Հանրային տրանսպորտը կվերագործարկվի, փողոցում և հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Հանրային տրանսպորտը կվերագործարկվի, փողոցում և հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

ԷկոԼուր

Կառավարությունը մտադիր է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը, բացել առևտրի կենտրոնները: Իսկ մայիսի 25-ից պարտադիր կլինի փողոցում և փակ տարածքներում դիմակ կրելը։  Այս մասին ս․թ․ մայիսի 18-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները: Սակայն շեշտեմ, որ սահմանափակումների բոլոր թուլացումները ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնելու է համապատասխան տույժերի և տուգանքների: Մեր գործարար համայնքը կանոնները պահելը պետք է դիտարկի որպես մրցակցային առավելություն, քանի որ պատասխանատու կազմակերպությունը զերծ է մնում պատասխանատվության ենթարկվելուց և իր աշխատակիցների վարակվելուց, և արդյունքում գործունեությունը որոշակի ժամանակով դադարեցնելուց»,- հայտնեց փոխվարչապետը:

Նա նշեց, որ հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, ինչպես նաև՝ բացօթյա պատմամշակութային վայրերը:

Ըստ Տիգրան Ավինյանի` մայիսի 25-ից պարտադիր դիմակ կրելու պահանջը խախտողները կտուգանվեն Ոստիկանության աշխատակիցների կողմից։ Միևնույն ժամանակ, փոխվարչապետն ընդգծեց, որ դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված:

«Քաղաքացիներին հորդորում եմ, որ գործատուներից պահանջեն առողջապահական կանոնների պահպանում, իսկ չպահպանման դեպքում՝ ահազանգեն իրավապահներին: Մեր համար առանցքային է մարդու առողջությունը, ուստի արժեբանական քննարկումներն անտեղի են: Շահարկվում է հարցը, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը քաղաքացու վրա է բարդում: Նման ձևակերպումները մանիպուլյացիա են: Կառավարությունը ձեռնարկում է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, բայց այս պայքարը հանրային լայն սոլիդարություն է պահանջում: ՀՀ-ն կհաջողի, երբ ամեն նախարար, բժիշկ, ոստիկան ու քաղաքացի գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը»,- ասաց Տիգրան Ավինյանը:

17:39 Մայիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news