Սյունիքում մուֆլոնի և քարայծի որսագողության կադրերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ փաստերը ճշտելու համար

Սյունիքում մուֆլոնի և քարայծի որսագողության կադրերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ փաստերը ճշտելու համար

ԷկոԼուր

Մարտի 17-ին www.syunikonline.am կայքը հրապարակել է «Վայրի կենդանիների սպանդ» վերնագրով նյութ, որտեղ տեղադրված էին որսագողության կադրեր՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի և քարայծի լուսանկարներով: Տեղեկատվությունը կայքին տրամադրել է Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:

«Սարսափելի այս կադրերը, հավանաբար, որսագողության տիպիկ օրինակներ են: Չնայած տարածքները դեռ ճշգրտվում են, սակայն Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ՝ ամենայն հավանականությամբ, մուֆլոնը գտնվել է  «Զանգեզուր» պետական  արգելավայրի տարածքում, քարայծը՝ «Արևիկ» ազգային պարկում», - նշված է www.syunikonline.am կայքում: Աշոտ Ավագյանի փոխանցմամբ՝ լուսանկարները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային տեսչությանը և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի և Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կողմից իրավապահ մարմիններին ուղարկվել են պաշտոնական գրություններ՝ լուսանկարներում պատկերված տեղանքը և փաստը ճշտելու և որսագողության փաստը հաստատվելու դեպքում բնության հասցված վնասը հաշվարկելու համար:

19:42 Մարտ 18, 2016


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news