ԲՀՊՏ-երի և անտառների խնդիրները` Ազգային ժողովում

ԲՀՊՏ-երի և անտառների խնդիրները` Ազգային ժողովում

ԷկոԼուր

Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ելույթի ժամանակ նշեց, որ ներկայում Հայաստանում ԲՀՊՏ-երի ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս տարածք, իսկ միջազգային ստանդարտներով այն պետք է կազմի առնվազն 17 տոկոս:

«Մեր հիմնական թիրախը բնության և շրջակա միջավայրի պահպանությամբ տնտեսական և սոցիալական արժեք ստեղծելուն միտված քաղաքականությունը պետք է լինի: ԲՀՊՏ-ն այն համակարգն է, որը թույլ է տալիս կայուն օգտագործման սկզբունքով ապահովել զարգացում` տնտեսական, սոցիալական շահերի և էկոլոգիական սահմանափակումների հստակ հավասարակշռմամբ:

Հարկավոր է ընդլայնել հատուկ պահպանվող տարածքները, կանոնավոր դարձնել դրանց պահպանության համակարգը: Սա նշանակում է, որ մենք պետք է իրականացնենք նոր ԲՀՊՏ-եր ստեղծելու ծրագրեր: Այսօր ունենք նախագծված «Ջերմուկ», «Տաթև» ազգային պարկերը: Մասնավոր բիզնեսը ևս ցանկանում է մասնակցել այդ գործընթացներին, և նման նախաձեռնություն ցուցաբերել է նաև Գագիկ Ծառուկյանը», - ասաց բնապահպանության նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԲՀՊՏ-երի ամենամեծ ֆինանսավորողը պետբյուջեն է: 2017 թ-ին ԲՀՊՏ-երի համար հատկացվել է 1.5 միլիարդ դրամ, որից 800 միլիոնը` պետբյուջեից:
Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և էկոլոգիական ցանցի ստեղծման ուղղությամբ: Կենսոլորտային պահպանավայրը` հատուկ պահպանվող տարածքների կառավարման նոր մոդել է, որը մտադիր են կիրառել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այն ենթադրում է պահպանության երեք գոտի` կենտրոնական, որտեղ հսկողությունը լինելու է խիստ, անցումային գոտի, որտեղ թույլատրվում է ռեսուրսների օգտագործում, և ազատ գոտի, որտեղ սահմանափակումներ չեն լինելու:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն անդրադարձավ այն 13 արգելավայրերին, որոնք գտնվում են «Հայանտառ»-ի պահպանության տակ: Նա նշեց, որ մինչ 2014 թ-ը այդ տարածքներում էական աշխատանքներ չեն կատարվել: Միայն 2014 թ-ից սկսվեցին մշակվել այդ տարածքների անտառկառավարման պլանները: Պետրոսյանը շեշտեց, որ անտառկառավարման պլանների մշակման ժամանակ խնդիրներ են առաջանում￿ համայնքների հետ վարչական սահմանները ճշտելու: Կան անտառածածկ տարածքներ, որոնք մնացել են համայնքներին որպես ոչ անտառածածկ, և դա լուրջ խնդիր է: Ռուբեն Պետրոսյանի խոսքով` 2019 թ-ին պատրաստ կլինեն գրեթե բոլոր անտառկառավարման պլանները, որոնցում ներառված կլինեն նաև հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքները` նշելով, որ Հայաստանում կա առաջընթաց հատուկ պահպանվող տարածքների թե քանակի, և թե կարողությունների առումով:
Ըստ Մանվելյանի` այսօրվա դրությամբ առաջին խնդիրn օրենսդրությունն է: Նա նշեց, որ դեռ 2013 թ-ին մշակվեց ԲՀՊՏ-երի մասին նոր օրենքը, բայց մինչև օրս այդ օրենքը դեռ չի հաստատվել Ազգային ժողովի կողմից: Երկրորդը` կառավարման խնդիրն է: Կարեն Մանվելյանի կարծիքով` ԲՀՊՏ-երը պետք է ունենան միացյալ կառավարման համակարգ:

Բնապահպանության նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունները ԲՀՊՏ-երի ոլորտում: «Առաջին քայլը պատասխանատվության խստացումն է, որը կարող է բավականաչափ շտկել իրավիճակը: Դրա հետ կապված Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում նախաձեռնել ենք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որով նախատեսում ենք Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայկացուցիչների ապօրինի ձեռք բերման, ոչնչացման, անտառհատումների հետ կապված պատասխանատվության միջոցներն առնվազն կրկնապատկել ողջամտության սահմաններում:

Պատճառված վնասի հետ կապված նախաձեռնել ենք վնասի հատուցման ինստիտուտի վերանայում ԲՀՊՏ-երում: Ներկայում ԲՀՊՏ-երում, երբ կենդանական և բուսական աշխարհին վնաս է պատճառվում, ամբողջ գումարը, որը վնասի չափի հնգապատիկն է, ուղղվում է պետբյուջե: Նախաձեռնել ենք օրենքի նախագիծ, որով նախատեսում ենք հնգապատիկից առնվազն քառապատիկը ուղղել տվյալ ԲՀՊՏ-ի, անտառների խնդիրների լուծմանը, իսկ միապատիկը` պետբյուջե», - ասաց Խաչատուր Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր ելույթում անդրադարձավ Կարմիր գրքի կենդանիների որսի և անազատ պայմաններում պահվող կենդանիների խնդրին: Պատգամավորը նշեց, որ պետք է դիմել ամենածայրահեղ քայլերի այդ երևույթները բացառելու համար:

Անդրադառնալով անտառհատումների խնդրին, Լենա Նազարյանն ասաց. «Այսօր ոչ ոք չի հավատում ոստիկանին, անտառապահին: Այս անվստահությունը հետևանք է երկար տարիների ապօրինի ծառահատումների: Չնայած ծառահատումների ահռելի քանակի, վարչապետը հայտարարում է` «պետք է տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները»: Սա նշանակում է, որ եթե չենք կարողանում պահպանել անտառը, եկեք հարկային դաշտ բերենք, գոնե փող կաշխատենք անտառից: Ավելի անտրամաբանական կառավարում բնական պաշարների դժվարանում եմ պատկերացնել», - ասաց Լենա Նազարյանը:

Հարցին արձագանքեց նախարար Արծվիկ Մինասյանը. «Այսօր փաստացի օրինական հատումների ծավալը համարվում է 25-29 հազար խմ, մինչդեռ հանրապետությունում վառելափայտի ներքին սպառումը սկսվում է 700 հազար խմ-ից, առանձին հետազոտություններ նույնիսկ մինչև 2 միլիոն խմ են գնահատում: Վարչապետի հանձնարարականը եղել է հստակ. եթե կան անօրինական հատումներ, որոնք ներգրավված չեն այս 25-29 հազարի խմ-ի մեջ, կամ եթե չեն համապատասխանում կամ համապատասխանում են օրինական հատումների հնարավոր թույլատրելի մեծությանը` սա որոշեք»:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ներկայում անտառի ոլորտում բարեփոխումների ակտիվ շրջան է, որդեգրված է մոտեցում, ըստ որի անտառային համակարգն ամբողջությամբ պետք է գտնվի բնապահպանության նախարարության կառավարման ներքո:

19:36 Նոյեմբեր 29, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news