Նոր տարին կդիմավորենք նոր տոնածառով

Նոր տարին կդիմավորենք նոր տոնածառով

Սառա Հարությունյան` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Երևանում արդեն նախատոնական շունչ և տրամադրություն է տիրում: Իսկ հետաքրքրությունը դեպի Ամանորը էլ ավելի է մեծացել քաղաքում. ամանորյա հրաշքներն այս տարի կդիմավորենք նոր տոնածառով, որի տեղադրման աշխատանքներն մեկնարկել են դեկտեմբերի 2-ից:

Տոնածառն ունի 37մ բարձրություն ( գագաթի հետ միասին): Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից: Տոնածառը զարդարված կլինի 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով:

Երևանի քաղաքապետարանի կողմից պատրաստված նախատոնական այս անակնկալը սակայն միաձայն չընդունվեց հանրության կողմից:

Դժգոհություն առաջացրեց տոնածառի գինը՝ 71 միլիոն դրամ (մոտ 140 000 դոլար ): Ոմանք կարծում են, որ Հայաստանի տնտեսությունն ու բյուջեն ծանր վիճակում են, և մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ, իսկ ոմանք էլ մեծ ոգևորությամբ են ընդունում նոր տոնածառ ունենալու փաստը՝ պարզաբանելով՝ արդեն հոգնել էին նախկին միօրինակ տոնածառից: Պատկերն ամփոփելու համար մենք հարցում անցկացրինք երևանցիների շրջանում:

Երևանցիները` նոր տոնածառի մասին

- Իհարկե շքեղ ու ճոխ տոնածառ բոլորն են ուզում, բայց պետք է ոտքներս մեր վերմակի չափ բաց անենք: Կարծում եմ մեզ նման զարգացող երկիր ունեցողների համար այդպիսի թանկարժեք տոնածառ ունենալը մեր խնդիրների ցուցակում ամենավերջին տեղն է զբաղեցնում: Կարող էինք բավարարվել նաև էժան տոնածառով:

- Տոնածառն արհեստական է, ենթադրում եմ, որ այն միայն այս տարի չի օգտագործվելու: Այսինքն, մյուս տարիներին ևս այն կզարդարի քաղաքը: Կարծում եմ ավելի լավ է մեկ անգամ թանկը գնել, քան ամեն տարի՝ էժան: Մնում է, որ գեղեցիկ զարդարված լինի և ամենակարևորը՝ ճաշակով:

- Եթե հարուստ երկիր լինեինք, իհարկե, թող այդպիսի թանկ տոնածառ գնեին: Բայց Հայաստանի պես աղքատ տնտեսություն ունեցող երկրի համար չափազանց մեծ ծախս է 71 միլիոնը: Կան ավելի կարևոր խնդիրներ ու պրոբլեմներ, որոնք կարող էինք լուծել այդ գումարով: Կարող էին մանկատներին, կամ աղքատ ընտանիքներին տալ գումարի մի մասը, իսկ մյուսով ավելի էժան տոնածառ գնել:

- Հետաքրքիր ազգ է մեր ազգը: Հիշում եմ, երբ ամեն տարի նույն տոնածառն էին դնում, բոլորը բողոքում էին: Հիմա տոնածառը փոխում են, էլի բողոքում են: Խնդիրներ միշտ էլ կան, բայց պետք է հիշել, որ երկրում ոչ բոլոր ընտանիքներն են աղքատ: Նրանք էլ ցանկանում են ճոխ ու գեղեցիկ տոնածառ ունենալ: Ոմանք իրենց երեխաների հետ մարզից գալիս են Երևան, որ տոնածառը տեսնեն: Կամ դպրոցական էքսկուրսիաներ են կազմակերպում, վերջապես զբոսաշրջիկների համար նաև հետաքրքիր կլինի այս անգամ նոր ու տարբերվող տոնածառ տեսնել: Կարծում եմ երբեմն-երբեմն պետք է նաև նման ճոխություններ թույլ տալ մեզ:

- Ամանորյա հրաշքը միայն նոր տոնածառ ունենալը չէ: Դա սովորական տոնածառ է, որ ուղղակի փայլում է: Եթե տոնածառը մի փոքր անշուք լինի, ոչինչ էլ չի փոխվի: Իսկական ամանորյա հրաշք կլիներ, երբ այդ գումարը հատկացվեր անապահով ընտանիքի երեխաներին կամ մանկատան երեխաներին նվերներ գնելու համար: Այդ ժամանակ նրանք կսկսեին հավատալ ամանորյա հրաշքներին : Ինձ համար ավելի լավ է՝ գոնե մեկ օր երեխաների աչքերում փայլ տեսնել, քան ճոխ ու շքեզ տոնածառ՝ Հանրապետության հրապարակում:

- Ինչ հիշում եմ, Երևանի տոնածառը նույնն էր, ոչինչ չէր փոխվում: Արդեն ձանձրացած էին գրեթե բոլորը անճաշակ ու միանման տոնածառերից: Չեմ ժխտում, որ 71 միլիոն դրամը թանկ է, բայց պետք է նաև տոնական տրամադրություն ստեղծել մարդկանց համար: Ինչ-որ բան փոփոխել, նորություն ու թարմ շունչ էր պետք, որը հուսով եմ այս Ամանորին կլինի:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 71 մլն դրամը միայն տոնածառի և խաղալիքների արժեքն է: Իսկ տասներեքօրյա ամանորյա միջոցառումների ծախսերն առանձին են, և դեռ հայտնի չէ, թե ինչքան կկազմեն: Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին, որին կհաջորդեն տոնական միջոցառումները: Դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացվի ամենամյա Santa Run մրցույթը: Իսկ դեկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ` մասնակից դառնալ քաղաքում անցկացվող թեմատիկ ամանորյա զբոսանքին:

Ամանորյա հեքիաթները սկսվում են…

Լուսանկարները` Սառա Հարությունյանի

13:14 Դեկտեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news