ԷկոԼուր
«Աշխատավորների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն (WORKERS' RIGHTS PROTECTION UNION”), որն իր ներկայացուցչությունն ունի նաեւ Գերմանիայում, նամակով դիմել է KfW գերմանական զարգացման բանկին, որում առաջարկում է բարձրացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման եւ զարգացման ծրագրի թափանցիկությունը` խուսափելու կոռուպցիոն ռիսկերից: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի KfWբանկի ներկայացուցիչներ,
«Աշխատավորների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը (“WORKERS' RIGHTS PROTECTION UNION”), որն ունի իր ներկայացուցչությունը Գերմանիանում, հույս ունի, որ այն խնդիրների ըմբռնումը, որոնք կապված էն Հայաստանում KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի հետ, կհանգեցնի բնապահպանական և սոցիալական ռիսկերի նվազեցմանը:
Խոսքը նախ և առաջ վերաբերում է Սյունիքում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին: 2014թ. սկսած մեր կազմակերպությունը զբաղվում է տվյալ հարցի մոնիտորինգով` «Հայաստանի հարավում սոցիալական և էկոլոգիական խնդիրների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը` մոտավորապես 70 000 հեկտար տարածքով, ստեղծվել է ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականին: Այն իր մեջ ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր», «Խուստուփ», «Բոգաքար», «Սև լիճ» և «Սոսիների պուրակ» պետական արգելավայրերը: Փաստացի, համալիրը ստեղծվել է KfW գերմանական զարգացման բանկի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում, որը խոստացավ տրամադրել 8.25 միլլիոն եվրո համալիրի ստեղծման և զարգացման համար:
Մոնիտորինգի արդյունքում մեր կողմից բացահայտվեցին հետևյալ խնդիրները.
- «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման խնդիրը,
- «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրը,
- ՀՀ կառավարության և KfW գերմանական զարգացման բանկի գործունեության թափանցիկության խնդիրը` կապված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի զարգացման հետ,
- «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման և զարգացման գործընթացում տեղական համայնքների իրազեկման և ներգրավվածության խնդիրը,
- Հանքարդյունաբերական ընկերությունների և փոքր ՀԷԿ-երի գործունեության ազդեցության գնահատման խնդիրը, որոնք գործում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և բուֆերային գոտում:
Նշենք, որ շահերի բախումը հանքարդյունաբերական ընկերությունների, էներգետիկ բիզնեսի հետ մի կողմից և հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի հետ մյուս կողմից արտացոլված են հետևյալ փաստերում:
Սյունիքում հանքարդյունահանման իրավունք տրված է 43 հանքավայրերի, այդ թվում` 11 մետաղական հանքավայրի, իսկ երկրաբանական հետախուզության իրավունք տրված է 29 հանքավայրերի, այդ թվում` 29 մետաղական հանքավայրի: Սյունիքում գետերի վրա կառուցված է 31 փոքր ՀԷԿ, կառուցվում է ևս 12 -ը, ինչպես նաև գործում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրը: Ընդ որում լիցենզիաներ տրված են այն ընկերություններին, որոնց գործունեությունն իրականացվում է և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և բուֆերային գոտում: Թույլտվության փաստաթղթերի տրման ընթացքում բնապահպանական փորձաքննության գործընթացը մակերեսային է իրականացվել, փորձագետների և հասարակության կարծիքները գոյություն ունեցող ռիսկերի վերաբերյալ անտեսվել են, ինչպես նաև անտեսվել են անհերքելի փաստեր: Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարությունը վստահեցնում է, որ Տաշտունի ոսկու բազմամետաղային հանքավայրը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններից դուրս: Այնուամենայնիվ, մինչ օրս ազգային պարկի սահմանները հաստատված չեն ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կողմից: Հետևաբար, ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունը` Տաշտունի հանքավայրի վերաբերյալ, կորցնում է իր իմաստը: Ավելին, մտահոգություն կա, որ «Արևիկ» ազգային պարկի սահմանները կարող են զգալիորեն փոքրացվել հենց նրա համար, որպեսզի Տաշտունի հանքավայրը, ինչպես նաև այլ մետաղական հանքավայրեր, որոնց վերաբերյալ պատրաստվում են թույլտվության փաստաթղթեր, չմտնեն ազգային պարկի տարածքի մեջ: Նշենք, որ WWF-Հայաստանի անկախ փորձագետների նախնական գնահատմամբ, Տաշտունի հանքավայրի շահագործման նախագծի տարածքի 40%-ը մտնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ:
Ուշադրություն ենք դարձնում նաև այն բանի վրա, որ բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանների հաստատման գործընթացն անց է կացվում ծայրահեղ գաղտնի պայմաններում, ինչի մասին վկայում է համայնքներում տիրող վիճակը, որոնք զրկված են տեղեկացված լինելու հնարավորությունից, թե ինչ սահմաններում նրանք իրավունք ունեն իրականացնելու իրենց գործունեությունը և ինչ սահմաններում են նրանք ենթարկվում բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմին:
Հիմնական խնդիրն այն է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում գործընթացները մեծամասամբ ենթարկվում են քաղաքական որոշումներին, որոնք բխում են այս կամ այն ընկերությունների շահերից, կամ էլ որոշումներ կայացնող անձանց անհատական շահերից: Իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության իրատեսական գնահատականն այդպես էլ չի տրվել:
Հաշվի առնելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի բարձր արժեքը, որպես աշխարհի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող վայրերից մեկը, համարում ենք, որ այդ հատուկ պահպանվող տարածքի ստեղծման և զարգացման համար տրամադրված ֆինանսական բոլոր միջոցները պետք է ծախսվեն նպատակային` բացառելով կոռուպցիոն ռիսկերը, բարձրաստիճան անձանց անհատական շահագրգռվածությունը, որոնք իրենց հերթին ազդում են որոշումների կայացման վրա: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման և զարգացման գործընթացն առաջարկում ենք դարձնել թափանցիկ և հաշվետու, և բոլոր այն ծախսերի մասով, որոնք ուղղված են տվյալ գործունեությանը, իրականացնել գործընթացի մշտական մոնիտորինգ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ներառյալ պետական կառույցները, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման համար ֆինանսական միջոցներ տրամադրող դոնոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, բնակչությունը, քաղաքացիական հասարակությունը»:
Հուլիս 08, 2015 at 16:28