«Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողով՝ Լոռիում

«Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում»   խորագրով համաժողով՝ Լոռիում

ԷկոԼուր

Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվելիք այս համաժողովի նպատակն է ներկայացնել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացման, այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ և ներկայացնել հանրությանն ու դոնորական համայնքին։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը նշում է. «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանը ունի լավագույն պայմաններն՝ այլընտրանքային նորարար ուղղությունների զարգացման և էկո-սոցիալական գաղափարական հենքի վրա համայնքների համաչափ զարգացումը խթանելու և սոցիալական խնդիրները լուծելու համար։ Տարածաշրջանը և մարդիկ ունեն պոտենցիալ՝ տարածաշրջանում զարգացնելու սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունն էկոտուրիզմի, ագրոտուրիզմի, գաստրոտուրիզմի, հյուրընկալման, հատապտուղների վերամշակման, գոյւղամթերքների մշակման և այլ ոլորտներում։ Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը կարող է դառնալ սոցիալական ազդեցության և համայնքային զարգացման կարևորագույն գործիքը, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում։ Տարածաշրջանի այլընտրանքային զարգացման տեղական մոդելները կհանգեցնեն տարածաշրջանի բնակիչների և համայնքների տնտեսական անկախությանը»։

Երկօրյա համաժողովին կմասնակցեն սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ, Լոռու մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալավերդի, Ախթալա, Ճոճկան, Շնող, Թեղուտ, բնակավայրերի բնակիչներ:

Համաժողովին կարելի է հետևել «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

13:52 Հունվար 21, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news