծ պոտենցիալ, հատկապես արկածային տուրիզմը: Սիսիան քաղաքում գործող «Բասեն» հյուրանոցային համալիրի տուրիզմի գծով մենեջեր Հասմիկ Ասատրյանի համոզմամբ՝ այստեղ տուրիզմի զարգացման գլխավոր խոչընդոտն աղբն է:
«Պատմական հուշարձաններից Որոտնավանքը գտնվում է հենց այն ճանապարհի վրա, որտեղ քաղաքի հիմնական աղբավայրն է: Աղբը չի տեսակավորվում, աղբի վերամշակում չկա, այրում են, ավելի թունավորում միջավայրը, և դա արվում է անմիջապես Որոտան գետի ափին: Զբոսաշրջիկներին այնտեղ ուղեկցելիս մենք ստիպված ենք լինում այլ ճանապարհով տեղ հասնել, բայց հետդարձի ճանապարհին այդ տեսարանից խուսափել չի լինում, չգիտեմ հյուրերի աչքերը ոնց փակեմ, որ չտեսնեն:
Մեկ այլ օրինակ՝ Շաքիի ջրվեժը: Ամեն անգամ ամաչում եմ Շաքի գնալուց, զբոսաշրջիկներին փորձում ենք տանել այն ժամանակ, երբ մաքուր է լինում, բայց այդպես քիչ է լինում: «Տաք ջուր» ընդհանրապես չենք գնում, որովհետև այնտեղ աղբանոց է», - ԷկոԼուրի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց Հասմիկ Ասատրյանը: «Երազում եմ Սիսիան, որտեղ ամբողջ բնակչության ջեռուցումն կապահովվեր աղբից վերամշակված վառելիքով», - հավելեց նա:
Հաջորդ խնդիրը կապված է Ուխտասարի ժայռապատկերների հետ: «Զբոսաշրջիկներին ամենաշատը փորձում ենք տանել Ուխտասար, որտեղ կան ժայռապատկերներ, հրաբխային կոներ, որոնք այսօր հազվադեպ երևույթ են աշխարհում: Բայց հիմա Ուխտասարում շատ մեծ խնդրի առջև ենք կանգնած. երկու անասնապահական ֆերմա եկել և հաստատվել է մշակույթային այնպիսի մեծ ժառանգության կենտրոնում, որի մասին աշխարհում յուրաքանչյուր երկիր կերազեր: Ահազանգել ենք Հուշարձանների պահպանության կոմիտե, ոստիկանություն: Պարզվում է՝ այդ ոչխարի հոտը կարող է այդտեղ գտնվել: Կոմիտեն պահպանության տակ է վերցրել ընդամենը 1000 ժայռապատկեր, իսկ իմ նշած տարածքում կա 7500 քար, դրանց վրա՝ 11.000 ժայռապատկեր: Այդ ժայռապատկերները շատ հեշտ վնասվում են, դրանք գնալով վերանում են», - ասաց Հասմիկ Ասատրյանը:
Վերջինս անդրադարձավ նաև տեսարժան վայրերի սեփականաշնորհման հարցին՝ նշելով, որ պետությունը պետք է փորձի հնարավորինս «իր ձեռքում» պահել այն ռեսուրսը, որը կբերի եկամուտ և չի պահանջի մեծ ծախսեր:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Սեպտեմբեր 05, 2017 at 17:27