ԷկոԼուր
Երևանի Աջափնյակ համայնքի Պարսեղով 40 հասցեում վթարված ջրագիծն ի վերջո վերանորոգվել է բնակիչների կողմից, ԷկոԼուրին փոխանցեց տեղի բնակչուհին:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 9-ին ԷկոԼուրն ահազանգ էր ստացել, որ Երևանի Պարսեղով 40 հասցեում վթարվել է ջրագիծը: 10 օր շարունակ ջուրն անդադար հոսել է փողոցով և անգամ լցվել տները: Բնակիչներն ահազանգել էին թե «Երևան ջուր» ընկերությանը, թե Երևանի քաղաքապետարան, սակայն ապարդյուն: Արձագանք համապատասխան կառույցների կողմից եղավ միայն նրանից հետո, երբ խնդրի վերաբերյալ հրապարակումներ հայտնվեցին մամուլում:
«Ահազանգի հրապարակումից երկու օր հետո մեզ մոտ եկան թաղապետարանի ներկայացուցիչները: Թաղապետարանի միջնորդությամբ հաջորդ օրը եկան «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչները ու փակեցին մագիստրալը, որպեսզի բնակիչները կարողանան վերանորոգել վթարված ջրագիծը: Դա տևեց ընդամենը ժամեր: Եթե նրանք ժամանակին արձագանքեին, օրեր շարունակ ջրի նման մեծ կորուստ տեղի չէր ունենա», - ասաց տեղի բնակչուհին:
Նշենք, որ «Երևան ջուր» ընկերությունը հրաժարվել էր իր միջոցներով վերանորոգել վթարված ջրագիծը՝ պատճառաբանելով, որ այն պատկանում է մասնավոր բնակչի:
Նոյեմբեր 27, 2015 at 15:05