Երևանի բնապահպանական խնդիրների լուծման նպատակով ստեղծված կառույցը մեկնարկեց աշխատանքները

Երևանի բնապահպանական խնդիրների լուծման նպատակով ստեղծված կառույցը մեկնարկեց աշխատանքները

ԷկոԼուր

Երևանի բնապահպանական խնդիրների լուծման նպատակով ստեղծված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ազդարարում է գործունեության մեկնարկի մասին և քաղաքացիներին հրավիրում համագործակցության:

Այս մասին ՀՈԱԿ-ը հայտնում է պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով, որտեղ էլ հրապարակվելու է իրականացվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը:

«Կազմակերպության գործունեության հիմքում` Երևանի երբեմնի կանաչ տարածքների վերականգնումն է և եղածի պահպանումը: Արտերկրից հրավիրված և տեղի արհեստավարժ մասնագետները մեկ գլխավոր նպատակ ունեն` Երևանի կանաչապատում, կանաչ տարածքների պահպանություն և քարտեզագրում, խնամք, մաքրում, ոռոգում, աղբի տեսակավորում: Կազմակերպությունը կատարելու է նաև վերամշակման ենթակա կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների ընդունում:

Համոզված ենք` համատեղ աշխատանքով և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքով կունենանք մեր երազանքի մայրաքաղաքը:
Պատրաստակամ ենք լսել ու քննարկել ցանկացած մտահոգություն, խնդիր և առաջարկ», - նշված է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Առաջիկայում կգործարկվի նաև ՀՈԱԿ-ի թեժ գիծը:

Հիշեցնենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ստեղծվեց 2019 թ-ի վերջին: ՀՈԱԿ-ը կունենա մոտավորապես 750 աշխատակից, ևս 200 հոգի հնարավորություն կունենա սեզոնային աշխատանք ունենալու: Աշխատակիցների աշխատավարձն էլ նախկինի համեմատ մոտ 2.5 անգամ ավելին կլինի, ինչը հնարավորություն կտա ներգրավել որակյալ մասնագետների: Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ:

 

13:27 Հունվար 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news