Երևանի կենդանաբանական այգու տնօրենը դիմել է իրավապահներին` իրեն զրպարտելու համար

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը դիմել է իրավապահներին` իրեն զրպարտելու համար

Արմանուշ Գևորգյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

«Իմ նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ քաղաքապետ է փոխվում, բարձրանում է նման ալիք՝ փոխել տնօրենին: Բողոքողները հիմնականում բիզնես շահեր են հետապնդել: Ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով: Այդ մարդիկ ժամանակին կենդանաբանական այգին օգտագործում էին սև շուկայից ձեռք բերված կենդանիների թղթաբանությունը մաքրելու համար»,- հայտարարեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնով նոյեմբերի 17-ին այգու մոտ տեղի ունեցած բողոքի ակիցային:

Խոսելով Կենդանաբանական այգու և իր կողմից ղեկավարվող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխկապակցվածության մասին` Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ 2011 թ-ից ի վեր հիմնադրամի աշխատանքի շնորհիվ կենդանաբանական այգուն նվիրաբերվել է 200 միլիոն դրամի ծառայություն՝ ապրանքի և գումարի տեսքով։

Նա նաև անդրադարձավ նաև նոյեմբերի 13-ին Երևանի կենդանաբանական այգում զեբրի անկման դեպքին: Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի պարունակություն։ «Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբրի արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ, կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով», - ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևանի կենդանաբանական այգու ներկայիս և նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կենդանաբանական այգու մոտ և պահանջում էին կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը:

Կենդանաբանական այգու տնօրենը սուտ անվանեց բողոքի ակցիայի ժամանակ հնչած մեղադրանքները: Նա ասաց, որ դիմել է իրավապահներին` իրեն զրպարտելու համար: Առաջարկեց սպասել, թե իրավապահների, թե Երևանի քաղաքապետարանի ստուգման արդյունքներին: «Եթե հանկարծ պարզվի, որ ես ինչ-որ տեղ թերացել եմ իմ աշխատանքում, կամ անօրեն գործողություն եմ իրականացրել, ես պատրաստ եմ իմ մեղքի բաժինը կրելու»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Նոյեմբեր 20, 2018 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր