ԷկոԼուր
Կոմիտաս 39 hասցեի ծառերը չորանում են ոռոգման համակարգի չգործելու պատճառով: Այս մասին էկոԼուրին պատմեց Կոմիտասի պ. 39 շենքի բնակիչ 81-ամյա Միշա Մադոյանը, ով ծառերը փրկելու համար ստիպված ջուրը դույլերով է հասցնում: Տարածքում կան խաղողի վազեր, ծիրանենիներ և խնձորենիներ: Ծառերի մի մասը ջրի պակասի պատճառով չորացել է և հատվել, իսկ մյուս մասը փորձում է փրկել Միշա Մադոյանը:
«30 տարվա խողովակ է, կոռոզիայի ենթարկված, փտած, շարքից դուրս եկած: 2012 թ-ից դիմումը տվել ենք, ոչ մի արդյունք չկա, ծառերն էլ չորանում են: Ափսոս են: Ես ինչքա՞ն դույլերով ջուր կրեմ, որ այս ծառերը փրկեմ: Արդեն 10 տարի դույլերով եմ ջրում, որ իմ դրած ծառերը չչորանան, արդեն հոգնել եմ, ինչքա՞ն կարելի է էսպես տանջվել»,- ասաց Միշա Մադոյանը: Բնակչի խոսքով՝ 1964թ-ից խողովակներն ընդամենը մեկ անգամ են փոխել, իսկ հիմա տարածքում ընդհանրապես ջուր չկա: Այսքան տարիների ընթացքում Արաբկիրի թաղապետարանից, որտեղ բազմիցս դիմել է, ընդամենը մեկ անգամ են եկել և առաջարկել են, որ աշխատանքների համար բանվորներին բնակիչները վարձեն իրենց կողմից, ինչին բնակիչները չեն համաձայնել: Միշա Մադոյանը արդեն հույսը կտրել է թաղապետարանից և դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Խնդրում եմ Տարոն Մարգարյանին` մի անգամ բարեհաճի գա և տեսնի Կոմիտաս 39 շենքի բակի դրությունը»,- ասաց Մ. Մադոյանը՝ նշելով, որ նույն վիճակը տիրում է նաև Կոմիտաս պ. 41 շենքի տարածքում:
Օգոստոս 04, 2014 at 15:00