Երևանում հնարավոր հեղեղների հարցը քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարությունում

Երևանում հնարավոր հեղեղների հարցը քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարությունում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ կրկին ընդգրկվել էր Գետառ և Հրազդան գետերի սելավատարների և Ավանի վարչական տարածքում գտնվող Երևանի սելավընդունիչների հարցը: Ամփոփելով նախորդ նիստում գիտական հաստատությունների մասնագետների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների արդյունքները` Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ խնդրի բազմակողմանի դիտարկման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ծանոթանալ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դիրքորոշմանը:
Հարցի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մոտեցումները ներկայացրել են խորհրդի նիստին հրավիրված Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը և Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դաշյանը: Ա. Միսակյանը տեղեկացնելով, որ ձմռան ամիսներին որոշ հատվածներում գրանցվել են նորմայից մի քանի անգամ ավել տեղումներ, հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում մի շարք գետերում, այդ թվում` Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է անել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ տվյալներ կլինեն մոտեցող տաք օդային հոսանքների ու դրանց ուղեկցող ինտենսիվ անձրևների մասին: Ա. Դաշյանը հայտնել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և ներկայացրել է առաջարկներ հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Բանախոսներն իրենց ելույթներում արձանագրել են հնարավոր հեղեղումների բարձր ռիսկը:

Նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով խնդրին հիմնարար և համակարգային լուծում տալը, միաժամանակ օրախնդիր է համարել ներկայում ստեղծված իրավիճակին և հնարավոր ռիսկերին օպերատիվ արձագանքելու ու կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Այս նպատակով հասարակական խորհուրդը որոշել է դիմել գործադիրին` միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու առաջարկով, որում պետական մարմիններից զատ կառաջարկվեն նաև ընդգրկել Երևանի քաղաքապետարանի մասնագետներին, ոլորտի գիտնականներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին /միջազգային փորձը ներկայացնելու նպատակով/: Խորհուրդը որոշել է դիմել նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ տարածքային զարգացման և կառավարաման նախարարությանը` իրականացնելու իրավիճակին համահունչ օպերատիվ միջոցառումներ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

«Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանը ներկայացրել է Էկոլոգիական օրենսդրության զարգացման առաջնահերթությունները: Բանախոսը թվարկել է էկոլոգիական օրենսդրության առանձնահատկությունները և հայտնել, որ կան բնապահպանական առանձին ոլորտներ, որոնք օրենսդրորեն կարգավորված չեն: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է մասնագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել անհրաժեշտ օրենքների ցանկը, ինչի ուղղությամբ հետագայում կծավալվեն հետևողական աշխատանքներ:

Օրակարգային երրորդ հարցի շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է գայլերի թվաքանակի կարգավորման այլընտրանքային գիտական մոտեցում, ինչը նվազագույնի կհասցնի որսալու միջոցի կիրառումը: Նախաձեռնությունը հավանության է արժանացել բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից: ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է մոտեցումը գրավոր ներկայացնել, որպեսզի կազմակերպվի մասնագիտական քննարկում` նրա արդյունավետությունը գնահատման և առկա իրավիճակում մեթոդի կիրառման նպատակահարմարությունը որոշելու համար:

Այս մասին տեղեկացում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

17:10 Մարտ 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news