Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի կանաչապատման իր ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի կանաչապատման իր ծրագրերը

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել մայրաքաղաքի կանաչապատման իր ծրագրերը: Քաղաքապետարանի հաղորդագորության համաձայն՝ Սարալանջի շուրջ 12 հա տարածքի կանաչ գոտու վերականգնման նախագիծն իրագործելու համար այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում. կառուցվում է ոռոգման համակարգը: Նախատեսվում է տարածքը ոռոգել կաթիլային եղանակով: Ոռոգման համակարգի անցկացումից հետո տարածքը հնարավորինս կհարթեցվի, և աշնանը կմեկնարկի ծառատունկը:

«Այստեղ կիրառվելու են տարբեր մոթոդներ: Կլինեն մշտադալարներ, նաև թփեր՝ հողային շերտը պաշտպանելու համար, իսկ այն հատվածներում, որտեղ հնարավոր է, ուղղաձիգ կանաչապատում կլինի, նաև մագլցող ծառատեսակներ: Ընտրել ենք այնպես, որ սեզոնային հերթափոխով ծաղկում ունենանք: Այստեղի ճիշտ կանաչապատումը կնպաստի Երևանի միկրոկլիմայի մեղմմանը»,- ասել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վերականգնել նաև Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքները: Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման համար նույնպես այժմ նոր ցանց է անցկացվում:

«Ծիծեռնակաբերդի ընդհանուր տարածքը մոտ 100 հա է, որից 8. 5 հա պատկանում է Երևան համայնքին: 2019 թվականից նախաձեռնել ենք իրականացնել ծառատունկ: Այստեղ արդեն բջջաշիվային էտ է արվել, 100 մեքենայից ավելի շինաղբ տեղափոխվել: Պետք է նաև ոռոգման ցանց ունենանք այդտեղ»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Մոտավորապես 65 կմ ոռոգման ցանց վթարային վիճակում է գտնվում: 2020 թ․ նախատեսվում է վերականգնել վթարային խողովակները, որը թույլ կտա հետագայում ընդլայնել ցանցը: Փոքր ծավալով ունենք նաև ցանցի ընդլայնում: Նախատեսում ենք նաև ունենալ խորքային հորեր»,- ասել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Այն տարածքները, որտեղ առայժմ ոռոգման ցանց չկա, ջուր կստանան «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկի ջրատար մեքենաների միջոցով։ Իսկ ոռոգվող տարածքներն արդեն համալրվել են նոր բույսերով ու ծառերով:

2019թ-ին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը տնկել է շուրջ 250.000 թուփ, 800 ծառ։ «Տնկել ենք սակուռաներ, սզնիներ, գնդաձև կատալպաներ, իլենիներ և մի շարք այլ ծառատեսակներ ու թփեր»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվին Գրիգորյանը:

«Քաղաքային ջերմոցներից քաղաքի գեղագիտական տեսքը կապահովեն նաև ծաղկային ձևավորումները, բայց ոչ մեծ ծավալներով: Առողջ ու խնամված կանաչ տարածքներ ունենալու համար կանաչապատման հիմնարկը ձեռք է բերել նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր: Խոտհնձիչներն անցնում են առաջին փորձարկումը: Համայնքային հիմնարկի աշխատակիցների խոսքով այն մոտ 4 անգամ ավելի արդյունավետ է և խնայող:
Քաղաքի ծառերի առողջությամբ էլ կզբաղվի Հայաստանում առաջին ու առայժմ միակ սրսկիչ, բայց նաև բազմաֆունկցիոնալ նոր մեքենան: Այն կարող է մինչև 30մ հեռավորության փչել, նաև պտտվել 180 աստիճան:

Կանաչապատմամբ ու շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող համայնքային հիմնարկը տարածքների խնամքի համար առաջիկայում կառաջարկի նոր լուծումներ: Նոր գաղափարներն իրագործելու համար համայնքային հիմնարկը քաղաքն ու բնությունը սիրող ու աշխատանք փնտրող քաղաքացիներին սիրով հրավիրում է համալրել իրենց մեծ թիմը: «ՀՈԱԿԻ միջոցով մենք նաև առաջին անգամ Հայաստանում ինստիտուցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերենք աղբի տեսակավորմանը»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Այս տարի կբարեկարգվեն ու կկանաչապատվեն մի շարք այգի-պուրակներ, կվերականգնվեն կանաչ գոտիներ: Համայնքային իշխանությունն ակնկալում է նաև քաղաքացիների աջակցությունը՝ խնամքով վերաբերվել ու պահպանել կանաչ տարածքները, որպեսզի այսօր արվող աշխատանքի արդյունքներն առաջիկա տարիներին գեղագիտական հաճույք ու բարվոք միջավայր ապահովեն քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,- մասնավորապես նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 

12:41 Մայիս 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news